Բաժիններ՝

Իշխանությունը հրաժարվել է «զոն նայողների» ծառայություններից

168.am-ի տեղեկություններով, առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող քրեական հեղինակություններն այժմ ավելի հանգիստ են, քան 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ Հայաստանում իշխանությունները միշտ էլ օգտագործել են քրեական աշխարհում հեղինակություն ունեցող անձանց հնարավորությունները։ Հատկապես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածության ֆոնին, քրեական հեղինակությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին առավել ակտիվ և կազմակերպված էր դարձել։

Որոշ ՔԿՀ-ներ վերածվել էին իսկական նախընտրական շտաբների, որտեղ յուրաքանչյուր դատապարտյալ գիտեր իր անելիքը և հիմնականում հեռախոսի միջոցով՝ ձայներ էր ապահովում դրսում գտնվող իր մտերիմների օգնությամբ։ Ինչպես նշում էին
ԶԼՄ-ները, իշխանությունը նրանց ծառայությունների դիմաց խոստացել էր վարձահատույց լինել վաղաժամկետ ազատման կամ պատժաչափի կրճատման ձևով։

168.am-ի տեղեկություններով, նախորդ տարվա վերջին քրեական հեղինակությունների պոտենցիալը կրկին մոբիլիզացվել էր` առաջիկա նախագահական ընտրություններին ակտիվորեն ներգրավելու համար։ Սակայն 2012թ. դեկտեմբերի 12-ից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ընտրություններին չի մասնակցելու, ճնշումը թուլացավ։ Իսկ ավելի ուշ, երբ ՀԱԿ-ը նույնպես հայտարարեց, որ բոյկոտելու է ընտրությունները, քրեական հեղինակությունների օգնությանը դիմելու անհրաժեշտությունն ընդհանրապես վերացավ։

Դատապարտյալներն, ի դեպ, գոհ են, որ ստիպված չեն լինի խառնվել քաղաքական ինտրիգների մեջ։ Չի բացառվում, որ նրանք այս անգամ նույնպես փորձեն իրենց կապերն օգտագործելով՝ լրացուցիչ ձայներ ապահովել իշխանական թեկնածուների համար։ Սակայն դա կլինի ավելի շատ կամավորության սկզբունքով, որի համար հազիվ թե որևէ լուրջ փոխհատուցում տրվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս