Բագրատյանը հավակնում է «ահագին» տոկոս հավաքել

Երեկ Խուլ ու համրերի մշակույթի պալատում կազմակերպված « Ազատություն» կուսակցության համագումարը կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին առաջադրեց նախագահի թեկնածու: Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ ինքը կուսակիցների հետ նախագահ առաջադրվելու հարցը քննարկել է երեք-չորս ամիս առաջ, բայց ձեռնպահ են մնացել դրա մասին մամուլին տեղեկացնելուց: Բագրատյանն իր կազմակերպած համագումարին հրավիրել էր ՀԱԿ գործող և նախկին անդամ կուսակցություններին, բայց նրանցից հրավերն ընդունել էին մի քանիսը:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունից ներկա էր միայն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, բայց նույնիսկ նա չի պաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, եթե նկատի ունենանք, թե ինչպիսի բոցաշունչ ելույթ ունեցավ նա ՀՀՇ համագումարում, գրեթե կոչ անելով Տեր-Պետրոսյանին առաջադրվել: Եթե հաշվի առնենք, որ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը բացակայում է հարգելի պատճառով, նա վատառողջ է, ապա խմբակցության մյուս չորս անդամներն ընդհանրապես բոյկոտել էին ՀԱԿ անդամի համագումարը, իսկ սա արդեն խոսում է այն մասին, թե ինչ ջերմ և գործընկերային հարաբերություններ են տիրում այս քաղաքական կառույցում:

Հրանտ Բագրատյանն իր ելույթի սկզբում խոսեց իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների մասին, քանի որ ՀԱԿ-ում սպասում են Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, իսկ Բագրատյանը չսպասեց և հայտարարեց առաջադրման մասին:«Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերությունների մեջ եմ, կարծում եմ` դա այդպես է, և չեմ կարծում` մենք երբևէ խնդիր կունենանք իրար ճանապարհ խաչաձևելու: Ես նման մտադրություն չունեմ»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Համագումարից հետո Բագրատյանը կրկին հավաստիացրեց, որ ինքը մնում է իր խոսքի տերը, և եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվի, ինքը նրան չի խանգարի: ՀԱԿ-ում այնպիսի միջանձնային մթնոլորտ է ձևավորված, որ եթե անգամ Տեր-Պետրոսյանն չառաջադրվի, որևէ մեկը չի պաշտպանի Բագրատյանին, քանի որ նա անսխալական առաջնորդի և համաշխարհային մեծության գործչի համարում չունի:

Կարդացեք նաև

Հրանտ Բագրատյանը խոսելով իր առաջադրման նպատակների մասին` հայտարարեց. «Իմ առաջադրման նպատակն է, որ ի տարբերություն 5 տարի առաջվա համաժողովրդական շարժման, որն իշխանափոխության շարժում էր, վերջապես մենք փորձենք այդ նույն շարժման մեջ գտնել գաղափարակից, տնտեսական, քաղաքական հայացքներում ընդհանրություններ ունեցող մարդկանց թիմ: Ազատական, լիբերալ արժեքների, բաց քաղաքականության, հրապարակային քաղաքականության կողմնակիցներ»:

Եթե «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ազատական արժեքներ դավանող քաղաքական ուժերին և գործիչներին միավորելու է նախագահական ընտրություններից հետո, Բագրատյանը փորձելու է դա անել ընտրությունների միջոցով: Բայց նա նշում է անուններ, որոնք ոչ մի կապ չունեն ազատականության կամ լիբերալիզմի հետ:

Օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը սոցիալ դեմոկրատիան է, կամ դժվար է ասել, թե որքանով են ազատական արժեքների կողմնակիցներ Սասուն Միքայելյանը կամ Վաղարշակ Հարությունյանը: Ավելի ճիշտ կլիներ, եթե Բագրատյանը հայտարարեր, որ ինքը փորձելու է միավորել Տեր-Պետրոսյանից հիասթափված և հեռացած քաղաքական ուժերին:

Բագրատյանն ըստ էության, ասում է, որ իր առաջադրումը պարտադրված քայլ է, ինքը կուզենար, որ իր փոխարեն մեկ ուրիշն առաջադրվեր, բայց քանի որ նման ցանկություն ունեցող չկա, առաջադրվում է. «Ոչ մի ամբիցիա չունեմ, իշխանության չեմ ձգտում, գիտեմ, որ քվեարկվեմ` ահագին տոկոս կհավաքեմ»,- ասում է նա: Նա չի խոսում նախագահ ընտրվելու մասին, ասելով, որ իշխանության չի ձգտում, չի խոսում հաղթանակի մասին, այլ խոսում է ահագին տոկոս հավաքելու մասին: Սա ինքնին չափազանց վատ սկիզբ է:

Ենթադրենք` Բագրատյանը ստացավ 10 կամ 15 տոկոս, որը «ահագին» է, բայց ի՞նչ կարելի է անել այդ ահագին տոկոսներով: Գուցե փորձել իշխանությունից ինչ-որ կտոր ստանալ դրա դիմաց: Բագրատյանն ասում է, որ դա իրեն պետք չէ, ինքը պաշտոն չի ուզում:

Հնարավոր է, որ Բագրատյանին այդ ահագին տոկոսը պետք է, որ նա կարողանա իսկապես համախմբել ազատական բևեռը, որպեսզի դառնա այդ բևեռի համընդհանուր ընդունելի առաջնորդ: Բայց Հայաստանում գաղափարական միավորումներն անհնար են. մարդիկ միավորվում են, երբ տեսնում են, որ կա իշխանություն վերցնելու և այն բաժանելու հնարավորություն, և բաժանվում են, երբ այլևս դադարում են հավատալ այդ հնարավորությանը:

Հրանտ Բագրատյանը, ով լավ տնտեսագետի համարում ունի, երեկ փորձեց ցույց տալ, որ տիրապետում է նաև արտաքին քաղաքականության նրբություններին: Նա իր ելույթի մի հսկայական մասը նվիրեց արդի արտաքին քաղաքական իրավիճակի վերլուծությանը. «Մենք գտնվում ենք տնտեսա-քաղաքական մի իրավիճակում, երբ մեզ փորձում են համոզել, որ մենք մեր ստացածի դիմաց ոչինչ չունենք տալու, ուրեմն պետք է գնանք քաղաքական զիջումների: Այդ զիջումների ներկապնակն էլ տարբեր է. Միացյալ Նահանգները փորձում է թուլացնել Ռուսաստանի դիրքերը, Եվրամիությունը համագործացություն է ծավալում ինչ-որ արժեքների շուրջ, Ռուսաստանը պահանջում է հավատարմության երաշխիքներ. սրանք տարբեր պահանջներ են բայց նրանց միավորում է մի բան, նրանք անկեղծորեն շահագրգռված չեն, որ Հայաստանում ձևավորվի ազգընտիր, լեգիտիմ իշխանություն:

Նրանց ուժեղ Հայաստան պետք չէ, վատ չէր լինի տեսնել թույլ նախագահ, կոռումպացված վարչապետ, կառավարություն, և պայքարել այդ չակերտավոր անազնիվ երևույթների դեմ: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ուզենա Հայաստանի կազմալուծումը, բայց գերակայում է կախյալ և թույլ երկրի տեսլականը»:

Իհարկե, Բագրատյանը զերծ չմնաց նաև տնտեսական իրավիճակի վերլուծությունից, մեկ առ մեկ թվարկեց, թե որքան գումար է մտել Հայաստան և որքան` կապիտալի տեսքով արտահոսել, որքան է աճել արտաքին պարտքը, և, թե ինչու Հայաստանի կառավարությունը միջազգային ֆինանսկան կառույցների ճնշման տակ որոշեց բյուջեի դեֆիցիտը դարձնել 2,6 տոկոս, այն դեպքում, երբ արևմտյան շատ երկրներում այն 10 տոկոս է: Խոսելով հատկապես վերջին հինգ տարիների մասին, Բագրատյանը հայտարարեց, որ չնայած այդ 5 տարվա ընթացքում Հայաստանը ՀՆԱ-ի 5 տոկոս աճ է ունեցել, բայց համաշխարհային միջինը եղել է 12 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանը հինգ տարում ևս 7 տոկոսով հետ է մնացել աշխարհից:

Նախկին վարչապետի ներկայացրած թվերը ծանոթ են ընթերցողներին, պարոն Բագրատյանը դրանց մասին բազմիցս խոսել է այլ հրապարակային ելույթներում: Կարևորն այն էր, որ նա երեկվա իր ելույթն ավարտեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ոճով. «Ես տեսնում եմ ամեն մի քարը, ամեն մի աղյուսը, ես ի վիճակի եմ դա դնելու»: Հիշեցնենք, որ Օբաման էլ էր խոստանում, որ կարող է: Նա հաղթեց, որովհետև ամերիկացիները հավատացին, որ իրենք կարող են: Հայաստանում հավատի հետ կապված լուրջ խնդիրներ կան, և դա կապված չէ միայն Բագրատյանին հավատալու հետ:

Տեսանյութեր

Լրահոս