Բաժիններ՝

Թռիչք հայկական կկվի բնի վրայով

Մի հին զրույց կա։ Արաբ տիրակալներից մեկը իր իմաստուններից մեկի հետ զբոսնելիս անցնում է ավերված մի գյուղի մոտով։ Նրա ուշադրությունը գրավում են երկու բու, որոնք ծառի ճյուղին նստած ակտիվ զրուցում են։ Տիրակալը հարցնում է իմաստունին.

– Դու կարծեմ կենդանիների լեզուն հասկանում ես։ Ինչի՞ մասին են զրուցում այս թռչունները։

– Ես հասկացա, բայց վախենում եմ քեզ ասել։ Եթե խոստանաս, որ չես զայրանա և ինձ չես պատժի՝ կասեմ։

Տիրակալը խոսք է տալիս, որ իմաստունին չի պատժի, և վերջինս պատմում է.

– Առաջին բուն չափահաս որդի ունի, երկրորդը՝ չափահաս աղջիկ։  Տղայի մայրը ցանկանում է տղային ամուսնացնել նրա հետ և որպես օժիտ պատրաստ է տալ 100 ավերված գյուղ, սակայն աղջկա մայրը համաձայն չէ՝ ավելին է ուզում։ Մյուս բուն էլ ասում է՝ մի քիչ համբերիր, եթե այս տիրակալը շարունակի այսպես կառավարել երկիրը, ես ամենաշատը 1 տարուց 1000 ավերված գյուղ օժիտ կտամ։

Ասում են, որ այդ մասին լսելով՝ տիրակալը մտքերի մեջ է ընկնում և սկսում արդարացիորեն կառավարել իր տիրույթները։

Սա, ցավոք սրտի, տեղի է ունեցել դարեր առաջ և ոչ Հայաստանում։ Հայաստանում հիմա միանգամայն ուրիշ բաներ են տեղի ունենում. այսօր մեռելոց է, իսկ երեքշաբթի օրվանից միանգամից կսկսվի բուռն նախընտրական շրջանը։ Նախագահի հիմնական և ոչ հիմնական, ֆիկտիվ և ոչ ֆիկտիվ թեկնածուները կսկսեն խելացի ու մտահոգ ելույթներ ունենալ՝ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների, միկրո և մակրոտնտեսության, սոցիալական ու մշակութային ոլորտների մասին։ Ժողովրդի մասին։ Ամեն ինչի մասին կխոսեն, սակայն ընդհանուր գծերով՝ ամեն ինչի հիմքում դնելով ոչ թե մարդուն, այլ մարդկանց ամբողջությանը։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ ամբողջության վիճակագրական պատկերը։ Ոչ ոքի «բուերի» կարծիքը չի հետաքրքրում։

Իսկ ամանորյա այս օրերին, երբ թվում է՝ պետք է գերիշխող լիներ տոնական տրամադրությունը, զարմանալիորեն հակառակ պատկերն էր գերիշխում։ Մինչ քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները ամանորյա շնորհավորանքներ էին ուղղում ժողովրդին և հընթացս խոսում նախորդ տարվա ձեռքբերումների մասին, մեր քաղաքացիներից շատերը ամանորյա առատ սեղանների շուրջ մտորում են արտագաղթելու մասին։ Իսկ նրանց լսող չկա. «թռչունների» լեզուն հասկացող իմաստուն խորհրդականներ չկան։ Կամ էլ՝ կան, սակայն չհասկացող ձևանալն ու լռելն ավելի ձեռնտու է։

Բացի այդ, որքան ժամանակն անցնում է, այնքան «վերնախավն» ավելի է հեռանում հասարակ ժողովրդից, քանի որ թռչում է ավելի բարձր, քան բուն ու մյուս թռչունները, բարձրանում ու ճախրում է երկնքում։ Խոսքը վերաբերում է թե իշխանական վերնախավին, թե ընդդիմությանն ու ընդդիմադիր ձևացողներին։

Վերջում կրկին մի զրույց հիշենք։ Թագավորներից մեկին հարցնում են՝ ինչպե՞ս է, որ նրա երկրում ամեն ինչ հանգիստ ու լավ է և դժգոհություններ չկան։ «Որովհետև երբ ես սավառնում եմ երկնքում, իմ օգնականները երկրի վրա են։ Երբ նրանք են թռչում, ես եմ երկրի վրա»,- ասում է արքան։

Փաստորեն, դարեր առաջ մարդիկ գիտակցում էին երկնքից իջնելու և հասարակ մարդու հոգսերով ապրելու անհրաժեշտությունը։ Իսկ ժամանակակից Հայաստանում ամպերում սավառնում են ոչ միայն առաջնորդները, այլև նրանց օգնականները, օգնականների օգնականները՝ իրենց մամուլի քարտուղարների, քարտուղարուհիների և թիկնապահների հետ միասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս