Հայաստանում հյուրանոցային բիզնեսի միջին շահութաբերությունը 12-13% է
Բիզնեսի շահութաբերությամբ Հայաստանի հյուրանոցներից առաջին տեղում են միջին դասի հյուրանոցները, որտեղ շահութաբերության միջին ցուցանիշը կազմում է 13.6%, վկայում է Ամերիա խորհրդատվական ընկերության հետազոտությունը Հայաստանի զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ոլորտում:
Ինչպես նշում է Մեդիամաքսը, այսօր ներկայացնելով հետազոտությունը, ընկերության գլխավոր մասնագետ Արտաշես Շաբոյանը նշել է, որ շահութաբերությամբ երկրորդ տեղում են էկոնոմ դասի հյուրանոցները (13.1%), երրորդում՝ միջինից բարձր դասի հյուրանոցները (12.2%), իսկ շահութաբերության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է բարձր դասի հյուրանոցներում (11.8%):
Արտաշես Շաբոյանը նշել է, որ վերջին 7 տարվա ընթացքում հյուրանոցների թիվը Հայաստանում գրեթե կրկնապատկվել է՝ 103-ից հասնելով 189-ի: Ընդ որում` աճի մեծ մասը բաժին է ընկել մարզերին, որտեղ հյուրանոցների թիվը 76-ից հասել է 143-ի, իսկ Երևանում վերջին 10 տարվա ընթացքում հյուրանոցների թիվն ավելացել է 13-ով և կազմել է 46: Միևնույն ժամանակ հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, ինչը վկայում է երկրում փոքր հյուրանոցների տեսակարար կշռի աճի մասին:
«Հյուրանոցների 77%-ը էկոնոմ դասի են, 12%-ը՝ միջին, 8%-ը՝ միջինից բարձր դասի, իսկ 3%-ը՝ բարձր դասի: Ընդ որում, էկոնոմ դասի հյուրանոցներին բաժին է հասնում Հայաստանի հյուրանոցային համարների ընդհանուր թվի 39%-ը միայն, մինչդեռ բարձր դասի հյուրանոցներում այդ ցուցանիշը 10% է», – ասել է Արտաշես Շաբոյանը:
Ըստ հետազոտության, սենյակների զբաղվածության տեսանկյունից առաջատարներն են բարձր դասի հյուրանոցները, որտեղ համարների զբաղվածության միջին տարեկան ցուցանիշը կազմում է 60%: Վերջին տեղում են այս ցուցանիշով էկոնոմ դասի հյուրանոցները (44%):
Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը 2011-ին կազմել է Հայաստանի ծառայությունների ոլորտի 5.1%-ը՝ արձանագրելով այդ տարի 7.5% աճ: 2012թ. հյուրանոցային բիզնեսի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 0.66%, և ակնկալվում է, որ 2015-ին այդ ցուցանիշը կհասնի 0.8%-ի:
«2011-ին Հայաստան զբոսաշրջության, գործարար և այլ նպատակներով այցելությունների թիվն աճել է 18.7%-ով և կազմել 760 հազ., իսկ 2012 հունվար-սեպտեմբերի դրությամբ աճը 2011թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմում է շուրջ 10%», – ասել է Արտաշես Շաբոյանը:
Այցելությունների ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է Վրաստանը (2.82 մլն այցելություն 2011-ին), երկրորդ տեղում է Ադրբեջանը (1.56 մլն), երրորդում՝ Հայաստանը (0.76 մլն): Հարավային Կովկասի երկրներից վերջին 10 տարվա ընթացքում գործարար, հանգստի կամ այլ նպատակներով ժամանումների միջին տարեկան աճով առաջատարը Վրաստանն է (ժամանումների միջին տարեկան աճը՝ 25.2%), երկրորդ տեղում Հայաստանն է (16.7%), երրորդում՝ Ադրբեջանը (10.5%):
«Այս դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ մոտակա տարիներին Հայաստանը երկիր կատարած այցելությունների ցուցանիշով կանցնի Ադրբեջանին», – ասել է Ամերիայի գլխավոր մասնագետը: