Տուժող Էդգար Նիկոյանի հարցաքննությունը շարունակվում է

«Հարսնաքարի գործով» դատական նիստի ընթացքում շարունակվում է գործով տուժող Էդգար Նիկոյանը: Պատասխանելով գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցին՝ տուժողն ասաց, որ ինքն ու իր սեղանակիցները Արզնու ձորում մոտ 2 բաժակ օղի են օգտագործել:

«Զգացի՞ք, որ ինչ-որ մեկը ձեր նկատմամբ ագրեսիվ է, երբ նոր էիք մտնում ռեստորանային համալիր»՝ հարցին Էդգար Նիկոյանը պատասխանեց, որ նման բան չի զգացել:

Էդգար Նիկոյանը նաև ասաց, որ զուտ մատուցողի  ագրեսիան էր պատճառը, որ ինքը Վահե Ավետյանի դուրս գալուց հետո դուրս եկավ համալիրի ներսից:

Ըստ տուժողի՝ նույն ագրեսիան չէր նկատվում Վահեի մոտ, քանի որ նա սրահից դուրս եկավ ժպիտը դեմքին:

«Արման Բաղդասարյանին ի նկատի ունեի, երբ ասացի Բաբլոյան»,- ասաց Էդգար Նրկոյանը (դեպքի մասին պատմելիս տուժողը նշել է, որ տուժողներից դրսում հավաքվածներից տեսել էր Գարիկին, Բաբլոյանին, Նորայրին.- Օ.Հ.):

Արթուր Բաբլոյանը, ըստ տուժողի, եղել է ավտոկայանատեղիում: «Մինչև ծեծը նա կանգնած էր խմբի մեջ, իսկ ծեծի ժամանակ ի վիճակի չեմ եղել տեսնել՝ ով ինչ գործողություններ է կատարել: «Արթուր Բաբլոյանը Ձեզ հարվածե՞լ է»՝ հարցին Էդգար Նիկոյանը պատասխանեց, որ չի տեսել իրեն հարվածողների դեմքերը:  Չի տեսել նաև՝ ովքեր են հարվածել Վահե Ավետյանին:

«Բաջանաղներ ենք (Վահե Ավետյանի հետ.- Օ.Հ»)»,- ասաց Էդգար Նիկոյանը՝ պատասխանելով Արմեն Խաչատրյանի հարցին՝ որևէ ազգակցական կապ ունի նա գործով տուժողներից որևէ մեկի հետ: «Այս պահի դրությամբ իմ պաշտպանյալի նկատմամբ բողոք ունե՞ք»՝ հարցին, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ եթե բողոք չունենայի, այստեղ նստած չէի լինի: Ես ընդհանուր իրավիճակի համար բողոք ունեմ»:

«Ես ուզում եմ հստակեցնել՝ իմ պաշտպանյալի նկատմամբ բողոք եք ներկայացնում լոկ այն պատճառով, որ նա եղել  է ավտոկայանատեղիում, և Դուք չեք տեսել նրան հարվածելիս»՝ պաշտպանի հարցին Էդգար Նիկոյանը պատասխանեց՝ այո´: Արթուր Բաբլոյանը նշեց, որ ինքը հարցեր ունի տուժողին, բայց այս պահին չի ցանկանում հնչեցնել:

Տեսանյութեր

Լրահոս