Արդյոք կհարցաքննվե՞ն խոշտանգող «բարձրաստիճան» քննիչները
Մատաղիսի զորամասի 2 զինծառայողների մահվան գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երեք տղաներին՝ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին անմեղ ճանաչելու արդարացման վճռին հաջորդեցին ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները:
Նրա համոզմամբ՝ նախաքննական մարմնի մեղադրանքը հիմնավորող ապացույցները բավարար և թույլատրելիության տեսանկյունից գնահատված էին: «Երբ կստանանք դատարանի որոշումը՝ ունակ կլինենք գնահատել, թե դատավճիռը կոնկրետ ո՞ր փաստերի վրա է հիմնված: Համենայնդեպս, ունենք այն, ինչ ունենք: Ունենք արդարացման վճիռ»,- ասել է Գ. Կոստանյանը՝ ավելացնելով, որ Զինդատախազությունը համաձայն լինի թե չլինի՝ այս գործն արտացոլում է մրցակցային դատավարության էությունը, բովանդակությունը: Այլ կերպ ասած՝ դատարանի որոշումը միշտ չէ, որ կարող է համընկնել մեղադրանքի կամ պաշտպանության կողմի փաստարկների հետ:
Այնուամենայնիվ, զինդատախազը բազմիցս նշեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո միայն կարող են գնահատել վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննության անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ 2006թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը ՀՀ Զինվորական գործերով վերաքննիչ դատարանի երեք տղաների ցմահ ազատազրկման դատավճիռը բեկանել և գործն ուղարկել էր լրացուցիչ նախաքննության: Դատարանի որոշման մեջ նաև փաստված էր, որ այն ապացույցները, որոնց վրա կառուցվել է մեղադրանքը, ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում:
Նախաքննական մարմինը լրացուցիչ քննություն կատարելու ընթացքում սպանություն կատարելու մեղադրանքը վերաորակել էր` ծանր մարմնական վնասվածք: Այսպիսով, չի բացառվում, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարությունն այլևս ոչ արդյունավետ համարելով` Զինդատախազությունը նախաքննության նոր փուլ սկսի: Քանի որ 9 տարի շարունակ նախաքննական մարմինը դատարաններում չի կարողանում հիմնավորել իր կազմած մեղադրանքը, այլևս պարտավոր է նոր նախաքննության ընթացքում հաշվի առնել մի շարք փաստեր, որոնք ոչ միայն գործի էությունն են փոխում, այլ սպանության գիծը տանում են այլ ուղիով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զինդատախազությունը նախորդ լրացուցիչ քննության ընթացքում առանձնապես նոր հանգամանքներ չէր հայտնաբերել և ընդամենը մեղադրանքն էր վերաորակավորել, առաջիկայում մենք հետևողականորեն ուսումնասիրելու ենք Զինդատախազության գործողությունները, մասնավորապես` պարզելու համար, թե «Մատաղիսի» գործով առկա մի շարք ապօրինություններն ու փաստերը որքանո՞վ կդառնան նախաքննական մարմնի քննության առարկան: Եվ, քանի որ այդ փաստերն 9 տարի շարունակ մնում են չուսումնասիրված, մենք այն մեկ առ մեկ կշարադրենք, որպեսզի ներկայիս զինդատախազ Գ. Կոստանյանի աչքից չվրիպի ինչպես` իր, այնպես էլ՝ իր նախորդների թերացումները:
Խոշտանգումների մասով
Դեռ 2006թ. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ հաստատվել է այն հանգամանքը, որ մեղադրանքը կառուցվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված` Ռ. Սարգսյանի խոստովանական ցուցմունքի հիման վրա: Այսօր էլ Ռ. Սարգսյանը հայտարարում է, որ քննիչները, խոշտանգելուց բացի, նրան սպառնացել են բռնաբարել, և վախի ազդեցության տակ նա խոստովանական սուտ ցուցմունք է տվել: Ընդ որում, առայսօր Ռ. Սարգսյանի թևատակերին սպիներ կան, որոնք առաջացել են առաստաղից պարանով կախելու և ծեծի ենթարկելու արդյունքում:
Տղաներից մյուս երկուսը՝ Արայիկ Զալյանը և Մուսա Սերոբյանը, նույնպես հայտարարել են, որ Մարտակերտի և Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժիններում իրենց ծեծել, խոշտանգել են՝ ստիպելով սպանության հետ իրենց առնչության մասին ցուցմունք տալ: Թեև ապարդյուն, քանի որ այս երկու տղաներն ի սկզբանե չեն ընդունել մեղադրանքը: Երևան տեղափոխելուց հետո օրենքով սահմանված 72 ժամի փոխարեն` նրանց Ռազմական ոստիկանության մեկուսարանում պահել են երեք ամիս միայն նրա համար, որ իրենց մարմնի սպիները, կապտուկները վերանան, տեսանելի չլինեն:
Այլ կերպ ասած՝ քրեակատարողական հիմնարկ չեն տեղափոխել այնքան ժամանակ, քանի դեռ տղաների մարմնական վնասվածքները, բռնության հետքերը չեն վերացել: Երեք տղաներն էլ վկայություն են տվել նախաքննական մարմնի կողմից իրականացվող բռնությունների մասին: Բացի այդ, դատարան կանչված 7 վկաները նույնպես վկայել են բռնությունների մասին, քանի որ նրանց նույնպես դաժան ծեծի են ենթարկել սպանության հետ նրանց առնչությունը բացահայտելու համար:
Ի վերջո, Ռ. Սարգսյանի` բռնությամբ կորզված ինքնախոստովանական ցուցմունքի տեսագրությունը արդյոք հնարավոր չէ՞ փորձաքննության ենթարկել: Այսպիսով, վերոնշյալ վկայություններն առայսօր մնացել են անարձագանք, հետևաբար, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնությունների մասով նախաքննությունը ոչ միայն քրեական գործ չի հարուցել, այլև նույնիսկ նպատակահարմար չի գտել Վճռաբեկ դատարանի կողմից անթույլատրելի ապացույց որակված փաստերը քննության առնել:
Սպանության օրվա հանգամանքները
Սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանն, ի սկզբանե հայտարարել և այսօր էլ պնդում է, որ կեղծվել են որդու մահվան հանգամանքները: Մասնավորապես, երկու զինծառայողների մահվան օրն ու ժամը թեև մեղադրական եզրակացության մեջ նշված է 2003թ. դեկտեմբերի 24-ը, այդուհանդերձ, ըստ Մ. Մկրտումյանի, իր որդու դիակը թարմ է եղել, իսկ Ռ. Եղիազարյանի դին՝ քայքայված, հետևաբար` նա սպանվել է Հ. Մկրտումյանից մոտ 13-14 օր առաջ: Ի դեպ, նրա այս պնդումը հիմնավորվում է նաև դիահերձման ընթացքում ձեռք բերված դատաբժշկական փորձաքննության եզրակացության նախնական արդյունքներով: Այլ կերպ ասած՝ իր որդին սպանվել է ոչ թե 2003թ. դեկտեմբերի 24-ին, այլ՝ 2004թ. հունվարի 7-8-ին: Իսկ թե ինչո՞ւ է այս երկու երիտասարդների մահվան օրն ու ժամը նախաքննությունը հարմարեցրել դեկտեմբերի 24-ին, հուսով ենք, կպարզի նախաքննական մարմինը:
Բացի այդ, Հ. Մկրտումյանն ի սկզբանե հայտարարել է, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկելու ժամանակ նրա օգնության ճիչերը լսվել են ոչ թե ջրանցքի մոտ գտնվող շինությունից (ըստ մեղադրանքի՝ սպանության դեպքի վայրը եղել է այդ շինության տարածքը, իսկ սպանվածների դիակները հայտնաբերվել են ջրանցքից), այլ՝ զորամասից, որի մասին նաև վկաներից ոմանք են պնդել:
«Զենքս հանելու եմ` բոլորիդ ճակատին շարեմ»
2011թ. հուլիսի 7-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա դատարան էր հրավիրվել սպանված Ռոման Եղիազարյանի ուսուցչուհի Կարինե Գևորգյանը, ով, ինչպես Ռոմանի ծառայության շրջանում, այնպես էլ հիմա ապրում է Մատաղիս գյուղում: Ռոմանին բնութագրելու ընթացքում նա վկայել է, որ Ռոմանն ազնիվ երիտասարդ էր և ընդունակ չէր որևէ մեկին նեղացնել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, սպանված երկու տղաները նախկին ամբաստանյալներից պահանջել են Ռ. Սարգսյանի տանից ուղարկված ծանրոցը, ինչի արդյունքում վեճ է բռնկվել:
Կ. Գևորգյանը դատարանում հայտարարել է, որ իր ընտանիքին բազմիցս սպառնացել են շատ չխոսել և, որպես սպանության կասկածյալներ, չհամարձակվել զորամասի հրամանատարներ Միշա Արզումանյանի և Իվան Գրիգորյանի անունները տալ: Ավելին, տարիներ առաջ մի սպա զենքով ներխուժել է Կ. Գևորգյանի բնակարան և սպառնացել. «Շատ այլանդակ պահվածքով ասաց` եթե մի անգամ էլ Միշիկի ու Իվանի անունները տաք՝ զենքս հանելու եմ, բոլորիդ ճակատից կրակեմ»,- դատարանում վկայություն է տվել Կ. Գևորգյանը՝ ավելացնելով, որ սկզբնական շրջանում Ռ. Եղիազարյանի ծնողները նույնպես սպանությունը կատարելու մեջ կասկածել են հրամանատարներ Ի. Գրիգորյանին և Մ. Արզումանյանին, սակայն հետագայում փոխել են իրենց դիրքորոշումը:
Այնուամենայնիվ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման արդյունքում մենք հետևողականորեն կներկայացնենք ուշագրավ փաստեր և դատարանում հնչած վկայություններից մանրամասներ: «Մատաղիսի» գործով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի միջոցով ցուցմունք կորզելու մասին վկայությունները պետք է նախաքննական մարմնի համար որպես ահազանգ հնչեն, սակայն, թե որքանո՞վ քննության կառնվեն այս գործով քննիչների գործողությունները` այն դեպքում, երբ նրանք այսօր զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ՝ ցույց կտա ժամանակը:
Հիշեցնենք, որ «Մատաղիսի» գործով քննչական խմբի ղեկավար Արմեն Հակոբյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Քննիչ Վարդան Խաչատրյանն էլ զբաղեցնում է Պաշտպանության նախարարության Քննչական վարչության պետի պաշտոնը: Նույն գործով Ալիկ Մարգարյանը՝ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետն է:
Այսինքն՝ նրանցից երկուսը` աշխատում են մի կառույցում, որի ղեկավարը վերջերս համակարգի աշխատակիցների բռնություն գործադրելու «ավանդույթը» որակեց` որպես տգիտության, մասնագիտական հմտությունների բացակայության հետևանք:
«168 ԺԱՄ»