Բաժիններ՝

Ներդրվում է շրջանառության հարկ

ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և ևս ՀՀ 15 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է գործարար միջավայրի արմատական բարելավմանը, երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկման համակարգի կատարելագործմանը, ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմանների ստեղծմանը և այլն։ «Այս հարցը բավական երկար և բուռն քննարկումների առարկա է եղել, այն մենք քննարկել ենք նաև հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդում։ Փաթեթում կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը երկար էր սպասում։ Եվ այժմ մենք կատարում ենք օրենսդրության այս արմատական փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը։ Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա։ Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Արդյունքում վերանում է 13 հաշվետվություն, ձևավորվում է պարզ համակարգ։ Սա բիզնեսի կողմից սպասված միջոցառում է։ Բազմաթիվ այլ դրույթներ ՀՀ ֆինանսների նախարար պարոն Գաբրիելյանը թվարկեց։ Անհրաժեշտ է, պարոն Գաբրիելյան, ԶԼՄ-ներին մանրակրկիտ ներկայացնել այս փաթեթը։ Տեղի են ունեցել քննարկումներ նաև Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտարկումները և առաջարկությունները նույնպես հաշվի ենք առել այս փաթեթը մշակելիս։ Չնայած դրան` համոզված եմ, որ կլինեն բուռն քննարկումներ, որովհետև այն բավական մեծ փաթեթ է, և լրջագույն փոփոխություններ են առաջարկվում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս