Առաջին «Խելացի տունը» Հայաստանում կգործարկվի 2013թ. հունվարին
Առաջին «խելացի տունը» (smart home) Հայաստանում կգործարկվի հունվարի վերջին: Տունը ղեկավարելու այս համակարգը շուրջ 1.5 տարվա ընթացքում մշակել են Revotech ընկերության մասնագետները: Տեխնոլոգիական այս հայկական ընկերության հիմնական ուղղություններն են` ավտոմատացված համակարգերի` ռոբոտատեխնիկայի մշակումն ու ծրագրավորումը: Ընկերության տնօրեն Աշոտ Մաշուրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ համակարգը՝ smart home-ը, հնարավորություն կտա ղեկավարել տան լուսավորությունը, ջեռուցումը, անվտանգությունը, և այլն:
«Մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա դուք ներկայումս ժամանակ եք ծախսում և տանը կատարում եք ձեռքով, կլինի ավտոմատացված, այդ ամենը ձեր փոխարեն կկատարի համակարգը: Այդ ավտոմատացված մեխանիզմները կմիանան մեկ ամբողջական համակարգի սերվերին և հնարավորություն կտան կառավարել տան ամբողջ գործունեությունը»,- ասաց Ա. Մաշուրյանը՝ նշելով, որ իրենք մշակել են շատ բարդ ավտոմատացված համակարգ, որն ապահովում է տան անվտանգությունը՝ սկսած ջրի, գազի արտահոսքից, հրդեհից, գողերի մուտքից, և այլն:
Ըստ մեր զրուցակցի՝ այսպիսով հնարավոր է ղեկավարել ոչ միայն ամբողջ տունը, այլև, օրինակ, յուրաքանչյուր սենյակի լուսավորությունը կամ ջերմաստիճանը:
«Խելացի տուն» ստեղծելու հնարավորություններն աշխարհում կիրառվում են արդեն 10 տարուց ավելի: Հայ մասնագետները, սակայն, վերցրել են ընդամենը այդ գաղափարը՝ ավտոմատ կերպով կառավարելի դարձնել տունը, բայց ոչ լուծումները:
«Մենք այս համակարգի լուծումներն ամբողջությամբ զրոյից ենք սկսել: Շուրջ 1.5 տարի, ժամանակ ծախսեցինք այս նախագիծը ստեղծելու և այն մշակելու համար, ինչը բավական բարդ աշխատանք էր: Օրինակ, մշակել ենք տնային կինոթատրոն նայելու ռեժիմ. դուք սեղմում եք ընդամենը մի կոճակ, որից հետո ձեր տան լուսավորությունը նվազում է` ձեր նախընտրած աստիճանին հասնելով, վարագույրները փակվում են, միանում է հեռուստացույցը, աուդիոհամակարգը և այն ֆիլմը, որը դուք ցանկանում եք դիտել»,- ասաց Ա. Մաշուրյանը:
Նրա խոսքով՝ համակարգը կարելի է ղեկավարել ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից՝ ինտերնետի միջոցով՝ ցանկացած համակարգչի կամ շարժական սարքի՝ պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով: «Մենք մշակել ենք ծրագրեր` հատուկ Android, iOS և այլ օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար, որի միջոցով կարող եք ոչ միայն տեղեկանալ, թե ինչ է կատարվում ձեր բնակարանում, արդյո՞ք այնտեղ կա որևէ խափանում և այլն, այլ նաև կառավարել ձեր բնակարանը»,- ասաց Ա. Մաշուրյանը: Օրինակ, եթե դուք գտնվում եք արտերկրում և Հայաստան եք վերադառնալու, ասենք, 2 օրից, ապա կարող եք ինտերնետի միջոցով մուտք գործել ձեր համակարգի մեջ, միացնել տաքությունը, և երկու օրվա մեջ տունն արդեն ամբողջությամբ կտաքանա՝ մինչև ձեր վերադարձը:
Ինչ վերաբերում է արժեքին, ապա, ըստ Ա. Մաշուրյանի՝ «խելացի տուն» համակարգի արժեքը կտարբերվի՝ ըստ հաճախորդի ցանկության (արդյոք նա կպատվիրի այն մաս- մա՞ս, թե՞ ամբողջությամբ):
«Օրինակ՝ 3 սենյականոց 120 քմ բնակարանի համար ամբողջական փաթեթը, որը կներառի բոլոր համակարգերի կառավարումը կարժենա մոտ 30 հազար դոլար: Բոլոր համակարգերի կառավարում ասելով, հնարավոր է, որ դուք անգամ չպատկերացնեք որոշ բաներ»,- ասաց Ա. Մաշուրյանը՝ որպես օրինակ նշելով, որ «խելացի տուն» մուտք գործելու համար բանալի պետք չէ, այն բանալի չունի, դուռը բացվում է ընդամենը մատնահետքով: Կամ, մինչ տանից դուրս գալը համակարգը ավտոմատ կերպով կարող է վերելակը կանչել ձեր հարկ և մինչև ձեր՝ վերելակին մոտենալը, այն արդեն տեղում լինի:
Արդյոք Հայաստանում պատրա՞ստ են այդքան գումար տրամադրել այդ համակարգի համար: «Այս նախագծով շատերն են հետաքրքրվել: Այս պահին կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայմանագրեր կնքել նման համակարգն ամբողջական շենքերում տեղադրելու համար, սակայն, իհարկե, մինչ այդ բոլորը ցանկանում են իրենց աչքով տեսնել և փորձարկել այն»,- ասաց Ա. Մաշուրյանը՝տեղեկացնելով, որ հունվարի վերջին նորակառույց մի շենքի բնակարանում կգործարկվի հատուկ ցուցադրության համար նախատեսված առաջին «խելացի տունը»:
Հ.Գ. «Խելացի տան» հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ
www.revotech.am կայքում: