Հայաստանում գիտություն-բժշկություն-արտադրություն կապը խզված է
«Մեր երկրում գիտահետազոտական ինստիտուտների, հաստատությունների և կլինիկական ձեռնարկությունների միջև կապը խզված է: Բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելով և շատ լավ արդյունքներ ստանալով՝ մենք, սակայն, ընկնում ենք մի դաշտ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ կլինիկական ուսումնասիրություններ, դեղորայքի լիցենզավորում, և այլն:
Այդ դաշտը, սակայն, դեռևս բացարձակապես փակ է մեր գիտնականների համար, իսկ այդ ուղին անցնելը շատ դժվար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը: Նրա խոսքով՝ ինստիտուտի գիտնականների իրականացրած գրեթե բոլոր ուսումնասիրությունները տպագրվում են, սակայն համապատասխան արտոնագիր չեն ստանում, որպեսզի հետագայում արտադրվեն՝ արդեն որպես դեղորայք: Մինչդեռ այդ համագործակցությունը կարող էր շատ խնդիրների և բազմաթիվ հիվանդությունների լուծման բանալին լինել:
«Մեր ուսումնասիրությունների հիմնական ուղղվածությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրումն է, սակայն նույնիսկ գիտական փոքրիկ նորությունների ձեռքբերման պարագայում կրկին բախվում ենք արտոնագրեր ստանալու դժվարին խնդրի հետ:
Գիտություն-բժշկություն-արտադրություն կապը խզված է, քանի որ դա շահավետ չէ: Բժշկության բնագավառը հեռու է համագործակցությունից, քանի որ ավելի հեշտ է դեղորայքը արտասահմանից ներմուծել: Բացի այդ, քաղաքական և իրավաբանական մշակված դաշտ չկա, և դա խնդիր է»,- ասաց Ն. Այվազյանը: Նրա խոսքով՝ գիտական արդյունքը հիմնականում տեսանելի է դառնում գիտական հոդվածի մակարդակով: Դա պատիվ և հարգանք է գիտնականի համար, տալիս է պրոֆեսիոնալ բավարարվածության զգացողություն, սակայն գործնական արդյունքի, առավել ևս՝ պրոդուկտի չի վերածվում, որը կարող էր մեծ պահանջարկ ունենալ դեղորայքի շուկայում: Այդ ամենը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում, ինչը շատ ռիսկային է բիզնեսի համար:
Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում: