Փոխադարձ համաձայնությամբ
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Դրանք էին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Այս հետաձգումները կատարվել են ՀԱԿ խմբակցության համաձայնությամբ:
168.am-ի հարցին, թե ինչու է ՀԱԿ խմբակցությունը համաձայնվել, որ իր առաջարների քննարկումը մեկ տարով հետաձգվի, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ միևնույն է` եթե իրենք համաձայնություն չտային էլ, մեծամասնոթյունը դեմ էր քվեարկելու, իսկ այս ձևով իրենք ցանկացած հարմար պահի, դրանք կարող են դնել քվեարկության:
Հիշեցնենք, որ հենց այս երեք փոփոխությունների համար էր ՀԱԿ-ը նախաձեռնել արտահերթ նստաշրջանի հրավիրումը, որոնք պետք է որ կանխեին ընտրակեղծիքների իրականացումը նախագահական ընտրությունների ժամանակ: