
Հանդիպում Սայաթ-Նովայի հետ

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը` «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 6-ին կանդրադառնա նաև Սայաթ-Նովային: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
«Այս տարի նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Մեծ իրադարձություն է, և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն անպայման որոշեց նշել այդ մեծ առիթը: Դեկտեմբերին մենք ունենալու ենք երկու հանդիպում արվեստի հետ, մեկը Սայաթ-Նովային նվիրված միջոցառումն է, մյուսն էլ՝ Երևանյան կոլեկցիոներների ընտրության ցուցահանդեսի փակումը»,- ասաց Լիլիթ Սոխակյանը:
Սայաթ-Նովային նվիրված երեկոյի ընթացքում կհնչեն հետաքրքիր բանախոսություններ, իրական պատմություններ, հորինված հեքիաթներ Շահեն Քեշիշյանի և այլոց մասնակցությամբ:
Ելույթ կունենա նաև Արարատյան Հայրապետական թեմի «Զանգակներ» խումբը: Նշենք, որ մուտքն ազատ է, միջոցառմանը կարող են մասնակցել բոլորը՝ նախնական գրանցմամբ: