… Բոլորը պետք է լինեն վերահսկողության տակ, և իրենց վրա կրեն իրենց բաժին ժուչոկը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում:

«Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, և միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որևէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:

Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որևէ հետևանք չի ունենում, և եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:

Ընդամենը տասն օրվա ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը գրվեց, հաստատվեց, կառավարության նիստում քննարկվեց, և ահա բերվել է արտահերթ նիստի օրակարգ, ընդ որում՝ կառավարության կողմից: Կառավարությունն այսպիսով, միջամտում է խորհրդարանի ներքին-կանոնակարգային հարցի քննարկմանը, որովհետև, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են խնդրել կառավարությանը: Ուշադրություն դարձրեք, ի դեպ, ԱԺ որևէ հանձնաժողովում այս նախագիծը չի քննարկվել, և միակ մարմինը, որ քննարկել և հավանության է արժանացրել՝ կառավարությունն է: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ Ապահով չի զգում Ազգային ժողովում: Ահա թե որն է Ապահով Հայաստան կառուցելու հանրապետական մեծամասնության ալգորիթմը:

Ինչևէ, այս նախագծով ընդամենը մեկ հարց է լուծվում. ապահովել Էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը իշխանության կողմից: Ասել, թե խորհրդարանական մեծամասնությունը վախեցած է Էթիկայի հանձնաժողովի գործունեությունից, իհարկե, մոլորություն կլինի: Հանրապետական կուսակցությունը քաջ է և խիզախ, որովհետև, իսկապես, անընդգրկելի խիզախություն է հարկավոր երկիրը այսպիսի վիճակի հասցնելու համար:

Խնդիրն ամենևին Էթիկայի հանձնաժողովը չէ, կամ նրա այսօրվա կազմից բխող վտանգները: Խնդիրն այն ավանդույթների և գործելակերպի մեջ է, որով երկիրը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը: Նրանց համար անընդունելի է, որ երկրում լինի իշխանության թեկուզ սիմվոլիկ լծակների տիրապետող մի օղակ, որը դուրս է իրենց վերահսկողությունից ու հարյուր տոկոսով կանխատեսելի չէ իրենց համար:

Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանն, ի դեպ, մոռացավ նշել մի դարակազմիկ հաջողության մասին, որ իրենց իշխանությունը հասել է. նրանք կարողացել են Հայաստանից արմատախիլ անել իրենց պատկերացրած «ազգային մենթալիտետին» հակասող՝ իշխանության բաժանման սկզբունքը: Հիմա պետական կառավարման մարմինները, իշխանության բոլոր ճյուղերը ղեկավարվում են մի կետից և գտնվում են ՀՀԿ ղեկավարության կրնկի տակ. օրինակ՝ առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները, իրենց վարչական, քաղաքացիական ու Սահմանադրական արբանյակներով:

Քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու սանէպիդկայանները, մշակույթի և հանգստյան տները, ատամնաբուժարաններն ու հոգեբուժարանները վերածվել են ՀՀԿ-ի կուսակցական գրասենյակների: ԺԷԿ-երն ու բուհերը գտնվում են հանրապետականի լիակատար վերահսկողության ներքո, բանը հասել է այնտեղ, որ ոստիկաններն են իրենց պաշտպանված զգալու համար ՀՀԿ-ի կրծքանշաններով շրջում, չնայած որևէ կուսակցության անդամ լինելու իրավունք չունեն օրենքով: Այս պայմաններում ահա, երբ ժողովրդավարական տոտալիտարիզմի հանրապետական մոդելը գրեթե կատարելության է հասցված՝ մի ինչ-որ Էթիկայի հանձնաժողով ոչ միայն վերահսկելի չէ, այլև կասկածի տակ է դնում Հանրապետական պատգամավորների գերակայությունը պատգամավորի Էթիկայի ոլորտում:

Սա, իհարկե, աղաղակող անարդարություն է, որը պետք է վերացնել հնարավորինս արագ, մանավանդ որ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հիշել էր «Արդար Հայաստան» հաստատելու հնգամյա վաղեմության իր խոստման մասին: Որ մի խումբ երիտասարդներ իրենց քաղաքական հայացքների համար բանտարկության են դատապարտված, անարդարություն չէ: Որ Երևանի սրտում կրակոցներով հանդես եկած Սերժ Սարգսյանի եղբորորդին շարունակում է մնալ ազատության մեջ, անարդարություն չէ: Բայց որ՝ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը իշխանության վերահսկողության տակ չէ, աղաղակող, անթույլատրելի, դատապարտելի անարդարություն է: Ու որ խորհրդարանական մեծամասնությունը չի հապաղի վերացնել այս անարդարությունը, կասկածել, իհարկե, չի կարելի: Այս ամենը պարզ է, բայց պետք է հասկանալ, թե ուր է տանում այս ճանապարհը:

Խոսքը, քավ լիցի, Էթիկայի հանձնաժողովի այս մասնավոր դեպքի մասին չէ, այլ ժողովրդավարական հորջորջված այս տոտալիտար մտածելակերպի: Եվ ինչի համար է այս ամենը արվում. հանրությանը, ժողովրդին, բոլորին ցույց տալու համար, որ Հանրապետական մեծամասնությունը «ոչ մի թիզ հող չի զիջելու» ընդդիմությանը, հանրությանը, ժողովրդին: Սա, ըստ էության, անծանոթ գործելակերպ չէ, և հատուկ է բոլոր տոտալիտար վարչակարգերին, անկախ նրանից, թե որքանով են նրանք քողարկված ժողովրդավարության դիմակի ներքո: Տոտալիտարիզմը հենց դրանով է տոտալիտարիզմ, որ չի կարող վերահսկողությունից դուրս թողել որևէ չնչին տարածություն:

Տիկնայք և պարոնայք.
Գիտեմ, որ տոտալիտարիզմ բառը ոմանց համար տարօրինակ է հնչում մի իրականության մեջ, որտեղ քաղաքականությունից խոսող յուրաքանչյուր մարդու ամեն երկրորդ բառը ժողովրդավարությունն է: Ժողովրդավարական արժեքների մասին բառեր տեղ գտան նաև Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթում: Ոմանք այդ բառն օգտագործում են հույս ունենալով, թե այն տարածական է և հարաբերական: Բայց ինչպես տնտեսությունն ու պետական բյուջեն, ժողովրդավարությունն ինքն էլ թվաբանություն ունի, և Հայաստանում ժողովրդավարության առկայությունը կարելի է գնահատել թվերով: Հայաստանի Հանրապետության գոյության 21 տարիների ընթացքում տեղի ունեցած նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ընտրություններ չեն ավարտվել ընդդիմության հաղթանակով: Ընդդիմությունը ոչ մի անգամ իշխանության չի եկել:

Սա Հայաստանում ժողովրդավարության բացակայության, տոտալիտարիզմի ուղղակի ապացույց է, որովհետև ժողովրդավարությունը բռնության և կոռուպցիայի տանիք չէ, այլ խաղաղ, ընտրական ճանապարհով իշխանաության փոփոխության մեխանիզմ: Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել, Հայաստանում գործող իշխանությունը միշտ վերարտադրել է ինքն իրեն: Եվ ուրեմն, սա տոտալիտար, ամբողջատիրական համակարգ է, և Էթիկայի հանձնաժողովի վրա խորհրդարանական մեծամասնության ձեռնարկած հարձակումը կարևոր է սրանով. դա ցույց է տալիս գործող իշխանության ամբողջատիրական բնույթը: Ոչինչ, որևէ բան, նույնիսկ սիմվոլիկ կամ բարոյական նշանակություն ունեցող, չպետք է լինի իշխանության համակարգի վերահսկողությունից դուրս: Ոչ մի լրատվամիջոց, ոչ մի թերթ, ոչ մի լրագրող, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի քաղաքացի. բոլորը պետք է լինեն վերահսկողության տակ, և իրենց վրա կրեն իրենց բաժին ժուչոկը: Եվ երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ մոտենում ենք հաղթական վերջնախաղին, հենց սա նկատի ունի: Նրանք հույս ունեն, թե առաջիկա նախագահական ընտրություններում նրա վերարտադրությունը ապահովելու է այս «բարձրագույն» նպատակի վերջնական և համատարած իրագործումը:

Ողբերգականն այն է, որ վերջին շրջանի քաղաքական պրոցեսները կատարելապես ծառայել ու շարունակում են ծառայել հենց այս խնդրի լուծմանը, երբեմն տպավորություն է, թե Հայաստանում նույնիսկ կոնսենսուս է հաստատված ժողովրդավարական տոտալիտարիզմի մոդելի շուրջ, երբ իմիտացիան ավելին է, քան իրականությունը, երբ իրականությունը մի երկար ու անվերջանալի բառախաղ է, կռուտիտ, իմիտացիա, որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր դերը, վերևից հրահանգված դերը և դա անում է հաճույքով: Հենց այսպիսին է երևակվում այսօրվա Հայաստանը և նրա՝ քաղաքական էլիտայի կողմից գծագրված ապագան:

Բայց այստեղ եմ՝ այս բարձր ամբիոնից հայտարարելու համար, որ Հայաստանում և սփյուռքում կան մարդիկ, ովքեր չեն տրվելու այս թելադրանքին, չեն համակերպվելու այս պարտադրանքին, չեն ընդունելու ուրիշների մոգոնած խաղի կանոնները և պայքարելու են հանուն Իրական Հայաստանի՝ թեկուզ պարտադրված լինեն ամեն ինչ սկսել զրոյից, որովհետև Ազատ և Երջանիկ Հայաստան կառուցելու պարտավորությունն ավելին է, քան քաղաքական կոնյունկտուրան, քաղաքացիական հպարտության հրամայականն ավելին է, քան հոսանքին տրվելու գայթակղությունը:

Տիկնայք և պարոնայք.
Ելույթս ուզում եմ ավարտել մի մեջբերումով: Սերժ Սարգսյանից: ՀՀԿ համագումարում նախօրեին ունեցած ելույթում նա բառացիորեն ասել է հետևյալը. (մեջբերում եմ) «Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ» (մեջբերման ավարտը): Փաստորեն, Շուշիի ազատագրման ժամանակներից ի վեր որևէ մեկը Սերժ Սարգսյանին չի ասել հայրենիքով հպարտացած լինելու մասին: Սրանով ամեն ինչ ասված է: Եվ վերջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս