Բաժիններ՝

Մնացել ենք դեֆոլթ ապրած երկրի հույսին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և 5 մասնավոր տնտեսվարող սուբյեկտներ այսօր ստորագրել են Հայաստանում ժամանակակից մոդելային սպանդանոցներ հիմնելու համագործակցության պայմանագրեր: Ինչպես նշում է նախարարության կայքը, 1.6 միլիոն դոլար ընդհանուր արժեքով «Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության»  ծրագրի շրջանակներում նախատեսվող հինգ մոդելային մարզային սպանդանոցների հիմնումը կնպաստի տեղական կազմակերպությունների և ծառայություն մատուցողների կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Այս տեղեկատվությունը կարող էր աննկատ անցնել լրահոսի կողքով, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք։ Ծրագիրը ֆինանսավորում են Հունաստանը և ՄԱԿ-ը։

«Ծրագրի իրականացմանն օժանդակություն են հայտնել Հունաստանի կառավարությունն ու Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, որը պետք է ապահովի ծրագրի տեխնիկական և գործառնական մասը: Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Հունաստանի կառավարության կողմից 2009 թվականին, նրա ընդհանուր բյուջեն 1.6 միլիոն ԱՄՆ դոլար է»,- նշում է գյուղնախարարության կայքը՝ ավելացնելով, որ 2009 թվականի տնտեսական ճգնաժամը խոչընդոտեց ծրագրի իրականացմանը նույն տարում, սակայն աշխատանքները կատարվեցին հաջորդ տարիներին:

Նշենք, որ 2009 թվականի ճգնաժամն արդեն անցյալում է, սակայն Հունաստանը մինչև կոկորդը խրված է նոր՝ պարտքային ճգնաժամի մեջ։ Երկիրը փաստացի դեֆոլթ է ապրել, և եվրոյի գոտու ֆինանսական ղեկավարները, այս երկրին օգնելով հանդերձ, մինչև օրս վստահ չեն՝ կհաջողվի՞ արդյոք Հունաստանին խուսափել պայթյունից։

Կարդացեք նաև

Եթե նման պայմաններում գտնվող երկիրը թեկուզ ոչ մեծ օգնություն է ցուցաբերում այլ երկրի, դրանով կարելի է միայն զարմանալ և շնորհակալություն հայտնել մեծահոգության համար։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այդպես էլ վարվել է՝ շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ին։

Սակայն շնորհակալությունից բացի  չէր խանգարի մտածել. եթե չենք խորշում օգնություն ընդունել գրեթե ֆինանսական անդունդի մեջ հայտնված մի երկրից, ապա ինչպիսի՞ն է հենց մեր երկրի վիճակը։ Կամ՝ ինչպե՞ս դա կընկալվի աշխարհում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս