Գծի մե՞ջ ես, թե՞ դնելու ես մորթես
Շաբաթ-կիրակի օրերին Հայաստանի քաղաքական դաշտը ցնցեց մի իրադարձություն, որը շատերին հիշեցրեց խորհրդային «КГБ»-ի կամ «Չեկայի» մասին պատմող գեղարվեստական ևվավերագրական ֆիլմերը կամ վիկիլիքսյան հրապարակումների հետևանքով տարբեր երկրներում վարկաբեկված գործիչներին: Խոսքն, իհարկե, Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսման և հրապարակման մասին է:
Չանդրադառնալով նյութի բովանդակությանը, որով, ի դեպ, տրվում են բազմաթիվ քաղաքական հարցերի պատասխաններ, ներկայացնենք հարցի վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչների կարծիքները: Ավելացնենք, որ հարցի շուրջ քննարկումները դիտարկվում են երկու հարթություններում` իրավական և քաղաքական, ըստ որոնց էլ բաժանվում են գործիչների տեսակետները:
«Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ ևօրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: Եվ թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից»,- կիրակի օրն արձագանքելով ձայնագրության հրապարակմանը` իր հայտարարության մեջ մասնավորապես նշեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները ևսեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու և վնասազերծելու նպատակներին»,- ասել էր նա:
Շատ չանցած` խոսեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում անունը լայնորեն շոշափվում էր Զուրաբյանի ևՕսկանյանի զրույցում:
«Ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում ևպահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, ևսերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»,- հայտարարեց Փաշինյանը` իր հայտարարության մեջ խստորեն դատապարտելով երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը ևտեղադրումը youtube-ում, որը, ըստ նրա, «խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսևորում է», և ՀՀ իրավապահ մարմիններին կոչ անելով անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով` ձայնագրությունն իրականացրած և youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հաջորդ օրը խոսեց նաև զրույցի մյուս անմիջական մասնակիցը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հայտարարության մեջ նույնպես հարցը դիտարկեց իրավական տեսանկյունից:
«Լևոն Զուրաբյանի ևիմ հանդիպման փաստի ևզրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ` մեր իրավունքն է` հանդիպել ցանկացած վայրում ևզրուցել ցանկացած թեմայի մասին: Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ. 1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին: 2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհամարհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը: 3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»,- հայտարարեց Օսկանյանը:
Մեզ հետ զրույցում նմանատիպ կարծիք հայտնեց նաև Վարդան Օսկանյանի թիմակիցը` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ինքնին փաստն արդեն տալիս է պատասխան մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հիմնարար ազատությունների, անհատի ազատության սահմանափակման հետ կապված: Էլ ի՞նչ կարելի է ասել, սա Հայաստանն է, և վե՛րջ, ինչպես ասվեց ելույթում»,- ասաց Ուրիխանյանը:
Պետք է նշենք, որ ձայնագրության հրապարակումն, ըստ էության, բացահայտեց ՀԱԿ-ի ներսում առկա լուրջ հակասությունները և քաղաքական տարբեր թևերի առկայությունը Կոնգրեսի ներսում, և պարզվեց, որ հիմնական թիմը, որը կողմ է Տեր-Պետրոսյանի և Զուրաբյանի քաղաքականությանը, «գծի մեջ է», ինչպես զրույցում արտահայտվել էր Լ. Զուրաբյանը, իսկ հակառակ թևի գլխավոր ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանն են: «Հիմնական գծի մեջ» չգտնվող կոնգրեսականներից կարելի է համարել նաև դեռ վաղուց ԲՀԿ-ի հետ տարվող կուրսին դեմ հանդես եկած, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանին, ով մեզ հետ զրույցում խոսելով հարցի շուրջ` քննադատության ենթարկեց Զուրաբյանին:
«Լևոն Զուրաբյանի ագրեսիվ վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այլ կարծիք ունեն այս կամ այն հարցի շուրջ, վաղուց է մեզ ծանոթ: Լևոն Զուրաբյանն անհանդուրժող է բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր այլ կերպ են մտածում: ՀԱԿ-ում ևս կլինեն մարդիկ, որոնց համար այս հանդիպումն ու այդ զրույցը զարմանալի չեն: Ինձ համար ևս զարմանալի չէր: Այս վերաբերմունքը երևի թե գալիս էր քաղխորհրդի նիստերի ժամանակ նրա հետ իմ հարաբերվելուց»,- նշել է Գիմիշյանը` ավելացնելով, որ եթե այս ձայնագրությունից հետո քայլեր հետևեն, որոնց արդյունքում փոփոխություններ լինեն, ինքը կմտածի, որ իր քայլերի մասին առաջնորդը չգիտի:
«Ես սպասում եմ, որ փոփոխություններ լինեն: Հակառակ դեպքում` ես այլ հետևություններ կանեմ: Փոփոխությունները բացասական կլինեն, չնայած սրանից բացասական` էլ ո՞ւր: Բայց ես իմ դրական հույսերը չեմ կորցնում»,- ասել է նա:
Ուշագրավ էր նաև ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանի տեսակետը, ով գաղտնի ձայնագրության մասին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել. «Խոստովանում եմ, որ 1993-ից հետևելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը, ես վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը: Ես չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց համացանցում հայտնվի նաևնրա «անկեղծ զրույցը» հենց նույն Միշիկի հետ»:
Ի տարբերություն Զուրաբյանին քննադատողների` միանգամայն հակառակ կարծիք ունի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը. ով հաստատեց «գծի մեջ» մնալու պատրաստակամության մասին: «Լևոն Զուրաբյանի հայտարարությունը լրիվ բավարարում է: Այն, ինչ ինքն իր հայտարարության մեջ ասել է, ես ամբողջապես իր հետ համաձայն եմ»,- մեզ հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահը:
Հ.Գ. Օսկանյանի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը, ի պատասխան Օսկանյանի հարցին` ո՞ւմ կողմից է Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանեց. «Ջհանգիրյանը լրիվ մեր գծի մեջ ա, չէ, իրականում հիմնական թիմը լրիվ մեր գծի մեջ է, ուրեմն պրոստը ուղղակի կա երկու հատ վառ անհատականություն, ասենք` Հրանտն ա, ու Նիկոլն ա… եթե ասենք սկսվի` Լևոնը, ասենք, չի առաջադրվում, սկսվում է, թե բա, ի՞նչ մարտավարություն է, Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու` ասելու են` դնենք-մորթենք սաղին»: Այսքանից հետո, թերևս, մնում է միայն պարզել, թե ո՞ր «գծի» մեջ է գտնվում հասարակությունը: