Թիերի Վանդոմ. «Կանանց երջանկացնելու համար հարկավոր է տանջվել և ոգեշնչվել» (լուսանկարներ)
Ֆրանսիացի հայտնի հայազգի ոսկերիչ-դիզայներ Թիերի Վանդոմը (Thierry Vendome) ծնվել է 1964թ. մայիսի 1-ին, Փարիզի մերձակայքում գտնվող Վիլմոմբլ քաղաքում, արվեստագետների ընտանիքում: Նրա հայրը` Ժան Վանդոմը, աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետներից է: Թիերին մեծացել է Փարիզում, տարբեր ազգությունների ստեղծագործողների շրջապատում` նկարիչների, երաժիշտների, գրողների, քանդակագործների, ոսկերիչների: 9 տարեկանից Վանդոմը սկսել է իր ծնողների հետ այցելել Ձևավորող արվեստագետների սրահ, ուսանել է հոր մոտ և բավական վաղ հասակում ինքնուրույն գործեր է պատրաստել: 26 տարեկան հասակում նա վերապատրաստվել է Բելգիայում` իրենց ընտանիքի բարեկամ, արվեստագետ Ժան-Պիեռ դը Սադլերի մոտ:
Վանդոմը յուրահատուկ ոճ ունի, սիրում է ազատ ստեղծագործել տարբեր նյութերով` բնական ծագում ունեցող (և հիմնականում` անմշակ) տարբեր քարերով, մետաղներով ու փայտերով: Ադամանդի, զմրուխտի և այլ թանկարժեք քարերի հետ նա կարող է համադրել զրահամեքենայի մետաղը, փայտը և այլ նյութեր և ստեղծել անկրկնելի նմուշներ:
Սկսած 1983 թվականից` Թիերի Վանդոմը ցուցահանդեսներ է կազմակերպում և հիմնականում` թեմատիկ: Հայազգի արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել 2007թ. և 2009թ. ստեղծել է իր «Հայաստան» հավաքածուն: Հայտնի է նրա «Այգեձոր» շարքը՝ ոսկու, ադամանդի և հայկական փիրուզի համադրությամբ:
Թիերի Վանդոմը հայեցի դաստիարակությունը ստացել է տատիկի կողմից: «Տատս 1922թ. Թուրքիայից ներգաղթածների սերնդից էր: Մայրս հաճախ էր օգնում հորս իր աշխատանքում, ուստի ես ավելի շատ ժամանակ անցկացնում էի տատիկիս հետ: Դաստիարակվելով այդ սերնդի ներկայացուցչի կողմից` ես մեծանում էի հայկական ավանդույթների մեջ: Ամենամեծ ափսոսանքս այն է, որ հայերեն չեմ սովորել, թեև այդ լեզուն հաճախ եմ լսել երաժշտության նման` առանց փորձելու հասկանալ դրա իմաստը: Տատս մեծ հավատացյալ էր և ցանկանում էր ինձ փոխանցել իր հավատքը, ուստի գիշեր ու ցերեկ նա իր մեծ հավատքի, քրիստոնեության մասին էր պատմում:
Իսկ ես հույս ունեի, թե նա ինձ կպատմեր իր կյանքի մասին, որպեսզի հասկանայի այն դրաման, որ նկատում էի նրա մեջ, այն ողբերգությունը, որ նա էր ապրել: Ցեղասպանության մասին նա երբեք չէր խոսում, որպեսզի չտանջեր իր շրջապատին: Միայն նրա մահից հետո հայտնաբերեցինք իր կյանքի նոթերը` ինչպես մի հաղորդագրություն, որին ես այդքան սպասում էի: Ես դրանք վերապրեցի մեծ զգացմունքներով»,- 168.am-ի հետ զրույցում պատմել է Թիերի Վանդոմը:
Իր կայացման մեջ մեծ դեր է ունեցել հայրը՝ Ժան Վանդոմը: Դպրոցում «չլինելով իր տիեզերքում» և բավականություն չստանալով դպրոցական կյանքից՝ 16 տարեկանում Թիերին դառնում է իր հոր աշակերտը: Հենց հայրն է նրան ծանոթացրել այդ արհեստի հմայքին:
«Ես գիտակցեցի, որ հնարավոր է ինքնուրույն A-Z մի գործ ստեղծել, բայց այն, ինչ հայրս ինձ առաջին հերթին փոխանցեց, այն էր, որ մեզ շրջապատող ամեն ինչին պետք է գեղագիտական հայացքով նայել: Այն, ինչ ինձ դուր եկավ արվեստում` ստեղծագործելու գաղափարն էր£ Դա կարող էր լինել գեղանկարչություն, քանդակագործություն… դա զարդերի աշխարհն էր: Իմ աշակերտության հենց սկզբում ես գաղափարներ էի իրագործում, գծագրում էի զարդեր, որոնք հենց ինքս էլ պատրաստում էի: Առաջին գործս ծովային մի զարդ էր, մի կրծքազարդ, որ ինքս էի կրում, քանի որ տարված-հմայված էի առագաստներով»,- պատմում է Թիերին:
Ցանկանալով ստեղծել իր անհատական ոճը, բայց չունենալով միջոցներ՝ Վանդոմը բնության մեջ փնտրում էր ժամանակի ընթացքում պահպանվող, դիմացկուն նյութեր: Դա փայտն էր, որ նա հավաքում էր ծովափին և որից, արծաթի հետ համադրելով` զարդեր էր պատրաստում: Այնուհետև ավազահատիկները սկսեց օգտագործել, այսօր` ժանգոտած պողպատը, որը համատեղում է ոսկու և ադամանդի հետ:
Իր աշխատանքներում Վանդոմը շատ է օգտագործում նաև դարչնագույն երկաթաքարը, որը դարձել է նրա ձեռագիրը: Համագործակցելով աշխարհի տարբեր երկրների առևտրականների հետ՝ նա տարբեր ծագման քարեր է ձեռք բերում: Նրա թեմատիկ հավաքածուներում շատ են նաև այն նյութերը, որոնք ինքն է գտնում իր ճանապարհորդությունների ընթացքում:
Թիերիի հաճախորդները տարբեր են՝ սկսած կոլեկցիոներներից, ովքեր նրա զարդերն ընդունում են որպես արվեստի գործեր, մինչև այն մարդիկ, ովքեր մշտապես կրում են դրանք: Երբեմն հրաժարվում է պատվերներից, երբ, օրինակ, մարդիկ, որևէ ամսագրից մի էջ պոկած, գալիս են այլ զարդեր կրկնօրինակելու խնդրանքով: Մերժում է նաև դասական ֆորմաների զարդերի պատրաստումը: Նա ստեղծում է եզակի նմուշներ:
«Նորաձևությունը մի բան է, որը հնանում է: Ես հույս ունեմ, որ իմ զարդերը ժամանակից դուրս կլինեն… Ես զարդերը պատրաստում եմ մեր ժամանակաշրջանի ոգեշնչմամբ, բայց միևնույն ժամանակ` ինձ փարոսի նման մշտապես ուղեկցում են նախորդ սերունդների ստեղծագործությունները: Ես ինձ չեմ տեսնում ժամանակակից նորաձևության ոճերի մեջ, օրինակª գոթականի: Ես չեմ հասկանում, թե մարդիկ ինչպե±ս են կարողանում գանգի պատկերով կրծքազարդ կրել: Բայց այժմ մարդիկ զարդերի նկատմամբ ավելի համարձակ են դարձել. այսօր ավելի ու ավելի շատ են իրենց թույլ տալիս, այսպես ասած` XXL չափերի զարդեր կրել, այսինքնª խոշոր քարերով, մարգարիտներով, և այլն… Եվ սա տեղավորվում է ստեղծագործական իմ ոճի մեջ, դա ինձ դուր է գալիս»,- ասում է Վանդոմը:
Նա դժվար է ստեղծագործում: Ստեղծագործելու համար անհրաժեշտ է, որ նա տանջվի. հենց այդ ժամանակահատվածներն են, որ իրեն հնարավորություն են տալիս արտահայտել ամբողջ ներաշխարհը:
Թիերի Վանդոմը հավատում է աստվածային ոգեշնչմանը. ոչինչ պատահաբար չի ծնվում: Բացի այդ, Թիերիին ոգեշնչում է Փարիզի մթնոլորտը: Շատ հաճախ ճանապարհորդությունների ընթացքում են ծնվում նրա հետագա ցուցահանդեսների թեմաները: Օրինակ` Հայաստանում: «Հայաստանում եղած ժամանակ, նախևառաջ, ես որոշեցի գնալ բլուրներում օբսիդիան քարը փնտրել. դա մեծ հաճույք պարգևեց ինձ: Եվ ես բացահայտեցի նաև մի յուրահատուկ քար, որը կոչվում է փիրուզ: Երևանում բնակվում էի Այգեձոր կոչվող թաղամասում: Հենց առաջին օրն այդ տան բակում հիացել-տպավորվել էի խաղողի այգիների` փայտերի վրա մագլցող վազերի գեղագիտական անկանոնությամբ: Շատ գեղեցիկ էին: Շատ մեծ տպավորություն թողեցին ինձ վրա մեր եկեղեցիները, մարդու ձեռքով կերտված հրաշագործ խաչքարերը, և վանքերի պատերինª հայերեն գեղագրական ձեռագրերը»,- հիացմունքով պատմում է արվեստագետը:
Վանդոմը վայրի, անմշակ ձևեր է ստեղծում: Սիրում է իր զարդերում հզորությունը, ուժն ընդգծել: Դրա համար օգտագործում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են դարչնագույն երկաթաքարը կամ չհղկված, անմշակ քարերը, այն, ինչ բնությունն է մեզ տվել, կամ այն նյութերը, որոնք բնական ձևեր ունեն:
Տրամաբանորեն, յուրաքանչյուր զարդի արժեքը նյութն էª մետաղը, քարերը: Իր ստեղծագործություններում Թիերին առաջնայինը գնահատում է արվեստը, ստեղծագործական միտքը: Օրինակ, նրա համար շատ հաճելի է, երբ դարչնագույն երկաթաքարերով իր գործերը վաճառվում են ադամանդե թանկարժեք զարդերի գնով:
Լինելով բազմաթիվ գործերի հեղինակ՝ Թիերի Վանդոմն ընդամենը մի կրծքազարդ ունի՝ բողոքական խաչ, որը նրա համար պատրաստել է իր հայրը, և որից, արդեն 20 տարուց ավելի է՝ չի բաժանվում: Ժամանակ առ ժամանակ նաև ապարանջան է կրում: Ինչ վերաբերում է զարդերի հարցում կանանց ցանկությունները կատարելուն, ապա արվեստագետը գտնում է, որ ինքը հրաշալի հնարավորություն ունի իր ստեղծագործություններով կանանց երջանկացնել:
1959թ. Թիերիի ծնողները բացահայտում են բարսելոնացի նկարիչ Լորան Խիմենես-Բալագերի արվեստը և ծանոթանում են վերջինիս հետ: Այդ ժամանակվանից սկսվում է երկու ընտանիքների բարեկամությունը, որը հետզհետե ավելի է ամրանում:
Կատալոնացու արվեստով հիացմունքն արտացոլվում է նաև Թիերիի գործերում, ներշնչում է նրան օգտագործել այնպիսի նյութեր, որոնք մինչ այդ չեն կիրառվել ոսկերչական արվեստի մեջ:
Օրեր առաջ Թիերի Վանդոմը Լորան Խիմենես-Բալագերի արվեստով ոգեշնչված` նոր զարդեր է ստեղծել, որոնք ներկայացնում ենք լուսանկարներում: