Պաշտպանը հրավիրում է բոլոր գործարարներին քննարկել հարկային փոփոխությունների փաթեթը
Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկի գծով հարկային հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումն ու վճարումը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրումը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությունը և այլ խնդիրներ:
2011 թվականի իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ և ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։
Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին և այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները և/կամ առաջարկությունները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին այս հասցեով:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանոթանալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում:
Պաշտպանի աշխատակազմ