«Սևանի ափերն անմխիթար վիճակում են»
Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները դուրս են մնացել վերահսկողությունից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը:
«Սովորական անտառը, որը պահպանության ռեժիմ չունի, հատուկ պահպանվող օբյեկտի սահմանափակումներ չունի, հսկվում է «Հայատառ» ՊՈԱԿ-ի կողմից, վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության նախարարությունը, այսինքն՝ տնտեսական գործունեությունը, գերատեսչական հսկողությունն անում է «Հայանտառը», բայց այդ գործունեության նկատմամբ էլ կա տեսչություն, որը սանկցիաներ կարող է կիրառել: Իսկ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերի տնտեսվարող սուբյեկտը Բնապահպանության նախարարությունն է, իրենք իրենց են հսկում: Ինչպե՞ս կարող է ինքը խախտում անել ու ինքն իրեն վերահսկել»:
Նազելի Վարդանյանի գնահատմամբ՝ այսօր բնապահպանության ոլորտում ամենամեծ խնդիրը հանքարդյունաբերությունն է:
Նա նշում է, որ իր համար անհասկանալի է՝ ինչպես են հանքարդյունահանող ընկերությունները փորձաքննություն անցնում, լիցենզիաներ ստանում, ինչպես են առանց լսումներ անելու ու մյուս ընթացակարգերը պահպանելու՝ թույլտվություն ստանում.
«Հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ այն, ինչ դրական է, արվում է միջազգային կազմակերպությունների կողմից, հիմնականում Վայրի բնության հիմնադրամի կողմից: Ես չգիտեմ՝ Սևանում Բնապահպանության նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է իրականացրել, բայց Սևանի ափերն անմխիթար վիճակում են: Եթե այդ վիճակը շարունակվի, ճահճացում է գնալու: Մանրաձուկ բաց թողնելն էլ չի նշանակում, որ մենք Սևանի ֆլորան և ֆաունան վերականգնեցինք: Եթե ճահճացման գնաց, եթե լիճը ծաղկեց, այնտեղ ոչ մի ձուկ կենդանի չի մնա»: