Դատարանի նախագահի հիմնական եկամուտը գյուղմթերքի իրացումի՞ց է

Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատավորները համեմատաբար բարձր վարձատրվող անձանց շարքին են պատկանում: Սակայն, դատելով 2011թ. համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները շարժական և թանկարժեք գույք չունեն: Նրանց եկամուտների հիմնական աղբյուրն աշխատավարձն ու դրան հավասարեցված գումարներն են:

Իհարկե, կան բացառություններ: Օրինակ, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նախորդ տարի ունեցել է 18 մլն 691 հազար 748 դրամի եկամուտներ: Սակայն այդ գումարից միայն 7 մլն 691 հազար 748 դրամն է գոյացել աշխատավարձից, մնացած 11 մլն դրամը, ըստ հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից է:

Ի տարբերություն իր գործընկերների, նա ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը հայտարարագրել են նաև անշարժ գույք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի եկամուտի հավելյալ աղբյուրն անհամեմատ համեստ է եղել. 129 հազար 780 դրամ` ավանդի տոկոս: Մնացած 6 մլն 366 հազար 933 դրամը` աշխատավարձ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի եկամուտները 2011թ. գոյացել են բացառապես աշխատավարձից և դրան հավասարեցված գումարներից:

Այդուհանդերձ, բոլոր վերոհիշյալ պաշտոնյաները հայտարարագրել են բավականին զգալի դրամական միջոցներ.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը 2011թ.-ի սկզբում ունեցել է 14 մլն դրամ և 104 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 15 մլն դրամ և 105 հազար ԱՄՆ դոլար: Նա նաև հայտարարագրել է հանձնված փոխառություն` 50 հազար ԱՄՆ դոլարի չափով, որը հարկային տարվա վերջում մնացել է անփոփոխ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը տարեսկզբին ունեցել է 48 մլն դրամ և 64 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 50 մլն դրամ և 64 հազար ԱՄՆ դոլար:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը տարեսկզբին ունեցել է 16,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 20 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը տարեսկզբին ունեցել է 2 մլն դրամ, տարեվերջին` 2,5 մլն դրամ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված չեն:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս