Քաղաքացիական նախաձեռնությունները կրկին պահանջում են պատասխանատվության կանչել Արամ Հարությունյանին
«Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Դեռևս ս.թ. հոկտեմբերի 25-ին մեր նախաձեռնությունները մամուլին ներկայացրել էին Հայաստանի Հանրապետությունում բնության ահագնացող չափերի ավերման, բնական ռեսուրսների անխնա շահագործման եւ տնտեսության ոչ ռացիոնալ զարգացման վերաբերյալ հայտարարություն և կից ներկայացրել հիմնախնդիրները հիմնավորող տեղեկանք:
Նշյալ բողոքը և պահանջները նոյեմբերի 5-ին պաշտոնական նամակի տեսքով ներկայացվել են նաև ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին:
Ավաղ, լրանում է արդեն երկրորդ ամիսը, մեր նախաձեռնությունները տեղեկացված չեն մեր բողոքի ոչ քննարկման ընթացքի, ոչ էլ արդյունքների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությանն ու Ձեր աշխատակազմին, ինչպես նաև դատախազությանը բացարձակապես չեն հետաքրքրում մեր կողմից բարձրացված հույժ կարևոր և առանցքային հարցերը, որոնք պետական մոտեցում և լուծում են պահանջում, այլ ոչ թե անտարբերություն:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մենք ունենք բավարար ներուժ, որ թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա ու անհավասար բախշմամբ շահագործվի, և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի:
Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ մշտակայուն տնտեսական զարգացում՝ ռեսուրսների ողջամիտ ու խնայող օգտագործմամբ ու այլընտրանքային ոլորտների խթանմամբ: Ակնկալում ենք գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ և զգացմունքային ու հրապարակային երկարաշունչ ելույթներ:
Այսպիսով, կրկին դիմում ենք ՀՀ վարչապետին և դատախազությանը՝ առաջարկելով արձագանքել մեր նախաձեռնությունների կողմից 05.11.2012թ. իրենց ուղղված մեր բողոքին և դրան կից ներկայացված տեղեկանք-հիմնավորմանը և առաջնահերթ լուծել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին պատասխանատվության կանչելու և նրա՝ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցերը:
Համարում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինեն պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը, շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը՝ ի հաշիվ բնության:
Այսպիսով, ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ պաշտոնական գրավոր արձագանք, ինչպես նաև գործողությունների հստակ և տեսանելի արդյունքներ»: