«Քանի դեռ մարտի 1-ի հարցը բաց է, հասարակության մեջ այդ փաստը լուրջ ընդվզումների առիթ կարող է լինել»
«Կարծում եմ, որ հանձնաժողովի ստեղծումը հետաձգելը նպատակահարմար չէր: Մարտի 1-ը 2008թ-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար առաջին գերխնդիր էր: Դա բացահայտելով` շատ հարցերի պատասխան կտրվեր, իսկ հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ հարցեր է առաջացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը` մեկնաբանելով ԱԺ-ում երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն, որի, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգվում է նախագահական ընտրություններից հետո:
Վարդուհի Էլբակյանը, ով բազմաթիվ քաղբանտարկյալների շահեր է ներկայացրել դատարանում, համոզմունք հայտնեց, որ 2008թ-ից հետո բավարար ժամանակ կար հանցագործությունը բացահայտելու համար, իսկ լրացուցիչ ևս մեկ տարով հետաձգելը նշանակում է հասարակության մեջ նոր հարցեր առաջացնել:
«Քանի դեռ մարտի 1-ի հարցը բաց է, հասարակության մեջ այդ փաստը լուրջ ընդվզումների առիթ կարող է լինել: Ժողովուրդը տեղեկացված լինելու իրավունք ուներ, և պետք է ամեն ինչ արվեր: Ես ընդունում եմ, որ եղան հանձնաժողովներ, որոնք ցանկություն ունեին ինչ-որ բան անել, բայց դրանք բոլորն անարդյունք էին»,-նկատեց փաստաբանը: