Համագումարների օրերը հայտնի են, հրավիրյալները` ոչ

Մինչ դեկտեմբերի 25-ը, երբ նախագահի թեկնածուներն իրավունք կունենան գրանցվել ԿԸՀ-ում, Հայաստանի չորս քաղաքական ուժեր համագումարներ կհրավիրեն: Դրանց հիմնական նպատակն ընտրություններին մասնակցելու ձևաչափի հրապարակումն է: Իրար հաջորդելով` համագումար կհրավիրեն  ՀՀԿ-ն, «Հանրապետությունը», ՕԵԿ-ը,  ՀՀՇ-ն, «Ազատություն» կուսակցությունը: Չնայած բավական կարճ ժամանակ է մնացել համագումարներին, կուսակցությունները հայտարարում են, թե կազմակերպչական աշխատանքները դեռ չեն ավարտվել և իրենք չեն որոշել` ո՞ւմ են հրավիրելու, ո՞ւմ՝ ոչ:

Առաջինը` դեկտեմբերի 15-ին համագումար կհրավիրի ՀՀԿ-ն: Այն տեղի կունենա  Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում  և կլինի կուսակցության թվով 14-րդ արտահերթ համագումարը: Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը հերթական համագումարը կազմակերպեց:

Չնայած ՀՀԿ-ն արդեն հայտարարել է իր անփոխարինելի թեկնածուի մասին, ևս մեկ համագումար հրավիրում է նախագահական ընտրություններից առաջ՝ Սերժ Սարգսյանի առաջադրմանն ավելի մեծ շուք հաղորդելու համար: Երեկ մեզ չհաջողվեց ճշտել, թե իրենց համագումարում քաղաքական ո՞ր ուժերին տեսնելու ցանկություն ունեն ՀՀԿ-ականները: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, թե հրավերները դեռ չեն ուղարկել կուսակցություններին:

«Օրինաց Երկիր» կուսակցության համագումարը ևս արտահերթ է`նախագահական ընտրություններով պայմանավորված, չնայած, ինչպես ՕԵԿ-ականներն են վաղուց  հայտարարում, Սերժ Սարգսյանն իրենց համար նույնքան անփոխարինելի թեկնածու է, որքան ՀՀԿ-ի համար: ՕԵԿ-ը ևս հրավիրյալների ցուցակը դեռ չի հրապարակում, քանի որ նախապատրաստական աշխատանքները չեն ավարտվել:

Կարդացեք նաև

«Կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են: Երբ ավարտենք, հայտնի կդառնա նաև հրավիրյալների ցանկը, մենք կհրապարակենք»,- 168.am-ին ասաց  ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

Նույն օրը համագումար կհրավիրի նաև ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ-ն: Բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի` սա ՀՀՇ-ի հերթական համագումարն է լինելու՝ թվով 17-րդ-ը: ՀՀՇ նախագահ  Արամ Մանուկյանը 168.am-ին տեղեկացրեց, որ համագումարի վերաբերյալ բոլոր կազմակերպչական հարցերը կարգավորված են, հաստատված է համագումարի օրակարգը: Իսկ ո՞ւմ են հրավիրելու: Մեր այս հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց այսպես. «ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններին և Ազգային ժողովում ներկայացված ուժերին, բացառությամբ,  իհարկե, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի»:

Մեր մյուս հարցին` ինչո՞ւ են խտրական վերաբերմունք դրսևորում գործընկերների նկատմամբ և, օրինակ, ԲՀԿ-ին հրավիրում են, իսկ ՕԵԿ-ին` ոչ, ՀՀՇ նախագահը պատասխանեց. «Մենք իրենց դեմ ենք պայքարում, իրենց հրավիրենք՝ ի՞նչ անենք»:

Իսկ եթե նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նախորդի համագումարին, ինչպե՞ս կազդի համագումարի ընթացքի վրա: Այս հարցին ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասաց.

«Թեկնածուի մասին հարց մի տուր, խնդրում եմ, սա ՀՀՇ հերթական համագումարն է, բայց նաև քննարկվելու է նախագահական ընտրություններին մեր մասնակցության ձևը»: Այսինքն` այլ քաղաքական ուժերի որոշումները ՀԱԿ-ի որոշումների վրա չե՞ն ազդում: Այդ հարցին ի պատասխան էլ՝ Ա. Մանուկյանն ասաց. «Բնականաբար, ամեն ինչ էլ ազդում է, այս պահին խորհրդակցություններ են գնում, բայց անկախ ամեն ինչից՝ համագումարը կայանալու է:  Ցանկալի կլինի, որ քաղաքական հստակեցումներ լինեն այդ ժամանակ, բայց այս պահին դեռ ոչինչ հստակ չէ»:

Նախկին գործընկերներից մեկ օր առաջ հերթական համագումար կհրավիրի նաև ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունը: Դեկտեմբերի 21-ի տեղի կունենա  Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցության վեցերորդ համագումարը:

«Հանրապետություն» կուսակցությունից ևս չհայտնեցին, թե ովքեր, որ կուսակցությունների ներկայացուցիչներն են ներկա լինելու համագումարին: «Համագումարին հրավիրվածների կազմը պարզ կդառնա հենց համագումարի ընթացքում»,- 168.am-ին ասաց  կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Նա հավելեց, թե հաշվի առնելով տարածքի սահմանափակության խնդիրը՝ հրավիրել են շատ մոտ համակիրներին և համախոհներին, թեև, մյուս կողմից՝  համագումարը բաց է բոլորի համար:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց նաև, որ  համագումարին ներկա կգտնվի 350 պատվիրակ:  «Հանրապետությունը» ևս  կքննարկի նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը:

Ավելացնենք, որ ի տարբերություն իշխանական ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի` ՀՀՇ-ն և «Հանրապետությունն» ավելի համեստ են համագումարի անցկացման  վայրի հարցում. նրանք վարձակալել են Կառավարության Նիստերի դահլիճը:

Տեսանյութեր

Լրահոս