«Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժեղ դիրքերում է». Ռիչարդ Կիրակոսյան

«Երեկ իմ սիրած ըմբշամարտիկներից մեկը` Արսեն Ջուլֆալակյանն այստեղ էր, և այօր մենք պատրաստվում ենք ըմբշամարտել այն հարցերի հետ, որոնք մարտահրավեր են նետում Հայաստանին, բայց այլ ենթատեքստում, քան Արսենը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Փորձագետն անդրադարձավ անցնող տարվա կարևոր իրադարձություններին` արտաքին և ներքին քաղաքականության ասպարեզում:

«Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար առաջին առաջնահերթությունը նրա հարաբերություններն են ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ: Հայաստանն էականորեն բարելավել է հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ, և միաժամանակ հայ-ռուսական հարաբերությունները մնում են կայուն, և Հայաստանն ավելի կարևոր է դարձել որպես ՀԱՊԿ-ի անդամ»,- ասաց Ռ.Կիրակոսյանը:

Մյուս ուշագրավ միտումը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ըստ փորձագետ Ռ.Կիրակոսյանի, կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Կարդացեք նաև

Այս առումով, ըստ նրա, Հայաստանը դեռևս շարունակում է մնալ ավելի ուժեղ դիրքերում, և բոլոր սպասումները և ակնկալիքները դրված են Թուրքիայի վրա:

Ռիչարդ Կիրակոսյանի վերլուծության երրորդ ասպեկտը վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, հատկապես Վրաստանում նոր կառավարության ընտրությունից հետո:

«Հաշվի առնելով Վրաստանի կառավարության բնույթը` Հայաստանն ունի հնարավորություն լինել ավելի կայուն և կանխատեսելի»,- նշեց նա,-«Չորրորդ միտումը վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, որտեղ Հայաստանը պետք է զգույշ լինի Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման մեջ»:

Հայաստանի արտաքին քաղաքականության հինգերորդ ասպեկտը, ըստ Ռ.Կիրակոսյանի, վերաբերում է Ադրբեջանին:

«Մի կողմից` մենք կարող ենք շատ խոսել Ադրբեջանի մասին, բայց միաժամանակ շատ քիչ նորություն կա զեկուցելու. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման և խաղաղության գործընթացի առումով շատ քիչ բան է փոխվել:

Փոխվել է միայն Ադրբեջանը: Ադրբեջանն այժմ դարձել է շատ ավելի անխոհեմ, անկանխատեսելի և ինք իրեն վնասող,և շատ առումներում Բաքվում մարդասպանի ներումը և գովաբանումը պարզապես նվեր էր Հայաստանի համար, քանի որ դրանով Ադրբեջանը վնասեց սեփական վարկին` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ընդհանուր առմամբ` նայելով անցած տարվան` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժեղ դիրքերում է, սակայն Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնողական` այդ ուժը պահելու և ամրապնդելու համար»,- ավելացրեց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս