Սիբիրախտը հաղթահարված է
Սիբիրախտի օջախը վերացված է, կարանտինը հանված է. հիվանդություն այլևս չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Ըստ նրա՝ միս կարելի է գնել միշտ, քանի որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը ուժեղացրել էր հսկողությունը մսի իրացման խոշոր կետերում:
Աբրահամ Բախչագուլյանի խոսքով`եթե մինչև 2012-ը պլանային ստուգումների ցանկում ընդգրկված են եղել միայն 70 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, ապա 2013-ին ստուգումներ կանցկացվեն ոչ թե կախված շրջանառությունից, այլ ռիսկի չափորոշիչներից:
ՍԱՊԾ պետի խոսքով`հացամթերքի արտադրությունում և իրացման ցանցերում ծառայությունը 2012-ի ընթացքում իրականացրել է դիտարկումներ և հաց արտադրողների պարտավորեցրել հայտարարել հացի քաշը: Հացի արտադրությամբ զբաղվող 3 տնտեսվարող սուբյեկտ է ստուգվել, կասեցվել է որոշակի խմբաքանակի իրացումը: «Բոլոր եվրոպական չափորոշիչներով հացը ամենացածր ռիսկային խմբում է գտնվում, մարդու համար հիվանդություն առաջացնող բարձր գործոն է կենդանական ծագման սննդամթերքը»:
ՍԱՊԾ պետի խոսքով`եթե այս կամ այն արտադրատեսակը ունի որոշակի շեղումներ տեխնիկական կանոնակարգերից, դա դեռ չի ապացուցում, որ դրա մեղավորը արտադրողն է. «Արտադրությունից մինչև իրացում և մինչև մեր տուն արտադրանքը տարբեր ճանապարհներով է գնում: Մենք չպետք է մոռանանք նաև, որ սննդամթերքը տանը փչանալու հատկություն ունի: Ամենամեծ խնդիրը ոչ միայն արտադրությունում և իրացման ցանցում է, այլ նաև փոխադրման ցանցում»:
«Ես`որպես Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, գիտեմ, որ Հայաստանի Հնարապետությունում կան և ժամկետանց սննդամթերքի իրացնողներ, և մակնշման պրոբլեմ ունեցողներ, սակայն մեր խնդիրը ոչ թե յուրաքանչյուր խանությում այս կամ այն արտադրանքի ժամկետը նայելն է, այլ մեր խնդիրը անվտանգության համակարգ ստեղծելն է»,- ասաց Աբրահամ Բախչագուլյանը: