Ինչի՞ շուրջ է բանակցել Մանուշակ Պետրոսյանը նախագահի աշխատակազմի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռևս մի քանի ամիս առաջ Հայ ազգային կոնգրեսի երբեմնի ակտիվ անդամներից մեկը` Մանուշակ Պետրոսյանը, հեռացել էր Հայաստանից և բնակություն հաստատել Սոչիում: 168.am-ի տեղեկություններով, տիկին Պետրոսյանն այնտեղ զբաղվում է շինարարական բիզնեսով: Օրեր առաջ տեղեկացանք, որ Մ. Պետրոսյանը վերադարձել է Հայաստան, և որոշեցինք նրան մի քանի հարց ուղղել. մասնավորապես` ինչպե՞ս ստացվեց, որ տիկին Պետրոսյանը հայտնվեց Սոչիում, ինչո՞վ է նա զբաղվում այնտեղ, և ամենակարևորը` ի՞նչ միջոցներով է նա այնտեղ զբաղվում շինարարական գործունեությամբ:

Բանն այն է, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո նրա եղբոր շինարարական ընկերությունը, որն ըստ էության ընտանեկան բիզնես էր, հայտնվել էր չափազանց վատ վիճակում: Այն աստիճանի վատ, որ ԴԱՀԿ ծառայությունը կալանք էր դրել ընկերության գույքի, այդ թվում` շինարարական տեխնիկայի վրա:

Սակայն տիկին Պետրոսյանը համառորեն հրաժարվեց պատասխանել մեր թղթակցի որևէ հարցի:

2011թ. հոկտեմբերի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը 8 կետից կազմված մի պահանջագիր ներկայացրեց իշխանություններին և հայտարարեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա նստացույց է կազմակերպում Ազատության հրապարակում: Նստացույցին զուգահեռ՝ այդ պահանջների բավարարման ուղղությամբ իշխանությունների հետ բանակցելու համար նա որպես բանակցող նշանակեց Մանուշակ Պետրոսյանին: «ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին»,- Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ բանակցությունների արդյունքից է կախված՝ կշարունակե՞ն իրենք նստացույցը, թե՞ կդադարեցնեն:

Այդ բանակցությունները տապալվեցին, քանի որ իշխանությունները Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջներից որևէ մեկը չբավարարեցին: Բայց մեկ շաբաթ տևած նստացույցը դադարեցվեց: Արդյոք այդ 8 պահանջներից բացի, Մանուշակ Պետրոսյանն այլ պահանջնե՞ր էլ է ներկայացրել նախագահի աշխատակազմին, և արդյոք հենց այդ պահանջների բավարարման արդյունքո՞ւմ չէ, որ որոշում է կայացվել դադարեցնել շուրջօրյա հանրահավաքը: Սրանք ևս հարցեր են, որոնց պատասխանները ցանկալի կլիներ լսել տիկին Պետրոսյանից:

Տեր-Պետրոսյանի ներկայացրած 8 հրապարակային պահանջները վերաբերում էին արտահերթ ընտրություններ անցկացնելուն և քաղաքական նպատակներով կալանավորված անձանց ազատ արձակմանը: Իշխանությունը կարող էր չհամաձայնվել ազատ արձակել քաղկալանավորներին, բայց կարող էր համաձայնվել, որ ազատ արձակվեր կալանավորված շինարարական տեխնիկան, որը կարող էր հետագայում տեղափոխվել Սոչի:

Այս և այլ հարցերի պատասխանները կարող էր տալ միայն բանակցությունները վարող Մանուշակ Պետրոսյանը, սակայն, ինչպես նշեցինք, նա հրաժարվել է պատասխանել մեր հարցերին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս