Բաժիններ՝

Էլեն Քալաշյանը երազում էր մայր դառնալ

Դեկտեմբերի 22-ին մահացել է Էլեն Քալաշյանն, ում մոտ երկու տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ էին ախտորոշել: Իր հիվանդության մասին նա իմացել էր 31 տարեկանում, սակայն որոշել էր պայքարել դրա դեմ` չնայած բոլոր դժվարություններին: Էլենը մինչև վերջ հավատում էր, որ բուժվելու է…

168.am-ը դեռևս 2011թ. հուլիսին անդրադարձել էր Էլենի պատմությանը, զրուցել նրա հետ:

Երազում էր մայր դառնալ: Արդեն 31 տարեկան էր ու ուզում էր կյանքն իմաստավորել: Մեկ-մեկ երազում էր Մոցարտի, Բախի սիմֆոնիաների ներքո, սիրում էր դասական երաժշտություն` հավատալով, որ այն մարդու հոգին մաքրում է: Երբ ձանձրանում էր` անմիջապես գնում էր պատկերասրահներ` արվեստի գործերից ուժ ստանալու:

«Մամոգրաֆիայի կենտրոնում Անի Հակոբյանը երկարատև ստուգումներից հետո ասաց, որ չարորակ գոյացություն կա` քաղցկեղ:

Կարդացեք նաև

Ասաց, որ պետք է կուրծքն ամբողջությամբ հեռացնել: Զգում էի, որ լսում եմ, բայց նաև չէի կարողանում հասկանալ` ի՞նչ է կատարվում: Հիմա հիշում եմ, որ մենակ «հա» ու «չէ» էի ասում: Ոչինչ չէի զգում: Գնացի տուն` շոկի մեջ, շփոթված: Զգայարաններս մի տեսակ քարացել էին: Երկու օր ոչինչ չէի գիտակցում: Կամաց-կամաց սկսեցի մարսել, որ դա իմ մասին է, ու մշտապես ինքս ինձ հարցնում էի` պիտի մեռնե՞մ: Ինձ կորցրել էի»: Էլեն Քալաշյանը երբեք առողջական որևէ խնդիր չէր ունեցել: Մշտապես սովորել ու աշխատել էր, մի քանի մասնագիտություն ուներ:

Նախկինում աշխատել է հեռուստատեսությունում և ռադիոյում` որպես հնչյունային ռեժիսոր, այնուհետև եղել է «Հայֆեստ» թատերական միջազգային, ինչպես նաև` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոների կազմկոմիտեում: Կենսուրախ, կյանքի նկատմամբ հավատով լի մարդ էր: «Հասկանո՞ւմ եք, ես իրավունք չունեմ կոտրվելու, ուզում եմ լիարժեք ապրել այնքան, որքան կարող եմ: Բնականաբար, ժամանակ առ ժամանակ դեպրեսիվ եմ դառնում, քիմիաթերապիան շատ ծանր բան է, բայց ժամանակի ընթացքում մեջս ուժ եմ գտնում: Այսպես ասած` արհամարհում եմ մահը: Ես էնքան ծրագրեր ունեի… Չէր կարելի էսպես: Էնքան էի ուզում մայրանալ»,- ասում էր Էլենը:

Վիրահատությունից հետո, քիմիաթերապիայի և դեղորայքի համար գումար հայթայթելու համար ընկերները հաշվեհամար էին բացել: Էլեն Քալաշյանը քիմիաթերապիայի բուժման մի քանի կուրս էր ստացել այն մարդկանց շնորհիվ, ովքեր արձագանքել են սոցիալական կայքերում նրա հիվանդության մասին հայտարարությանը: Ողջ մնալու համար անհրաժեշտ էր ևս մի քանի կուրս ստանալ: Ամեն ինչ կախված էր գումարից, քանի որ «Herceptin»-ի յուրաքանչյուր սրվակն արժե 1մլն 120.000 դրամ:

«Մի օր պատահաբար տեսա, որ ընկերներս «Facebook» սոցիալական ցանցում հաշվեհամարս ու հիվանդության իմ պատմության մասին տեղեկատվություն են տարածել: Էդքան հիվանդությունիցս չէի հուզվել, որքան նրանից, որ հասկացա, թե ինչքան մարդ է իմ կողքին կանգնած: Ինձ համար շատ կարևոր էր զգալ, որ ես մենակ չեմ, դա ինձ մեծ ուժ տվեց, որովհետև շատ մարդիկ են արձագանքում: Շատերը չեն հրապարակում, չեն գրում իրենց ով լինելը, բայց բանկային հաշվին փոխանցված գումարով ես տեսնում եմ, թե ովքեր են ինձ ձեռք մեկնել: Էնքան շնորհակալ եմ այդ մարդկանց»,- ասում էր Էլենը:

31-ամյա Էլեն Քալաշյանը զարմանալի կամքի ուժի տեր մարդ էր: Նույնիսկ իր հիվանդության մասին խոսելիս՝ ժպտում էր: Երբ մոտենում էր 4500 դոլար արժողությամբ (յուրաքանչյուր կուրսը) ստանալու ժամանակը` խուճապահար էր լինում, բայց հավատում էր, որ մարդիկ ձեռք կմեկնեն ու իր կողքին կլինեն: Նա, ստիպված, նամակներով դիմել էր հանրապետության մեծահարուստներին և պաշտոնյաներին, բայց…

«Նրանցից ոչ մեկն իմ խնդրանքներին չարձագանքեց: Ես ուղղակի խնդրել էի օգնել ինձ` կյանքս երկարացնելու համար: Հավատացե՛ք, որ շատերին եմ դիմել, ովքեր մեծ փողեր ունեն: Ինձ համար զարմանալին էն է, որ հարուստներն անտարբերության մատնեցին այն փաստը, որ մի փոքրիկ գումար ներդնելով` կփրկեն երիտասարդ աղջկա կյանքը, բայց համեստ աշխատավարձով ապրող մարդիկ իսկույն արձագանքեցին: Երբ հաշվեհամարս ստուգում եմ, տեսնում եմ, որ մեկը` 2000 դրամ, մյուսը` 200 դոլար կամ 1000 դրամ է ուղարկել: Դա շատ թանկ բան է ինձ համար, հավատացե՛ք: Այսինքն` օրվա հացի գումարը մի կերպ վաստակող մարդիկ պատրաստ են իրենց դրամով մարդու կյանք փրկել, իսկ շատ մեծ փողեր ունեցողները, ցավոք…»,- մեզ հետ զրույցում պատմել էր նա:

«168 Ժամը» ցավակցում է Էլեն Քալաշյանի հարազատներին, բոլոր ընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս