Երևանում քննարկում են «սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերության» հիմնահարցերը

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։

Համաժողովի հիմնական զեկուցող, Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն  Սալիմ Ալին ներկայացրել է հանքարդյունաբերության, որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան լինելու միջազգային փորձը, անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնք կարող է բախվել Հայաստանը՝ զարգացնելով տվյալ ոլորտը:

«Կարծում եմ, Հայաստանի համար նպատակահարմար է ստեղծել պետական հիմնադրամ, որտեղ կուղղվի հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների մի մասը՝ ապագա սերունդների համար, ինչպես անում է Նորվեգիան», – ասել է Սալիմ Ալին:

Ըստ նրա, հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների գրագետ բաշխումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կանխորոշիչ գործոններից է: «Օրինակ,  Մալայզիայում և Թայլանդում հանքարդյունաբերությունը մեծապես նպաստում է այդ երկրների տնտեսությունների զարգացմանը, սակայն Թայլանդում հասարակությանը սոցիալապես խիստ բևեռացված է, մեծ է աղքատությունը, ինչը ազգային հարստության սխալ բաշխման հետևանք է», – ասել է Սալիմ Ալին:

Իր ելույթում նա բերել է նաև հանքարդյունահանող ընկերությունների և հասարակության համագործակցության լավագույն միջազգային օրինակները:
Համաժողովին մասնակցող Ամուլսարում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Գեոթիմ ընկերության բնապահպանության հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ընկերության գործունեությունում սոցիալական պատասխանատվության բաղադրիչը, ասել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հասարակության հետ:

«Համայնքները ներգրավված են նախագծի ողջ ընթացքի մեջ: Մեզ մոտ գործում են համայնքների հետ հարաբերությունների կոմիտեներ, առնվազն ամիսը մեկ անգամ մենք հավաքվում ենք և ներկայացնում բոլոր զարգացումները մեր նախագծերի շուրջ: Լսում ենք բոլոր հարցադրումները, ու եթե տվյալ պահին պատասխան չենք ունենում, պատրաստում ենք այն հաջորդ հանդիպման համար», – ասել է Արմեն Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս