Ծառուկյանը ցանկանում է հերոսացնել իր չառաջադրվելը և պատրաստվում է 2017-2018-ի ընտրություններին

168.am-ի տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` բրյուսելյան այցի ավարտին, ինքնաթիռում շփվելով իր կուսակիցների հետ՝ հայտարարել է, թե հաստատ որոշում է կայացրել, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, և Երևան վերադառնալուց հետո,  երկու օրվա ընթացքում, կհայտարարի դրա մասին:

Բայց Երևան վերադառնալուց հետո Ծառուկյանը հասկացել է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում իր կուսակիցների նկատմամբ այնպիսի ճնշումներ են գործադրվել, որ ինքը կամ պետք է գնա իշխանության հետ բացահայտ առճակատման, կամ պետք է անձնատուր լինի նրա բարեհաճությանը:

Արդյունքում, Գ.Ծառուկյանը, որ մինչ այդ հայտարարում էր, թե պատրաստ է ամեն ինչ կորցնել, բացի ժողովրդի վստահությունից, որոշում է ոչինչ չկորցնել և չառաջադրվել: Այլ հարց է, թե դա նրան որքանո՞վ կհաջողվի, քանի որ, նույնիսկ չառաջադրվելու դեպքում, ընտրություններից հետո Ծառուկյանի և նրա կուսակցության ապագան չափազանց մշուշոտ է երևում: Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր խնամի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով ևս նրան հորդորել է չառաջադրվել և իր դիրքորոշման մասին տեղեկացնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Գագիկ Ծառուկյանի` ժամանակ շահելու և առաջադրման մասին հնարավորինս ուշ հայտարարելու տեխնոլոգիան չաշխատեց: ԲՀԿ նախագահը համոզված էր, որ եթե ինքը մինչև վերջին պահը չհստակեցնի իր դիրքորոշումը և միայն վերջին պահին հայտարարի առաջադրվելու մասին, իշխանությունը ժամանակ չի ունենա իր և իր թիմի ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու համար, իսկ եթե անգամ ճնշումներ գործադրվեն, իրենք կկարողանան դիմանալ դրանց: Բայց իշխանությունը որոշեց, որ պետք է իրավիճակն ավելի շուտ հստակեցնել,  և Ծառուկյանը պետք է  որոշում կայացնի մինչև առաջադրումները:

Հիմա ամենամեծ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է Գագիկ Ծառուկյանը հիմնավորի իր չառաջադրվելը: Պաշտոնապես դա, ինչ-որ կերպ, իհարկե, կհիմնավորվի: Վատագույն դեպքում՝ Ծառուկյանը կարող է կրկնել, որ իրեն երբեք էլ պաշտոն պետք չէ, և իր համար կարևորը ժողովրդի վիճակի բարելավումն է: Ծառուկյանն իր կուսակիցներին ասել է, որ ինքը չի կարող առաջադրվել և դրանով հարվածի տակ դնել հազարավոր կուսակիցներին:

Երկրորդ պատճառաբանությունն այն է, որ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտը և քաղաքական գործընկերները միայնակ են թողել: ԲՀԿ-ականներն ասում են, որ ընդդիմադիր կուսակցությունները շտապեցին ծախվել. ՀՅԴ-ականներն իրենց պլատֆորմով գնացին նախագահի հետ հանդիպման, «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել ընդդիմության միասնական թեկնածու, ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այդ կառույցի անդամների մի մասը վստահեցնում էր, որ իրենք պաշտպանելու են Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուսները զբաղվում են հակածառուկյանական քարոզչությամբ:

Բարոյական արդարացում է լինելու այն, որ Ծառուկյանը չի հայտարարելու, որ պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, դրանով, իր կարծիքով՝ խուսափելով Արթուր Բաղդասարյանի կարգավիճակում հայտնվելու հեռանկարից:

ԲՀԿ-ականները փորձում են հերքել այն տեղեկությունները, որ Ծառուկյանը որոշել է դուրս գալ քաղաքականությունից: Նրանք վստահեցնում են, որ, ընդհակառակը՝ Ծառուկյանն իրենց ասել է, թե պետք է ուժեղացնել կուսակցական կառույցները և պատրաստվել 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին: Ծառուկյանն իր կուսակիցներին համոզել է, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ավարտելիս կլինի նախագահության իր երկրորդ ժամկետը, և այդ դեպքում որևէ մեկն իրեն չի կարող մեղադրել գործող նախագահի դեմ դուրս գալու մեջ:

Որոշ ԲՀԿ-ականներ համոզված են, որ մինչև 2017թ. ԲՀԿ-ն այլևս չի լինի, և հնարավոր է՝ մինչև նախագահական ընտրություններ սկսվի այս կուսակցության փլուզումը, իսկ ընտրություններից շատ կարճ ժամանակ անց այդ կուսակցությունից ոչինչ չի մնա:

Տեսանյութեր

Լրահոս