Բոլորը՝ Ալֆրեդի սենյակում
Նրանք, ում ազատ ժամանակը նույնքան շատ է, որքան մեծ է մարդկանց հետ շփվելու ցանկությունը, սոցիալական ցանցերում անկեղծանում են, ինչպես քահանայի առաջ: Պաշտոնական, կարևոր նամակները միմյանց, այդուհանդերձ, փոխանցում ենք էլեկտրոնային փոստով` վստահ, որ մեզնից և հասցեատիրոջից բացի` այդ նամակագրությունը որևէ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Պարզվում է` ո՛չ, հետաքրքրում է: Եվ սա ձեզ համար սրճարանում կատարված գաղտնալսում չէ. Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը, «Նեզավիսիմայա գազետային» տված իր հարցազրույցում, Facebook-ն ու Google-ը գնահատել էր` որպես տեղեկատվական այնպիսի ռեսուրս, որի մասին կերազի ցանկացած հետախուզություն:
Ըստ նրա` դրանք ստեղծվել են` որպես համընդհանուր օգտագործման տարածք, սակայն, ժամանակի ընթացքում մշակել են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեխանիզմներ: «Սա պետական հետապնդման նոր գլուխ է»,- ասել է Ասանժը: Միջազգայնագետ Լևոն Ղազարյանն օգտվում է համացանցից, վարում է անձնական նամակագրություն, սակայն վստահ է, որ, այո՛, իր և, առհասարակ, համացանցից բոլոր օգտվողների նամակագրությունը հետաքրքիր է ոչ միայն նրանց, ում հասցեագրված է:
– Ո՞ւմ է պետք այդ ձանձրալի և անշնորհակալ աշխատանքը` ընթերցել մարդկանց նամակագրությունը: Դուք իրո՞ք կարծում եք, որ վիրտուալ տարածքում անկեղծություններ փոխանակող մարդիկ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում են:
– Ինտերնետն իրավաբանորեն ԱՄՆ սեփականությունն է: Համացանցի օգտագործման իրավունքները շղթայաբար ԱՄՆ-ը փոխանցում է ICANN կիսապետական կազմակերպությանը, որն, իր հերթին` այլ սուբյեկտներին: Այսինքն` գաղտնի հնարքներ չեն պահանջվում, որպեսզի հատուկ ծառայությունները մտնեն այդ ոլորտ:
– Ըստ նույն աղբյուրի` յուրաքանչյուր տեղեկություն, որը օգտատերերը փոխանցում են, ապա ջնջում, հատուկ ծառայությունները գրանցում են և խնամքով պահպանում: Ձեր էլեկտրոնային փոստից օգտվելիս նման մտավախություն չունե՞ք, որ հասցեատիրոջից բացի` ինչ-որ մեկին ևս հետաքրքիր է Ձեր նամակագրությունը:
– Ոչ մի կասկած չի կարող լինել` հենց այդպես է. բոլորը գրանցվում է և պահվում:
– Վերջերս «Քրիստոնյաներն` ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը մտավախություն հայտնեց, թե անձնագրային համակարգ մուծվող վերջին նորամուծությունը` կենսաբանական անձնագրերը, նույնականացման չիպերը «մարդկանց կառավարելու, վերահսկելու համար են, մասոնների ձեռքի գործն են, դիվային են»: Նրա խոսքով` նույնականացման չիպերով զբաղվող «Սորոսի» հիմնադրամը նպատակ ունի մոլորակի բնակչությունը 6 միլիարդից դարձնել 1 միլիարդ: Սա դավադրության հերթական տեսությո՞ւն է, թե՞ նման ծրագիր իրո՛ք կա:
– Տեխնիկան ահռելի տեմպերով զարգացել է` մարդու ամենատարբեր դրսևորումները և հոգեվիճակները (օրինակ, վախը կամ սեռական բնույթի ուշադրությունը) հեռահար կերպով հետախուզելու համար: Նույնը վերաբերում է մարդու մտքի մեջ ասածի գաղտնալսմանը։ Սկսած չիպերից, որոնք կարող են հատուկ հրացանի միջոցով կրակվել մաշկի տակ:
Եվ հակառակը, հնարավոր է՝ հեռահար եղանակներով ուղեղի կամ օրգանիզմի այլ հյուսվածքների վրա ներգործելը, նաև ուղեղին ձայնային ազդակներ փոխանցելը: Էլեկտրամագնիսական ալիքները (ճառագայթումը) կարող են խաթարել հյուսվածքների, օրգանների նորմալ վիճակը: Միկրոալիքային ճառագայթումը (բջջային հեռախոսների ալիքներին նման) թափանցում է 20-25 մետր հաստության բետոնե պատը:
Այսինքն` ճառագայթող սարքն, անգամ հեռավորությունից, կարող է մարդու օրգանիզմի վրա ազդել, ունենալ զանգվածային ազդեցություններ, դրանով անգամ մահափորձեր են հնարավոր: Հատկապես, եթե այդ մարդիկ կանխավ թունավորված են քիմիական նյութերով, որոնք ուժեղացնում են այդ ճառագայթման կլանումը հյուսվածքներում:
Կարելի է հիշել, որ ամերիկյան սենատոր Գոլդուոտերը, որը հենց հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավարն էր, դեռ 1980-ականների սկզբին է ասել, որ տիեզերքից արվող «լուսանկարներն այլևս առանձնապես նշանակություն չունեն»: Որովհետև կա արբանյակային միկրոալիքային ռադիոլոկացիան, որը թույլ է տալիս տեսնել անգամ այն, ինչ կատարվում է տների ներսում:
– Կարծես` ֆանտաստիկ-սարսափ ֆիլմի սյուժե պատմեք:
– Կարող են նաև մարդու հանդեպ հոգեբանական ճնշում իրականացնել: Մարդը կարող է նկատել, որ իր շուրջն արտասովոր հաճախականությամբ որոշակի միջադեպեր են կատարվում, մյուսները` ոչ, և, եթե նա խոսի դրա մասին, նրանց թվա, որ այդ մարդը պարզապես ցնդել է: Առանձին մարդուն հասու ինչպես` միջազգային, այնպես էլ` առօրյա իրադարձությունները կարող են 95%-ով բեմականացված լինել։ Այսինքն, նշված համակարգերը, նաև ինտերնետը, ոչ միայն մարդու մասին համապարփակ տեղեկություններ ստանալու հարմար գործիք են, այլև նրա հոգու և մարմնի հետ խաղալու, հալածելու, նվաստացնելու, խոշտանգելու, հաշմանդամության ու խելագարության հասցնելու և այդպես՝ սադիստաբար զվարճանալու, անգամ հալածվողի նյութական ունեցվածքը խլելու:
Դա ժամանցի եղանակ է ինքնավերացվող քաղաքակրթությունում: Արևմտյան քաղաքակրթությունը համակված է սատանայապաշտությամբ, քանի որ իր դավանաբանական հիմքը մանիքեականությունն է՝ քողարկված սատանայապաշտությունը: Դա կործանարար միտում է, նաև ինքնակործանման միտում:
– Դա ինքնակործանման բնակա՞ն միտում է` այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, թե՞ ուղղորդվող:
– Դա դավանաբանական միտում է: Մանիքեականությունը հավասարեցնում է բարին ու չարը: Դրանով իսկ չարին վերագրելով գոյություն: Ի վերջո, սկսում է ծառայել չարին: Նախկինում, լինելով հավատացյալներ, նրանք հիշում էին Քրիստոսին, բայց հիմա քաղաքակրթության տարածումը, այսինքն` ռացիոնալիզմը, նրանց հեռացրել է անմիջական հավատից. այժմ նրանք չարիքի «հմայքին» դիմադրել չեն կարող:
– Երբ չկար համացանցը, գործակալական ցանցը, հետախուզություններն իրենց աշխատանքն իրականացնելու տեխնիկական բարդություններ գուցե ունեին, սակայն, ինչպես պատմությունից ենք տեսնում, ցանկացած ինֆորմացիա պեղելը բարդություն չի ներկայացրել երբևէ: Արդյո՞ք չափազանցված չէ համացանցին վերագրել գերբնական ինֆորմացիոն կենտրոնի առաքելություն: Ի վերջո, ցանկացած մարդու գործողությունները, մտքերը, որպես կանոն, այնքան կանխատեսելի են, որ դրանք ամենօրյա նամակագրության միջոցով ուսումնասիրելը ժամանակի ուղղակի վատնում է թվում:
– Բանն այն է, որ այդ «ամենօրյա, ձանձրալի, դաժան» աշխատանքը նրանց միակ թշվառ զբաղմունքն է: Քաղաքակրթությունը, երբ հասնում է իր ավարտին, կարիք ունի ժամանակ սպանելու: Ու նրանք փորձում են կյանքն ամեն կերպ և մանրամասնությամբ կեղծել, վերածել ժամանցի։
Ընդհուպ` մինչև գայթակղել և կաշառել մարդկանց, որ կեղծեն իրենք իրենց, ինչքան կամենան՝ ձևացնեն, նմանակեն այն, ինչին երազում էին հասնել, բայց ոչ իրականում հասնեն, հաջողեն: Եվ այդ ամենն ի ցույց է դրված համացանցում: Կարող են խաղադրույքներ ընդունել. եթե այսինչ պատուհասը բերեն տվյալ մարդու գլխին, ապա նրա ռեակցիան որը կլինի։
– Դուք մինչ օրս բջջային հեռախոս չեք օգտագործում:
– Խանգարող հանգամանք եմ համարում:
– Համացանցից օգտվում եք:
– Եվ հենց համացանցում եմ տեղադրել Սանկտ Պետերբուրգից մշակութաբանության դոկտոր Սվետլանա Լուրյեի հետ՝ գլոբալ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի դեմ, մեր ստորագրված հայտարարության սկանը (տե՛ս այստեղ): Որպեսզի հնարավորություն ընձեռնվի հալածվողներին դուրս պրծնել նախապատրաստված ծուղակից, այն է՝ որ ամեն ոք, ով ինչ-որ բան նկատել է, կարող է պիտակավորվել, որ պարզապես գժվել է:
– Ֆինանսական, տնտեսական կորպորացիաներին վերագրվում են աշխարհը կառավարելու ցանկություններ: Բայց միայն այն հանգամանքը, որ մարդը մահկանացու է, ընդ որում` մարդու կյանքը կարող է ընդհատվել խիստ անակնկալ, չի՞ իմաստազրկում այդ գլոբալ ծրագրերը: Դիցուք, բարձր ինտելեկտ, մեծ հարստություն ունեցող մեկը փորձում է մասնակցել աշխարհի կառավարման գործին, ու հանկարծ, ինչպես Բուլգակովի հայտնի գործում է ասվում, գլխին աղյուս է ընկնում:
– Խոշոր կորպորացիաները, իհարկե, գլոբալ կառավարության բաղադրամասերն են: Եվ հակառակը՝ Ինտերնետն այսօր արևմտյան քաղաքակրթության, նաև տնտեսության մի օղակ է: Արդյունքում՝ մարդիկ դնում են տեսախցիկ ննջարանում և իրենց մարմինը ու ընտանիքի ինտիմ կյանքը ցուցադրում դրամի դիմաց, աշխարհի ցանկացած կետում գտնվող անհայտ դիտորդների պիղծ պատվերները ու հրահանգները կատարելով: Չաթերում կա ամեն այլասերություն: Ես ուզում եմ հրավիրել ՀՀ հարկային մարմինների ուշադրությունը. արդյո՞ք ծանոթ են, որ կան եկամտի նման աղբյուրներ, արդյո՞ք դրանք բերված են հարկային դաշտ:
– Մարդուն տրված ամենամեծ շնորհը` կյանքը, տրված է, կարծես, մի շատ հասկանալի գործողության համար` ապրելու: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, մարդիկ չե՞ն գնահատում այդ շնորհը: Եվ ինչո՞ւ է մարդու կյանքն այսքան արժեզրկվել, իմաստազրկվել:
– Մարդկությունը գործ ունի, թերևս, ամենազարհուրելի մարտահրավերի հետ իր պատմության ընթացքում. չարիքը հանդերձվել է չափազանց հզոր տեխնիկական միջոցներով:
– Դուք և՞ս կարծում եք, որ կա գլոբալ ծրագիր` մոլորակի վրա մարդկանց թիվը նվազեցնել 5-6 անգամ:
– Իր վախճանին գնացող ցանկացած քաղաքակրթություն ինքնավերանում է. ծնելիությունը նվազում է, և մարդկանց թվաքանակը պակասում է: Հատուկ միջոցներ ձեռնարկել պետք չէ: Արտադրական տեխնոլոգիաներն այնքան էֆեկտիվ են, որ դրանք սպասարկելու համար բազմամիլիարդ մարդկությունը ավելորդ է: Զուգահառաբար, եթե քաղաքակրթությունը կորցնում է դրական նպատակադրումները, մարդը կորցնում է իր արժեքը:
– Մարդու ապրելու հիմնավորումը գրոշի արժեք է ստանում:
– Մարդն այլևս կարևոր չէ իրենց համար: Եվ, թերևս, դրանով են պայմանավորված այդ ասեկոսեները։
– Խոսեցիք բարու և չարի մասին, նկատեցիք, որ չարը չկա, որ պարզապես փորձ է արվում ներկայացնել` իբր կա: Այդ դեպքերում, եթե չարը չկա, ինչպե՞ս է նա, ինչպես Դուք եք ասում, հաղթում:
– Նա չի հաղթում, որովհետև նա մնում է կախվածության մեջ իր զոհերից: Նա ասելու և անելու բան չունի, փորձում է ուրիշների ասածն ու արածն արատավորել: Հատկանշական է, որ այդ համակարգի պարագլուխները տարբեր միջոցներով ակնարկում են դրա գոյությունը, թեկուզ՝ հենց Ասսանժի ելույթով, սակայն չեն համարձակվում ուղիղ ասել:
Ու ստացվում է մի տարօրինակ պատկեր, երբ ՌԴ նախագահի գործերի կառավարչության ինֆորմացիոն վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Իգնատովը 2000թ. սեպտեմբերի 7-ին «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված ծավալուն ծրագրային հոդվածում պնդում է, որ երկրի վերնախավը պետք է ինտեգրվի համաշխարհային կառավարությանը, սակայն ինքը` համաշխարհային կառավարությունը, քաջություն չունի` ի լուր բոլորի իրեն հայտարարել: Ինչո՞ւ: Որովհետև գիտի՝ ծառայում է չարին: Այդ իր վախը հարկ է ամեն առիթով մատնացույց անել` իբրև նրա խորքային թուլության նշան։
– Մի քանի անգամ գործածեցիք «մեռնող քաղաքակրթություն» արտահայտությունը: Իրո՞ք հակված եք կարծելու, որ մեր քաղաքակրթությունը մեռնում է:
– Արևմտյան քաղաքակրթությունը մեր քաղաքակրթությունը չէ, քանի որ նա ունի մանիքեական դավանաբանական հիմքեր. կաթոլիցիզմը ու բողոքականությունը, երկբնակականությունը, ինչպես և, ի վերջո, մահմեդականությունը: Պատահական չէ, որ արևմտյան քաղաքակրթությունն աջակցում է մահմեդական ահաբեկչական կազմակերպություններին: Հայաստանը զերծ է դրանից: Եվ Հայաստանի դերը, այդպիսով, կարևորվում է: Նա մի կողմից` դառնում է թիրախ` Հայ Առաքելական եկեղեցու դավանանքն ընդդիմանում է այն ամենին, ինչի մասին խոսեցինք: Մյուս կողմից՝ նշմարում ազատագրման հույսը, որը ձգողական է։
– Դուք իմ զրուցակիցներից, թերևս, միակն եք, ով ամեն զրույցի ժամանակ Հայաստանին առանձնահատուկ դեր է վերապահում:
– Դա հաստա՛տ հաճոյախոսություն չէ։