«Այսպիսի ցուցակներով մոխրամանն էլ դնի թեկնածությունը՝ կանցնի». Ստյոպա Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը,  անդրադառնալով իր նախընտրական քարոզարշավին, նախ շնորհակալություն հայտնեց նույն ընտրատարածքում առաջադրված հայտարարած` Հայաստանի կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանին` ինքնաբացարկ հայտարարելու համար, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությանը` իրեն աջակցություն հայտնելու կապակցությամբ:

Ս.Սաֆարյանը խոսեց իր գլխավոր հակառակորդ` Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից իրականացվող քայլերի մասին` նշելով, որ Ավանում կա վախի մթնոլորտ, և մարդիկ քարոզարշավի ընթացքում իրեն տեղյակ են պահել, որ մտնում են բնակիչների բնակարաններ և պահանջում անձնագրեր:

«Քարոզարշավ չենք տեսնում մյուս թեկնածուի կողմից, բանավեճի չի մասնակցում, նախընտրական հանդիպումներ անցկացվում են բացառապես պետական հիմնարկներում: Սա է պատճառը, որ այս ընտրությունները մի փոքր դժվարությամբ քաղաքական կհամարեմ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական չէ»,- ասաց նա:

Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն անդրադարձավ ընտրական ցուցակների խնդրին՝ նշելով, որ նկատելի է ընտրողների թվի միտումնավոր ուռճացման իրողությունը: Ստյոպա Սաֆարանն ասաց, որ իր նախընտրական թիմը շատ լավ աշխատանք է տարել` հայտնաբերելով, որ բազմաթիվ հասցեներում մեկ բնակարանի կամ սեփական տան վրա գրանցված են միանգամից մի քանի ընտանիքներ, որոնց թիվը հասնում է 25 և ավելիի: «Մի զարմացեք, կան հասցեներ, որոնց վրա գրանցված են 70 չափահաս մարդ»,- ասաց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղարը:

Կարդացեք նաև

Ըստ Ս.Սաֆարյանի տրամադրության տակ գտնվող ցուցակների` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, Ավանում գրանցված ընտրողների  թիվը 63814 հոգուց աճել է մոտ 2000-ով, անցնելով 65 000-ը:

«Հավատացնում եմ` (նախորդ ընտրությունների համեմատ.-Ա.Ս.) ոչ պակաս ողբերգական է այս ընտրացուցակը, որն ինձ տրամադրել է Անձնագրերի և վիզաների վարչությունը: Բարի ավետիս բոլորիդ` ընտրողների թիվը 2012 թ. մայիսի 6-ի համեմատությամբ կրկին ավելացել է մոտ 2 հազարով: Տեղամասերում ընտրողների թիվը համատարած ավելանում է, երկրում մարդ չի մեռնում, միայն ավելանում են: Սա ուղղակի զավեշտ է,- ասաց նա` ավելացնելով,- այսպիսի ցուցակներով մոխրամանն էլ դնի թեկնածությունը՝ կանցնի»:

 

Տեսանյութեր

Լրահոս