Բադենի խորքից եկել է նամակ
Երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր և միացել է եվրոպական պետություններից մեկում իրենց հանգիստն անցկացնող նախագահ Սերժ Սարգսյանին ու Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ հանդիպման նպատակն է՝ գալիք նախագահական ընտրություններից առաջ վերջնական հստակեցումների կատարումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը: Թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Պետք է արձանագրել միայն, որ անցած գրեթե երկու օրերի ընթացքում նշված երեք գործիչներից որևէ մեկի գրասենյակն այդ լուրերը հերքող հաղորդագրությամբ հանդես չեկավ: Այն դեպքում, երբ, օրինակ, նույն Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը գրեթե միշտ արձագանքում է մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում են Քոչարյանի արտերկրյա ուղևորություններին: Հերքման կամ հերքումների բացակայությունն ինքնին կարող է վկայել այն մասին, որ նշված անձանց ձեռնտու է այդ տեղեկատվության շրջանառությունը:
Անկախ նրանից՝ իրականում հանդիպե՞լ են, թե՞ ոչ եվրոպական որևէ հանգստավայրում Քոչարյանն ու Սարգսյանը` Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կամ, գուցե, միջնորդությամբ, այսօրվա Հայաստանի քաղաքական կյանքը շարժվում է այդ եռանկյունու (իհարկե, Հովիկ Աբրահամյանին միայն պայմանականորեն կարելի է առանձին կողմ համարել) սահմանած խաղի կանոններով: Անգամ, եթե Քոչարյանի և Սարգսյանի մեջ կան հակասություններ, միևնույն է` մնացածը գործում են նրանցից մեկի շահերի սպասարկման կամ բախման տիրույթում:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մի քանի իրադարձությունների հաջորդականությունն ու «բովանդակությունը» Քոչարյան-Սարգսյան հանդիպման մասին տեղեկատվությունն, այդուհանդերձ, ավելի արժանահավատ են դարձնում:
Նախ՝ շաբաթվա սկզբին մեկնարկեցին ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները, դրան հաջորդեց Քոչարյանի հայտնի հարցազրույցը, որի հասցեատերն ավելի շատ Սերժ Սարգսյանն էր, ապա Հովիկ Աբրահամյանն անսպասելի (որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ իր համար անսպասելի) մեկնեց արձակուրդ, ըստ վերը նշված հրապարակումների` հանդիպելու Սերժ Սարգսյանին:
Այսինքն` եթե ընդհանրացնենք այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանից դուրս, ապա կարելի է իրավիճակը ներկայացնել հետևյալ կերպ. արտերկրում բանակցում կամ խորհրդակցում են հայաստանյան քաղաքական դաշտի «կուրատորները», և, մինչ վերջիններս որոշում կկայացնեն, «կատարողները» խորհրդակցում են Հայաստանում: «Խորհրդակցել» արտահայտությունը տվյալ համատեքստում փոքր-ինչ չափազանցված է հնչում, քանի որ իրականում դրանցից ոչինչ կախված չէ: Որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորոշեն «կուրատորները», այսինքն` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կամ առանց նրա:
Այս դասավորության մեջ, սակայն, կա անարդարության մեծ չափաբաժին: Խոսքը հասարակության հանդեպ անարդարության մասին չէ: Քոչարյանն ու Սարգսյանը կարող էին հրավիրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին, ովքեր, մեծ հաշվով, չգիտեն անգամ ինչ ասել իրենց թիմակիցներին, քանի դեռ «առողջարանային որոշումը» կայացված չէ: Բայց Տեր-Պետրոսյանին ու Ծառուկյանին չեն հրավիրել ոչ թե նրանց ընկերակցությունից խուսափելու պատճառով, այլ՝ որովհետև Քոչարյանի ու Սարգսյանի գծած սցենարում նշված գործիչները համարվում են ոչ թե որոշում կայացնողներ, այլ դրանք իրագործողներ: Իսկ կատարողների հետ, ինչպես հայտնի է, չեն խորհրդակցում: Նրանց հանձնարարում են:
Ընդհանրապես, խորհրդակցությունների թեման, որ այդքան մոդայիկ է դարձել վերջին օրերին, քննարկվում է առավելապես ԲՀԿ-ի ու մյուս քաղաքական ուժերի հարաբերությունների նեղ պրիզմայով: Պատճառն այն է, որ իրականում այդ խորհրդակցությունների մեկնարկով վերջնականացվեց քաղաքականությունից հասարակության դուրսմղման գործընթացը: Հասարակությունը, ընտրողն այլևս որևէ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների նկատմամբ, և կուսակցություններն ավելորդ ջանքեր չեն ծախսում հասարակության հետ խորհրդակցելու համար: Ի թիվս այլ գործոնների, նաև դա է պատճառը, որ ՀԱԿ-ը այլևս հանրահավաքներ չի անցկացնում:
Այլևս ՀԱԿ առաջնորդները ո՛չ հասարակությանն ասելիք ունեն, ո՛չ էլ, առավել ևս` հասարակության կարծիքը լսելու ու հաշվի առնելու անհրաժեշտություն: Այս առումով արժե հիշել 2007 թվականը: Այն ժամանակ, հանրահավաքներ սկսելուց առաջ քաղաքականություն վերադարձող Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես քաղաքական խորհրդակցություններ անցկացրեց մնացած կուսակցությունների հետ:
Հանդիպեց անգամ այն ժամանակ՝ դեռևս գաղափարական հակառակորդ, հիմա՝ արդեն բարգավաճական զինակից ՀՅԴ-ի հետ: Իրականում 2007 թվականին ոչ այնքան Լ. Տեր-Պետրոսյանն էր խորհրդակցում մնացած քաղաքական ուժերի հետ, այլ մյուսներն էին խորհրդակցում վերադարձող նախկին նախագահի հետ, քանի որ զգում էին հասարակական համախմբման հնարավորությունը: Բայց բոլոր այդ խորհրդակցությունները ոչինչ էին՝ առանց հասարակության հետ «խորհրդակցության», որը և տեղի ունեցավ արդեն հոկտեմբեր ամսից մեկնարկած հանրահավաքներում:
Հավանաբար, անցած տարիների դառը փորձը Լևոն Տեր-Պետրոսյանին ցույց տվեց, որ պետք է «խորհրդակցել» ոչ թե հասարակության, այլ նրանց հետ, ումից այն ժամանակ ցանկանում էր փրկել հասարակությանն ու պետությունը: Այդ տեսանկյունից՝ շատ բնական ու օրինաչափ է, որ հիմա բոլոր խորհրդակցում են Գագիկ Ծառուկյանի հետ: Խորհրդակցում են, որպեսզի, ինչպես իրենք են հայտարարում, համախմբվեն որևէ թեկնածուի շուրջ: Բացառված չէ անգամ, որ դա տեղի ունենա: Սակայն դա լինելու է համախմբում՝ ընդդեմ հասարակության, և հանուն՝ ոչ թե բարգավաճող Հայաստանի, այլ «Բարգավաճ Հայաստանի»: