Գյուղնախարարը գոհ է ոլորտի զարգացումից, գյուղացին՝ ոչ

Հարցազրույց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

– Պարոն նախարար, եթե ամփոփենք այս գյուղատնտեսական տարին, ապա ինչպիսի՞ն էր այն:

– Փորձեմ ամփոփել անցած ամիսների արդյունքները: Նախ` նշեմ, որ գյուղատնտեսության ոլորտում նկատելի էին էական դրական տեղաշարժեր։ Կարևորում եմ հատկապես գյուղատնտեսության հիմնական ռեսուրսի` հողային ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, մասնավորապես` ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է մշակովի ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303.6 հազ. հա` նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Արդյունքում, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. հասել է 67.6 %-ի` նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց:

Ընթացիկ տարում ցանքատարածությունները գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա-ով:

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 609.3 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը 10.5 %-ով: Համախառն արտադրանքի աճը հատկապես ակնհայտ էր բուսաբուծության ճյուղում, որը նշված ժամանակահատվածում կազմեց 16.9 %, իսկ անասնապահությունում` 3.1 %:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական հավաքագրված տվյալների, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 727.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.2 %-ով: Ըստ օպերատիվ տվյալների` հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 4.0 %-ով, բանջարեղենինը` 4.5 %-ով, կարտոֆիլինը` 15.5 %-ով, խաղողինը` 5.0 %-ով: Հատկապես բարձր է եղել պտղի արտադրության ծավալը, այն կազմել է 324.5 հազ.տոննա և գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 35.6 %-ով:

– Անասնապահության ոլորտում տարին բարենպա՞ստ էր:

– Անասնապահությունը բուսաբուծություն կամ պտղաբուծություն չէ, այսինքն` այս ոլորտում աճ գրանցելու համար դանդաղ և համակարգված աշխատանք է անհրաժեշտ: Այս ճյուղի զարգացումը տևական ժամանակ է պահանջում, բայց վերջին երկու տարիների միտումները ցույց են տալիս, որ այդ ոլորտում էլ ունենք դրական տեղաշարժեր: Հունվարի 1-ի դրությամբ, մեզ մոտ անասնագլխաքանակի աճ է արձանագրվել, ինչպես խոշոր եղջերավորների, այնպես էլ` մանր եղջերավոր կենդանիների համար: Բոլոր նախադրյալները կան ակնկալելու, որ մենք այս ճյուղում տարին ավարտելու ենք մոտ 3.5-4 տոկոս աճով, իսկ հաջորդ տարի ևս կանխատեսում ենք դրական տեղաշարժեր:

Հատկապես ուրախալի է այն փաստը, որ այսօր կաթի մեծ պահանջարկ կա, և գործարանները պայքարում են արտադրված կաթը մթերելու համար: Սեզոնի հետ կապված կաթի ծավալները պակասել են, յուղայնությունը` ավելացել, հետևաբար` արտադրվող կաթի գինը բարձրացել է:

– Այսօր գյուղացին կարողանո՞ւմ է պահանջված կաթի ծավալներն ապահովել:

– Ինչ վերաբերում է կաթին և կաթնամթերքին, ապա այն ունի ինքնաբավության զգալի բարձր մակարդակ, և 2011թ. ազգային պարենային հաշվեկշռի տվյալներով` կազմել է 82.9 %: Այսինքն, հանրապետության կաթի, կաթնամթերքի պահանջարկի գերակշռող մասն ապահովվում է տեղական արտադրության հաշվին:

– Հետևելով գյուղատնտեսական տարվան, կարող ենք ասել, որ ընթացիկ տարում արձանագրվեցին որոշակի խնդիրներ, որոնք բուռն քննարկումների ալիք բարձրացրին: Ի՞նչ վիճակ է այսօր, կա՞ն դեռ չլուծված խնդիրներ:

– Չնայած վերջին երկու տարիների որոշակի դրական տեղաշարժերին, առանձնակի կարևորվում է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես` հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը: Առաջիկա խնդիրների մեջ կարևորվում է նաև տնտեսվարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես` կամավորության սկզբունքով գյուղատնտեսության մեջ կոոպերացիայի, տնտեսվարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով` արտադրության արդյունավետության բարձրացումը:

Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ, և այլն:

Նաև գլոբալ հիմնախնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Ընդունված ուղենիշային ծրագրային փաստաթղթերով նախատեսվում է առաջիկա տասնամյակում կենսապես կարևորագույն պարենամթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով հաշվարկված, հասցնել շուրջ 80 տոկոսի` ներկայիս 60 տոկոսի դիմաց:

– Ո՞րն է այսօր, ըստ Ձեզ, գյուղոլորտի համար առաջնային խնդիրը:

– Այսօր ամենակարևոր խնդիրը գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Եթե մարդը եկամուտ ստացավ կամ գիտակցեց, որ կա հնարավորություն` գյուղատնտեսությամբ զբաղվելով ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը, ապա նա անպայման իր հողը կմշակի: Նշեմ, որ գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագրերը շարունակական են լինելու: ՀՀ նախագահի խիստ ցուցում ունենք, որ սերմացու, վառելանյութ, պարարտանյութ, ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում և շատ այլ ծրագրերը պետք է շարունակական լինեն:

Կարևորում եմ հատկապես մթերումների կազմակերպման հետ կապված խնդիրները: Սակայն նախատեսում ենք այնպես կազմակերպել այդ գործընթացը, որ գյուղացին, երբ որևէ գործ ձեռնարկի, անպայման վստահ լինի, որ իր արտադրանքը իրացվելու է: Այսօր դեռևս գյուղացին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ պետք է մշակի, և արդյոք մշակած արտադրանքի ողջ ծավալը կարո՞ղ է իրացնել, թե՞ ոչ: Լուրջ խնդիրներից է նաև վերամշակող ճյուղը: Այս ոլորտում որոշ կազմակերպություններ ֆինանսական խնդիրներ ունեն, որոշներն էլ իրենց արտադրանքը չեն կարողանում իրացնել միջազգային շուկայում:

Ինչպես գիտեք, մեզ համար էլ կոմունիկացիոն ուղիների սահմանափակումը ստեղծում է որոշակի դժվարություններ: Այսօր Իրանում առկա տնտեսական խնդիրները մտահոգիչ են: Մեկ կամ երկու ամիս հետո կդժվարանա Լարսի ուղղությամբ երթևեկությունը, քանի որ այնտեղ ձմռանը ճանապարհները դժվար անցանելի են դառնում, ինչը լրացուցիչ ծախսեր կպահանջի մեր արտահանող ընկերություններից: Այս խնդիրների լուծման դեպքում մենք մի քանի քայլով ևս առաջ կընթանանք:

– Ովքե՞ր են հիմնականում գյուղմթերքն արտահանում:

– Արտահանումն իրականացվում է թե՛ խոշոր, թե՛ մանր կազմակերպությունների միջոցով: Հիմնական արտահանողներից են «Սպայկա», «Արմեն Ֆրուտ», «Ավա և Ա» ընկերությունները: Արտահանումը կազմակերպում են մոտ 20 արտահանող ընկերություններ, որոնք նոյեմբերի 26-ի դրությամբ արտահանել են 28.7 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն:

– Արտահանողները հաճախ բողոքում են արտադրված մթերքի որակից: Գյուղացին, ըստ Ձեզ, արտադրո՞ւմ է բավարար քանակությամբ որակյալ գյուղմթերք, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում:

– Ճիշտ է, մենք գյուղացուն խրախուսում ենք, որ շատ բերք արտադրի, բայց, միևնույն ժամանակ, պետք է հետևենք արտադրվող բերքի որակին, որը մեզ մոտ դեռևս բավարար չէ: Այս հարցն այնքան էլ կարգավորված չէ մեր երկրում, և այստեղ վերամշակող ընկերություններն են ունենում խնդիրներ: Վերամշակման են հանձնում ստանդարտներին չհամապատասխանող պտուղ-բանջարեղեն, եթե մենք ստանդարտներով առաջնորդվենք, ապա այն արտադրանքը, որն այսօր վերամշակող ընկերություններին է հանձնում գյուղացին, մեծամասամբ ստանդարտներին չի համապատասխանում:

Սակայն մենք հորդորում ենք վերամշակող ընկերություններին, որ ընդառաջեն գյուղացիներին, բերքը հետ չվերադարձնեն: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ, երբ «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը եկավ Հայաստան և կոնյակի գործարանը գնեց, գյուղացիների շրջանում մեծ դժգոհություններ առաջացան, որովհետև նրանք մեծ ուշադրություն էին դարձնում մթերվող խաղողի որակին: Վերամշակման հանձնվող խաղողի մեծ մասը չէին ընդունում:

Գյուղացին խնդիրների առաջ էր կանգնած, և Գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ վարեց տեղի ձեռնարկությունների հետ, որի արդյունքում բերքն ամբողջությամբ մթերվեց: Կոնյակի գործարանը խաղողագործներին «սովորեցրեց», որ բարձր որակի հումք է ընդունում: Գյուղացիների կողմից էլի դժգոհություններ կան, և եթե մի փոքր քանակ չի մթերվում, գյուղացիները դժգոհում են, բայց այս դեպքում էլ պետք է հասկանանք մթերող կազմակերպություններին. նրանք էլ ցանկանում են որակյալ արտադրանք տալ:

– Միգուցե գյուղացիներին պետք է տեղեկացնել, թե ի՞նչ ստանդարտներ են գործում այս կամ այն մթերող կազմակերպություններում:

– Իհարկե տեղեկացվում է: Մթերվող հումքի որակից շատ բան է կախված: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ հաճախ մեր արտադրանքը չենք կարողանում իրացնել միջազգային շուկայում: Եթե նկատել եք` արտասահմանյան բոլոր արտադրանքների վրա նշված է բաղադրությունը, նույն խնձորի հյութի դեպքում` այն խնձորի տեսակը, որից ստացվել է հյութը: Մենք դա չունենք, որովհետև մթերվող խնձորների տեսակները խառն են: Գյուղացիները նույն մեքենայի մեջ բերում են, օրինակ, խնձորի տարբեր տեսակներ, որն էլ հնարավոր չի լինում տեսակավորել:

Մենք չենք կարողանում այդ խնդիրները լուծել: Դա իր պատճառներն ունի: Մեր հողակտորները շատ փոքր են, Սովետական Միությունից եկած այգիներ կան, որտեղ միևնույն մրգի տարբեր տեսակների ծառեր են տնկված: Հիմա արդեն նոր հիմնված այգիներում գյուղացին այդ ամենը շտկում է: Նույն խնդիրն ունեն գինի արտադրող ընկերությունները: Արտադրողները չեն կարողանում իրացնել գինիները միջազգային շուկայում, բացառությամբ մի քանի տեսակների:

– Անդրադառնալով արտահանվող մթերքին, հատկապես սեղանի խաղողին, ինչո՞ւ հարևան Վրաստան մենք սեղանի խաղող այլևս իրավունք չունենք արտահանելու:

– Վրաստանն ինքը խաղողագործության երկիր է, և իրենք ստեղծել են գինու իրենց բրենդը և այն ցանկանում են տարածել ողջ աշխարհում: Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանից խաղող ներկրվի: Վերջին երկու-երեք տարիներին Վրաստան չի արտահանվել խաղող, սակայն խաղող արտահանվել է Բելառուս` 60 տոննա, Ռուսաստան` 8060 տոննա,109 տոննա էլ արտահանվել է Ուկրաինա:

– Ասում են, որ Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանի հետ, ով միշտ բարձրաձայնում էր ոլորտի խնդիրների և թերացումների մասին, այսուհետ համագործակցելու եք մորմազգի մշակաբույսերի շրջանում տարածված ցեց հիվանդության դեմ պայքարելու համար:

– Մենք յուրաքանչյուրի հետ էլ պատրաստ ենք համագործակցել, եթե դա բխում է գյուղացու շահերից: Շատ գյուղացիներ, ֆերմերներ, հ/կ-ների ներկայացուցիչներ կան, ովքեր գալիս են և առաջարկություններով են հանդես գալիս այս կամ այն խնդրին լուծում տալու համար: Հրաչյա Բերբերյանի հետ էլ, ինչո՞ւ չէ, պատրաստ ենք համագործակցել:

– Տարին ավարտվում է, կցանկանայի խոսեինք նաև գյուղատնտեսական վարկերի մասին: Գյուղացին այսօր չի կարողանում հետ վերադարձնել իր` բանկերին ունեցած պարտքը:

– Ընթացիկ տարում շարունակվել են աշխատանքները` գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներին մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին» համապատասխան` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14%) վարկեր, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորումը հասցվել է 6 տոկոսի: 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսվարողներին տրամադրվել է 25.2 մլրդ դրամի 34.6 հազ. միավոր վարկ: Վարկավորման գործընթացի 2012թ. երկրորդ փուլը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս