Րաֆֆին շատ ռոմանտիկ մարդ է. Արմինե Հովհաննիսյանը` իր` նախագահի թեկնածու ամուսնու մասին

«Գո՞հ եք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումից». galatv.am-ի այս հարցին պատասխանել է Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը:

«Դժվար հարց եք տալիս: Սա արդեն երրորդ ընտրարշավն է, որում ներգրավված է իմ ամուսինը, և պետք է ասեմ, որ մեծ ուրախությամբ չեմ ընդունել այս առաջադրումը: Բայց կարծում եմ, ինչ որ Րաֆֆին է անում, դա ճիշտ է, դա ազնիվ է, և դա պետք է այդպես լինի, ու ես նրա կողքին պետք է լինեմ»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին՝ դժվար չէ՞ արդյոք մտնել ընտրապայքարի մեջ, երբ արդեն իսկ հայտարարվում է, որ պայքարը գնալու է երկրորդ, երրորդ տեղերի համար, Արմինե Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ պատմության էջերը նայելով՝ կտեսնենք, որ միշտ ռոմանտիկ մարդիկ, շատ մեծ հավատ ու սեր ունեցող մարդիկ են կարողանում ինչ-որ փոփոխություն մտցնել կյանքում:  «Ընդունում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ռոմանտի՞կ է»,- հարցին Արմինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Այո, շատ ռոմանտիկ մարդ է»:

Իսկ թե որքանով են համատեղելի քաղաքականությունն ու ռոմանտիզմը, նա կարծիք է հայտնել, որ քաղաքականության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթներից Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ տխրում է, թե՛ նեղվում է, թե՛ ուրախանում ու ոգևորվում է, և դա բնական է:  «Առաջնորդը կայանում է նրանում, որ նա անհնարը դարձնում է հնարավոր: Ես կլինեմ նրա կողքին ու կտամ մեծ սեր ու հարգանք, որը իրեն անպայման կօգնի ընտրապայքարում»,- եզրափակել է Արմինե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս