Ֆլորա Կլինկերսի մարգարտյա զարդերի հավաքածուն կհամալրվի
Ֆլորա Կլինկերսի՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ներկայացված հավաքածուն հայ հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, հոլանդացի արվեստագետ Ֆլորա Կլինկերսը հանրության դատին ներկայացրեց իր մարգարտյա զարդերի հավաքածուն, հուսալով, որ հայ հասարակությունը կընկալի և կընդունի իր աշխատանքը:
«Մարգարիտը համարվում է հավերժական սիրո, երջանկության զարդ: Ես երկար ժամանակ ճանապարհորդում էի: Եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, զբաղվել եմ շատ աշխատանքներով, տեսել եմ շատ հետաքրքիր վայրեր, շատ բաներ եմ փորձել, բայց այս աշխատանքն ինձ համար այլ է: Տեսնելով և ծանոթանալով բազմաթիվ մշակույթներին, մարդկանց կենցաղներին, հասկացա, որ պետք է վերադառնամ իմ հայրենիք և ստեղծեմ զարդեր հենց մարգարտից, քանի որ այն մնայուն է: Մարգարիտն այն հրաշքն է, որը սազում է բոլորին, որը ցանկալի է բոլոր կանանց համար»,- մեզ հետ զրույցում ասել էր Ֆլորա Կլինկերսը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի խոսքով, արվեստագետի հավաքածուն շուտով կհամալրվի նոր զարդերով:
«Ամանորի նախաշեմին սպասվում են զեղչեր: Մենք ամեն տարի սահմանում ենք նման ակցիաներ՝ մեզ մոտ վաճառվող բացառիկ նմուշների, իսկ այսօր արդեն՝ ներկայացված զարդերի հավաքածուի համար: Սպասվում է նաև արդեն իսկ ներկայացված զարդերի հավաքածուի համալրում: Դա կլինի գալիք տարվան ընդառաջ: Իսկ ինչ վերաբերում է մարգարտյա զարդերի հանդեպ հանրության հետաքրքրությանը, ապա նշեմ, որ այն բավական մեծ է: Հավաքածուից բավական նմուշներ արդեն վաճառվել են: Զարդերի գները տարբեր են, սկսած 10.000 դրամից»,- ասաց Լիլիթ Սոխակյանը:
Լ. Սոխակյանի փոխանցմամբ` արվեստագետն արդեն Հայաստանում չէ, սակայն նա երկրից հեռացել է տպավորված և սիրահարված Հայաստանին: Մեկնելուց առաջ Ֆլորա Կլինկերսը խոստացել է կրկին այցելել Հայաստան: