Լևոն Տեր-Պետրոսյանի բալանսը նվազում էր. Արմեն Մարտիրոսյան
«Արմատական գործընթացներ չեն կարող լինել Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով կամ առաջադրվելով: Ընդդիմադիր դաշտի ձայների վրա որոշակիորեն ազդեցություն կունենա, բայց գլոբալ առումով մեծ տեղաշարժեր չեն լինի, մանավանդ որ ՀԱԿ-ի և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժային բալանսը` քաղաքական առումով, քանի գնում նվազում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վերաբերյալ որոշումը:
Նա հիմնավոր չհամարեց Տեր-Պետրոսյանի՝ տարիքի վերաբերյալ պատճառաբանությունը` ասելով, որ եթե տարիքի խնդիր լիներ, ապա նա ավելի վաղ պետք է դուրս կգար քաղաքական պրոցեսներից:
«Մեկ անգամ չէ` ասել եմ, որ այդ որոշումը լինելու է անձնական տիրույթում, որովհետև եթե քաղաքական հարթությունում նայենք, առաջադրումը միանշանակ կարծես թե պետք էր, համենայնդեպս, իր քաղաքական թիմը դա պահանջում էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը «ճշգրտումների» պատճառով էր հետաձգում իր որոշման մասին հայտարարությունը:
«Ցանկացած դեպքում՝ կար քաղաքական ճշգրտումների անհրաժեշտություն, որից հետո այդ քաղաքական հիմքերն ունենալով, պետք է իր անձնական որոշումը կայացներ»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:
Կլինի՞ այլ թեկնածու Կոնգրեսից, թե՞ ոչ, և արդյոք ՀԱԿ այլ թեկնածուի պարագայում Կոնգրեսին մաս կազմող քաղաքական ուժերը կսատարե՞ն նրան՝ Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների վերաբաշխմանը, ապա «Ժառանգությունն», ըստ Արմեն Մարտիրոսյանի, հատուկ քաղաքականություն չի վարում:
«Մենք մեր գործն ենք անում, մեր հստակ ուղեգիծն եք առաջ տանում, իսկ թե այդ քաղաքական պայքարին ինչ խմբեր կմիանան՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Ժառանգության» միակ մրցակիցն իշխանությունն է:
Անդրադառնալով շրջանառվող պնդումներին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումից հետո ընտրությունների ելքն այլևս դառնում է կանխորոշած, Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«Այն տեխնոլոգիաները, որ պետք է կիրառեն իշխանությունները` անկախ նրանից, թե քանի թեկնածու է լինելու և այդ թեկնածուների անունը ինչ է լինելու, կկիրառեն: Այնպես որ, դա առանձնապես տարբերություն չի տալու իշխանությունների կողմից կիրառվող կեղծիքների հարցում»: