Իշխանությունը վերահսկում է նաև «ճիշտը»

Այսօր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 19-ին ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարվել էր պատասխանել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հարցին և սպառնացել էր կոտրել վերջինիս «ծնոտը»:

Մհեր Սեդրակյանն այսօր հանդես է եկել այնպիսի հայտարարությամբ, որ թվում է` դրա հրապարակումից հետո նրա հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն բանասիրական, այլ նաև փիլիսոփայական կամ առնվազն սոցիոլոգիական գիտությունների թեկնածուական աստիճանի ստացումը:

Մհեր Սեդրակյանի` ափսոսանք հայտնելու քայլը կարելի էր ողջունել, եթե դա չլիներ այդքան արհեստական ու այդքան կոնյունկտուրային: Վերը նշված միջադեպից հետո Մհեր Սեդրակյանը մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ 168.am-ին տված պարզաբանումներում ոչ միայն չէր զղջացել իր արարքի համար, այլև իր վրդովմունքն էր հայտնել առ այն, որ լրագրողին դատապարտելու փոխարեն՝ ոմանք իրեն են դատապարտում:

«Լրագրողները Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը դատապարտում են, մենք էլ էինք գաղտնի բան խոսում, ինչի՞ համար եք ձայնագրում կամ նկարում: Ի՞նչ է՝ ես չպե՞տք է դատապարտեմ ինձ իմ կամքին դեմ նկարելն ու ձայնագրելը: Ի՞նչ տարբերություն՝ թաքուն գաղտնալսո՞ւմ են, թե՞ բացահայտ կանգնած նկարում ու ձայնագրում են մարդկանց զրույցը… Երկու անգամ հանգիստ զգուշացրեցի, տեսա՝ նույն պոզայով կանգնած են, մի երկու-երեք րոպե խոսում եմ, անընդհատ զգուշացնում եմ, ասում եմ՝ գնացեք, էս մարդու հետ վերջացնեմ, հետո ձեր հետ կխոսեմ: Մի մարդ, ով մարդկային լեզու չի հասկանում, նա մա՞րդ է, նա մարդ կոչվելու իրավունք ունի՞»,- ասել էր Մհեր Սեդրակյանը:

Այսինքն` նա պարզորոշ կերպով հասկացրել էր, որ «տղայականով» ինքը «ճիշտ» է, իսկ «ճշտի» համար, ինչպես հայտնի է, ոչ միայն ներողություն չեն խնդրում, այլև գովասանքի խոսքեր են ասում: Այն, որ Մ. Սեդրակյանը վերը նշված միջադեպը դիտարկում էր ոչ թե պատգամավոր-լրագրող հարաբերությունների, հանրային շփման, այլ հենց տղայական հարթությունում, զգացվում է նաև նրա հետևյալ հայտարարությունից:

«Եթե ուզում է՝ թող դիմի, քանի որ էթիկայի կանոններն ինքն է խախտել, ոչ թե ես: Էթիկայի կանոնները խախտելով՝ ինքն է ուզում իմ վրա բողոքել, ես էլ կարող եմ բողոքել, բայց ես բողոքող չեմ»,- ի պատասխան դիտարկմանը, որ լրագրող Մհեր Արշակյանը կարող է դիմել Էթիկայի հանձնաժողովին՝ համարելով, որ Ձեր պահվածքում կան էթիկայի խախտումներ, ասել էր Մհեր Սեդրակյանը: Թե ինչ իմաստով է գործածվում «ես բողոքող չեմ» արտահայտությունը, բոլորին է հայտնի:

Այսքանից հետո թվում էր, թե Մ. Սեդրակյանը կգտնվի իր «տղայական» բարձունքներում և մինչև վերջ կպաշտպանի «ճիշտը»: Բայց քանի որ Հայաստանում այդ կատեգորիաները ևս բացառապես կոնյունկտուրային են դարձել, «ճիշտը» դառնում է «սխալ», երբ այն խաչվում է իշխանության շահերին:

Առջևում ընտրություններ են, ու «Դեպի Ապահով Հայաստան» կարգախոսով ընտրությունների գնացող Ս. Սարգսյանի համար Մհեր Սեդրակյանի «ճիշտը» ավելորդ գլխացավանք դարձավ: Նրան երևի խորհուրդ տվեցին ևս մեկ անգամ ուշադիր կարդալ կամ լսել իր առաջնորդի ելույթը ու վեագնահատել ճիշտն ու սխալը, ինչի արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, ծնվել է պատգամավորի` ոսկեղենիկ մայրենիով գրված հայտարարությունը:

Անկախ ամեն ինչից, իհարկե, դրական է, որ լրագրողի հետ նման կերպ վարված պատգամավորը, այն էլ՝ Մհեր Սեդրակյանի նման պատգամավորը, գոնե ափսոսանք է հայտնում: Թեև նման դեպքում նա պարտավոր էր ներողություն խնդրել:

Սակայն վատն այն է, որ դա արվում է ոչ թե ներքին մղումներից ելնելով, այլ իշխանության թելադրանքով: Ավելի վատ է այն, որ իշխանության վերնախավի մեծամասնությունն իրականում ապրում և առաջնորդվում է հենց այդ կոնյունկտուրային ճշտով, որը քարոզչական նպատակներով դառնում է «սխալ» ու դատապարտվում:

Իրականում Մհեր Սեդրակյանի հետ կատարվածը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում նույնիսկ ամենաանձնական, ամենաինտիմ երևույթները, ինչպիսին է, ասենք, ափսոսանքը, ամոթի զգացումը, ապաշխարանքը, գտնվում են իշխանության բացարձակ վերահսկողության հերքո: Եվ իշխանական համակարգի ներկայացուցիչները՝ հանուն իրենց կարգավիճակի, ունեցվածքի և շատ այլ երևույթների, ստիպված են իրենց ոչ միայն ֆիզիկական կենսակերպը, այլ նաև ներաշխարհը, հոգևոր ապրումները համապատասխանեցնել կուսակցական հրահանգներին: «Դեպի ապահով Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս