Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը դատարանում հետաձգվել է
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մտել է դատարան: Սակայն դեռ դատական նիստը չսկսված՝ հետաձգվել է: Սույն գործով դատական նիստը լսվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատաքննության մեկնարկի կամ դատական առաջին նիստը նշանակված էր դեկտեմբերի 27-ին, և հետաձգվել է մինչև հունվարի 15-ը:
Այս մասին galatv.am-ը տեղեկացրել է մեղադրյալ կողմի՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը. «Մեզ և ոչ մեկին դատարանը տեղյակ չէր պահել նիստի մասին, փաստորեն թյուրիմացություն էր ստացվել, հիմա մենք լրատվամիջոցներին, բոլորին էլ տեղյակ ենք պահել նիստի օրը՝ նշանակվել է հունվարի 15-ին»,- ասել է Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանի փեսան՝ Կարեն Եսայանը, սպանվեց ապրիլի 12-ին, որից հետո նրա սպանության համար կալանավորեցին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Սամվել Սարգսյանին։ Հարությունն արդեն 8 ամիս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Նրա հարազատները, Հարությունին ճանաչողները վստահ են, որ Հարություն Սարգսյանը սպանություն կատարել չէր կարող, և այն կարծիքին են, որ այդ հանցագործությունը պարզապես մեղսագրվել է նրան: Հարություն Սարգսյանի փաստաբանները վստահ են, որ արդար և օրինական դատաքննության ընթացքում պարզ է դառնալու, որ Կարեն Եսայանին սպանողը Հարություն Սարգսյանը չէ: Լուսինե Սահակյանի վստահեցմամբ՝ Հարությունն իրեն մեղավոր չի ճանաչում, և ոչ մի ապացույց չկա քրեական գործում, որ ինքն այս գործի հետ որևէ առնչություն ունի:
Հատկանշական է այն, որ նախաքննության ավարտին Հարություն Սարգսյանին վերագրված մեղադրանքներից մեկը փոխարինվել է մեկ այլ մեղադրանքով: Նախաքննությունը սկզբում նրան մեղադրում էր ապօրինի զենք և զինամթերք պահելու մեջ: Նախաքննության ավարտին նրա վրայից այդ մեղադրանքը հանվել է:
Բոլորովին վերջերս էլ պարզ դարձավ, որ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ուղարկվել նաև մեղադրյալ Հարություն Սարգսյանի հոր՝ Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նշենք, որ Հարություն Սարգսյանը ՇՄ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետն է:
Շիրակի մարզի դատախազությունում նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս խոչընդոտել է քննիչի աշխատանքները և թույլ չի տվել հարցաքննել իր տղայի գործով որպես վկա հրավիրված բարեկամներից մեկին (ՀՀ ՔՕ 332 հոդվածի 1-ին մասով՝ «Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը»): Սա ենթադրում է ֆինանսական որոշակի պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով: