Ժերար Դեպարդյեն, իր մոտոցիկլետը և ՃՈ-ն
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 63-ամյա դերասանը ընկել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, երբ հարբած վիճակում վարելիս է եղել իր մոտոցիկլետը: Բարեբախտաբար այդ պատահարից ոչ ոք չի տուժել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպարդյեն միանգամից չի համաձայնել անցնել ալկոհոլային թեսթավորում: Սակայն ստուգումը ցույց է տվել օգտագործված ալկոհոլի թույլատրելի նորմայի գերազանցում: Դրանից հետո դերասանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է մոտակա բաժանմունք՝ ճանապարհային կանոնների խախտման հետ կապված վարչական արարողակարգով անցնելու:
Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի՝ վերջին տարիներին Դեպարդյեն պարբերաբար դառնում է անհավանական և անդուր միջադեպերի մասնակից: Օգոստոսին նա հարվածել է մի վարորդի, որն, իբր թե, խախտել էր երթևեկության կանոնները, իսկ երեք տարի առաջ նա բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ մասնավոր սեփականությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար: Այդ ժամանակ դերասանը միտումնավոր խազել էր իր մոտոցիկլետի կայանման տեղը զբաղեցրած մեքենան: