ՀՅԴ-ի առաջարկած օրակարգի շուրջ միասնական դիրքորոշում չի ձևավորվել
Դաշնակցությունը այս ամսվա սկզբին հայտարարել է, որ սկսում է քաղաքական քննարկումներ անցկացնել կուսակցությունների, հասարակական լայն շերտերի և մասնագիտական խմբերի հետ։ Քննարկումների ընթացքում դաշնակցականները ներկայացրեցին իրենց յոթ կետից բաղկացած օրակարգը, որում ներառել էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու, տարբեր հանձնաժողովներում ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրելու և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Ռուստամյանի փոխանցմամբ` այնպես չէ, որ բոլոր հարցերը հարթ ընդունվել են. օրինակ, կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու Դաշնակցության սկզբունքային առաջարկին դեմ է ոչ միայն իշխող Հանրապետականը, այլ բանակցություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Իսկ եթե օրակարգային այս կարևոր հարցը ընդունելի չէ ՀԱԿ-ի համար, ապա Արմեն Ոուստամյանի համոզմամբ` էական չէ, թե ով է լինելու այն անձը, որի թեկնածության շուրջ բանակցություններ կվարվեն:
«Անձերին բոլորս էլ լավ ճանաչում ենք, մոտավորապես ում մասին են ամեն մեկը մտածում, և առանձնապես որևէ մեկի նկատմամբ չունի այնպիսի 100 տոկոսանոց երաշխիք, որ նա ոտքերն ամպոտ հրեշտակի նման կգա, կփրկի հայ ժողովրդին: Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է երաշխիքներ ստանանք կոնկրետ խնդիրներ, քայլեր կատարելու ժամանակացույցով, ծրագրով, հաստատ իմանանք, որ ընտրությունն ավարտվեց, եթե մեր թեկնածուն ընտրվեց, դրանից հետո ամեն օր ինչ պետք է սպասել, որ իրականացվի», – ասել է Ռուստամյանը:
Հարցին` եթե ՀԱԿ-ը չհամաձայնի խորհրդարանական համակարգին անցում կատարելուն, բացառվո՞ւմ է, որ Դաշնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած թեկնածուին սատարի, Ռուստամյանը պատասխանել է. «Չեն համաձայնվում նաև իշխանությունները, տարբերությունը ո՞րն է: Ի՞նչ տարբերություն ո’վ չի համաձայնվում` իշխանությունները, թե՞ ընդդիմության մեջ եղած այս կամ այն քաղաքական ուժերը: Ովքեր չեն համաձայնվում, կասկած են առաջացնում, որ ուզում են օգտագործել նույն լծակները` պարզապես անունները փոխելով: Մարդկանց փոփոխություն տեղի ունենա, և հայ ժողովուրդը այդ ամեն ինչի մեջ որտե՞ղ է, անհասկանալի է»:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես Դաշնակցության ներկայացրած օրակարգային հարցերի շուրջ վերջնական կարծիք չի հայտնել: Փոխարենը այս պահի դրությամբ ԲՀԿ-ում քննարկվում է դեկտեմբերի սկզբին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ պատգամավորներից կազմված պատվիրակության Բրյուսել կատարելիք աշխատանքային այցի վերաբերյալ ծրագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Երկուշաբթի պաշտոնապես կհայտարարվի, թե այցի ընթացքում ինչ հանդիպումներ են նախատեսվում: Ենթադրվում է, որ ԲՀԿ ղեկավարը հանդիպումներ պետք է ունենա եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: