Քավության բուդը

Նկատե՞լ եք, որ ամանորյա տոներին ամենաշատը խոսում են ոչ թե Ձմեռ պապի մասին, նվերների կամ տոնական տրամադրության, այլ խոզի բուդի մասին։ Ընդ որում, այդ խոսակցությունները հիմնականում մուննաթային կամ նվնվան տրամադրությունների ոճով են` «Հիմա էլի սկսվելու է բուդի սեզոնը» կամ` «Էլի ամբողջ օրը բուդ ենք ուտելու», «Բուդ ուտող ազգ ենք դարձել», «Բոլորը մենակ բուդի մասին են մտածում, ոչ մի հոգևոր բան չի մնացել մարդկանց մեջ»գ Եվ այլն, և այլն, կարծես, մենք բոլորս անմեղ ենք, միայն բուդն է մեղավոր։

Գալիս է Ամանորը: Ում հյուր ես գնում` գրեթե ամենուր և բոլորի սեղաններին բուդ է դրված։ Եվ բուդը կտրելիս շատերի կողմից լսում ենք ամաչկոտ, սակայն միևնույն խոսքերը` «Դե, մենք որոշեցինք բուդ չանենք, բայց դե մյուս տարվանից, այս տարի ինչ-որ չստացվեց…»։

Բայց ի՞նչ կա ամաչելու այդ «անտեր» բուդից, այն էլ այն դեպքում, երբ այն շատ էլ համով է, հարմար է և, խոստովանենք ինքներս մեզ` արդեն ավանդական խորտիկ է։
Բայց, միևնույն է, չգիտես ինչու, ամաչում ենք բուդից։ Այն դեպքում, երբ շատ հաճախ մենք տարբեր առիթներով մի այլ տեսակի ջերմությամբ ենք խոսում այլ երկրների ավանդական սուրբծննդյան սեղանների և ավանդական դարձած խորտիկների մասին՝ «Օ, այդ անգլիական հնդկահավը», կամ «Իիի՜նչ հավեսն են ամերիկյան իմբիրե մարդուկները», «Ախ, այդ գերմանական շտոլլենը»: Եվ այլն, և այլն:

Համաձայնեք, մեր ջեռոցում պատրաստված հայկական խոզի բուդը ոչնչով չի զիջում անգլիական հնդկահավին։ Եվ զավեշտալին այն է, որ հնդկահավի մասին այդպես հիացական խոսքերով արտահայտվողներիս մեծամասնությունը ոչ միայն դրանից չենք կերել, այլև այդ հնդկահավերին տեսել ենք միայն սնդուսափայլ ամսագրերում` կինոաստղերի հետ գրկախառնված։ Ոչ էլ գերմանական շտոլլեն ենք կերել։
Խնդիրը նրանում է, որ, օրինակ, անգլիական (ամերիկյան, գերմանական, և այլն) ավանդական որևէ ճաշատեսակի, խորտիկի (և այլն) մեջ մենք միշտ յուրահատուկ որևէ հմայք ենք գտնում, ջերմություն զգում, իսկ բավական է մի բան դառնա մեր ավանդականը` սկսում է կասկածներ հարուցել, մեզ ամաչեցնել, ստիպված ենք լինում թաքցնել կամ, չգիտես ինչու, արդարանալ:

Կարդացեք նաև

Ընթերցողի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ բոլորին ավանդապաշտության կոչ եմ անում, և կամ` օտարամոլ եմ համարում բոլորին։ Բայց մենք բոլորս, մի կողմից` հակասական ենք, մյուս կողմից` սիրում ենք զանազան անհեթեթ ավանդույթներ հորինել:

Օրինակ, դիտարկենք մեր օրերի ամենակատաստրոֆիկ երևույթներից մեկը` հայկական ավանդական հարսանիքը։ Տին-տիրիտներով մեքենաներին վաղուց արդեն վարժվել ենք. դրանք իսկապես այլևս հին հայկական ավանդույթի մասն են դարձել: Բարեբախտաբար, խորհրդային ժամանակների հարսանիքներն ուղեկցող մեքենաների վրայի «վուդու» ոճի տիկնիկներից ձերբազատվեցինք: Բայց փոխարենը` տեսեք, թե ինչ է այսօր կատարվում. հայկական հարսանիքները մեր օրերում հիմնականում ղեկավարվում են հատուկ հրավիրված թամադա-գրոսմայստերների կողմից, որոնց մեջ սարսափելի մրցակցություն է սկսվել. հարսանիքները քիչ են, «սև գոտի» ունեցող թամադաները` շատ:

Այդ մրցավազքը հանգեցնում է նրան, որ այդ թամադաներից յուրաքանչյուրը ձգտում է անցկացնել ամենաավանդական, միևնույն ժամանակ` անկախության տարիների ամենաօրիգինալ հարսանիքը։ Որպես այդ ամենի դառը հետևանք, հին, իսկական ավանդույթները, որոնցում իսկապես համ ու հոտ կար, և չկար քաղքենիություն, իրար հետևից անհետանում են։ Դե, որովհետև իսկական ավանդականը, մեզանում, չգիտես ինչու, ընդունված է համարել հետամնաց մի բան։ Իսկ դրանց փոխարեն` օդից, գլխից կամ այլ թաքստոցներից մեկը մյուսի հետևից հորինվում են «հին հայկական ավանդույթներ»:

Արդյունքում, հայկական հարսանիքներում տարեցտարի նորանոր «ավանդույթների» եմ հանդիպում։ Եվ բավական է այդ թամադաներից կամ հարսանիք կազմակերպողներից որևէ մեկը որևէ բան հորինի` մի քանի ամիս հետո այն համատարած բնույթ է կրում և նոր դրսևորումներ ստանում։ Ավելին, այդ հարսանիքները նույնիսկ այնքան են երկարում, որպեսզի հասցնեն բոլոր հորինված ֆոկուսները ցուցադրել…

Ազնվորեն ասեմ, հարսանիքներին մասնակցությունն ինձ համար այլևս անտանելի է դառնում, քանի որ այնպիսի տպավորություն է, կարծես մասնակցում ես հոգեբանական գաղտնի մի փորձի, որի ընթացքում ստուգում են, թե էլ ինչ զարհուրելի հորինվածք, «մտքի փայլատակում» կարելի է մարդկանց վզին փաթաթել` համոզելով, իբր դա հնագույն հայկական և մոռացված ավանդույթ է։ Կամ էլ տպավորություն է, թե մնացյալ բոլոր մասնակիցները որոշել են անձամբ ինձ ծաղրել` բոլորով պայմանավորվել են և ձևականացնում են այս ամենը։

Ինչևէ: Այնուամենայնիվ, մենք ավանդույթների հետ ինչ-որ խնդիր ունենք` կամ ամաչում ենք եղած` իրական ավանդույթներից, կամ սկսում ենք ջղագրգիռ հորինել և ուրախանալ, այնպես, կարծես` աշխարհի վերջն է։

Այսքանը՝ մեր ընդհանուր խնդիրներից։ Իսկ ես պետք է խոստովանեմ, որ այս տարի մենք որոշեցինք օրիգինալ լինել և բուդի փոխարեն` հնդկահավ պատրաստել։ Եվ ի՞նչ թաքցնեմ` փոշմանեցինք։ Մյուս տարի Ամանորին` միայն բուդ, և «բուդ չտօ բուդետ»` ինչպես ռուսն է ասում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս