Արջամկան ծառայություն՝ Սերժ Սարգսյանին

Մինչ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ սկսվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին շողոքորթելու, ընտրություններում նրա «ջախջախիչ հաղթանակի» մասին կանխատեսումներ անելու շքերթը: Բոլոր նրանք, ովքեր իշխանությունից ինչ-որ բան ստանալու ակնկալիք կամ իշխանության կողմից գնահատված լինելու ցանկություն ունեն, շտապում են հայտնել իրենց հեղինակավոր ու ոչ այնքան հեղինակավոր կարծիքն այն մասին, թե քանի տոկոս ձայն կստանա Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրություններում:

Օրինակ, Ահարոն Ադիբեկյանն այսօր հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների ձայների մինչև 72 տոկոսը: Սերժ Սարգսյանի երիտասարդ տեղակալ Արմեն Աշոտյանն ավելի «համեստ հաղթանակ» է կանխատեսում գործող նախագահի համար. ըստ Աշոտյանի՝ Ս. Սարգսյանը կարող է հավաքել ընտրողների քվեների 60-65 տոկոսը: Այս և նման կարծիքներ հայտնողներն իրենց կանխատեսումները հիմնավորում են ամենատարբեր հաշվարկներով ու վերլուծություններով: Նրանց թվում է, որ այդպիսով իրենք մեծ ծառայություն են մատուցում Ս. Սարգսյանին:

Մինչդեռ իրականում ավելի մեծ վնաս Սերժ Սարգսյանին նրան բարի կամեցողները չեն կարող հասցնել: Եթե, իհարկե, Ս. Սարգսյանը ևս չի առաջնորդվում իր թիմակիցների մեծամասնության մոտ ներկայումս արմատավորված այն հրճվանքով, որ ցանկության դեպքում կարելի է ընտրություններում 90 տոկոս ձայն ստանալ: Դա, իհարկե, նրա թիմակիցների համար հրաշալի նյութ կլինի՝ տոնական սեղաններին քննարկելու և հակառակորդների թուլության մասին գլուխ գովելու առումով, բայց այդպիսով Ս. Սարգսյանն ընդամենն ավելի կմոտենա տոտալիտար առաջնորդների շարքին դասվելու հեռանկարին:

Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Ս. Սարգսյանը, եթե ընդունենք, որ նա վեր է կանգնած իր թիմակիցների մանր ու էժան ցանկություններից և մտածում է ոչ միայն՝ ընտրություններում սեփական հաղթանակի, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության մասին: Դրա համար պետք է ընդամենն անկացնել իսկապես արդար ընտրություններ: Արդար` սկսած բոլոր թեկնածուների միջև հավասար պայմանների ապահովումից, մինչև քվերաթերթիկների հաշվարկի գործընթացը:

Այդ դեպքում Ս. Սարգսյանի հաղթելու հավանականությունը կրկին մեծ է, հաշվի առնելով պետական համակարգի, ուժային կառույցների, թաղային հեղինակությունների անվերապահ ու մշտական աջակցությունն իշխանության թեկնածուին: Բայց այդ դեպքում Ս. Սարգսյանը կարող է հավաքել, լավագույն դեպքում, 52-55 տոկոս ձայն, ինչը բավարար է հաղթելու համար:

Բայց դա երաշխավորված հեռանկար չէ, քանի որ տեսականորեն ամբողջությամբ արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում մեծ է նաև երկրորդ փուլի հավանականությունը: Իշխանությունից հասարակության դժգոհության աննախադեպ բարձր մակարդակը հաշվի առնելով՝ ընտրողների զգալի մասը պատրաստ է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացառությամբ՝ գործող նախագահի: Իսկ բացի իշխանության դրածո թեկնածուներից, ընտրություններին, ի դեմս Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի, մասնակցում են առնվազն երկու թեկնածուներ, ովքեր կարող են Ս. Սարգսյանի հետ անցնել երկրորդ փուլ:

Իրականում հենց այս հեռանկարից է մտահոգվում իշխանությունը: ՈՒ իշխանական խոսնակները 60-72 տոկոս ձայներ ստանալու մասին կանխատեսումներով փորձում են հասարակության մեջ էլ ավելի խորացնել անելանելիության, ամեն ինչ ի սկզբանե որոշված լինելու մտայնությունը: Այսինքն` անկախ ամեն ինչից, իշխանությունը պատրաստվում է ընտրակեղծարարությանը,  և դրա համար արդեն այսօրվանից հող են նախապատրաստում, իրենց կարծիքով՝ «լվանալով հասարակության ուղեղը»: Հակառակն ապացուցելու համար Սերժ Սարգսյանը գոնե իր թիմակիցներին պետք է արգելի այնպիսի կանխատեսումներ հրապարակել, որոնք իրեն ասոցիացնելու են Թուրքմենբաշիի կամ Վլադիմիր Պուտինի հետ: Այլապես, կարելի է արձանագրել, որ նման ասոցիացիաները ոչ միայն չեն մտահոգում, այլև հաճելի են Ս. Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս