Աբորտների 2 տոկոսը երկրորդային անպտղության պատճառ է դառնում. Մասնագետ
Հայաստանում զույգերի 16-18 տոկոսն անպտղություն ունի. այս թիվը շատ ավելին է, քան զարգացած երկրներում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Fertility center» մարդու վերարտադրողական կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Վերջինիս խոսքով՝ 15 տոկոս անպտղության ցուցանիշն արդեն պետության ռազմավարության համար խնդիր է, քանի որ ազդում է երկրի դեմոգրաֆիայի վրա:
Գինեկոլոգի խոսքով՝ Հայաստանում մեծ թիվ է կազմում նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերի թիվը:
«Երկրորդային անպտղությունն այն երևույթն է, երբ կինը կամ տղամարդն ի սկզբանե անպտուղ չեն, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով`նրանց մոտ անպտղություն է առաջացել: Որպես օրենք՝ դրանք կամ շատ ծանր ծննդաբերությունների հետևանքով են, որոնք հետագայում հանգեցնում են հորմոնալ խանգարման կամ անատոմիական ֆունկցիաների խանգարման: Առաջին հերթին՝ երկրորդային անպտղության են հանգեցնում հղիության արհեստական ընդհատումները: Աբորտների 2 տոկոսը բերում է ներքին կպումների, որից հետո զարգանում է անպտղություն»,- ասաց գինեկոլոգը: Ըստ նրա՝ եթե հաշվենք, թե տարեկան հղիության արհեստական ընդհատման քանի հազար դեպքեր են լինում Հայաստանում, ապա դրա 2 տոկոսը շատ մեծ թիվ է կազմում:
«Հաճախ պտղաբեր կանայք, առանց հասկանալու, գիտակցելու՝ իրենց բերում, այս վիճակին են հասցնում: Շատ ժամանակ այս խնդիրը չախտորոշված է լինում, կանայք այստեղ-այնտեղ բուժվում են, տարիներ են կորցնում, ֆինանսական ու էմոցիոնալ մեծ ներդրումներ են անում, որոնք անարդյունք են մնում, քանի որ կանայք չեն պատկերացնում, որ հղիության արհեստական ընդհատման հետևանքով կարող է մի փոքր վնասվածք եղած լինի, որից հետո սկսվում են այդ անպտղության խնդիրները»,- նշեց գինեկոլոգը: Նա հավելեց, որ անպտղությունը բուժելով՝ օգնություն է հասցվում ոչ միայն զույգերին, այլև պետական հարցեր են լուծվում:
Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն այս տարի հրապարակեց «Աշխարհի բնակչությունը» 2012 զեկույցը: Այն փաստում էր, որ Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: «Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգից մեկն անպտղություն խնդիր ունի: Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են»,- նշված է զեկույցում: