Մինչև 12 տարի ազատազրկում՝ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերոջը
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ կռված և վիրավորված գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին այսօր galatv.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ դատական նիստի հետաձգումից հետո:
Հիշեցնենք, որ նա կոնտուզիայով հիվանդ է և մեկ ամիս առաջ է դուրս գրվել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից: Դատարանը վիճարկում է այն հարցը, թե ազատամարտիկը հիվանդացել է կռվի դաշտո՞ւմ, թե՞ դրանից հետո:
Նա շարունակում է պնդել, որ 4 տարի շարունակ մասնակցել է արցախյան ինքնապաշտպանական մարտերին, մի շարք կոչումներ ու շքանշաններ ունի, կռվել է առաջին գծում և երկու անգամ վիրավորվել:
«Հրամանատար Մանվել Գրիգորյանը տեղյակ է, ես իրա կողքին եմ կռվել, նրան 2 անգամ նամակ եմ գրել, որ ինձ հիմա դատում են, իրա հերոսին դուշման են սարքել, նա ինձ սպայի կոչում է տվել: Բայց նամակներիս չի պատասխանում, որովհետև ձեռ չի տալիս…»,- ասել է Հ. Բաղդասարյանը:
Ազատամարտիկի համոզմամբ` նրան ոչ միայն դավաճան են սարքել, այլ նաև մուրացկան: Երկրաշարժից հետո մինչև այսօր նա ապրում է տնակում, արդեն երկու տարի զրկված է սոցիալական նպաստից, թոշակից, նաև անձնագրից:
«Որպես էս հայրենիքը պաշտպանած տղա` էս երկիրը մինչև հիմա իմ կորցրած տունն էլ չի տվել ինձ: Դատական էս գործը սարքեցին, նպաստ, թոշակ, ամեն ինչ միանգամից կտրեցին, դեղեր չեմ ստանում, ուզում են իրանց ասած «հերոսին» սպանել: Դա էլ քիչ է` դատախազ Հարություն Հարությունյանն ինձ ստիպեց, որ գումար չունենալով` փաստաբան վարձեմ: Ասաց` վարձի, որ քեզ պաշտպանի: Ես էլ պասպորտս տարել, զալոկ եմ դրել, փաստաբան եմ բերել, բայց փաստաբանի խոսքերն էսօր հաշվի չեն առնում: Ես ազատամարտիկ էի հմիկվա դրությամբ ոչ միայն հանցագործ սարքին, այլ նաև մուրացկան»,- ասել է Հովհաննես Բաղդասարյանը:
Ազատամարտիկը ասել է՝ լսել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթը` ուղղված իրավապահ համակարգին. «Նյուժելի չի տեսնի` ինչ կկատարվի: Ես ՀՀԿ անդամ եմ, էս անտեր կրծքանշանը զարկեմ՝ կուգամ դատարան, շան տեղ դնող էլ չկա»:
Հավելենք, որ ազատամարտիկը երկար ժամանակ բուժում է ստացել «Սթրես» կենտրոնում, սակայն բժշկական այդ փաստաթղթերն էլ բավարար չեն, որ դատարանում նրան արդարացնեն:
«Ես որ գնացի հայրենիքի համար կռվա, իմ մարտական ուղին կտրորեն, ես տուն չունի, ձենս չի ելել, իրանք ինձ տուն տալու տեղը գաղութ կուղարկեն: Ես պտի ոչ թե դոմիկներում մնայի, այլ էրթայի Երևան ու ՀՀԿ-ի գրասենյակը քնեի, ընդեղից ապաստան պտի պահանջեի… 4 տարի կռվել եմ, 12 տարի էլ կնստիմ… իմ բնակարանս, որ չեն սարքել հըլը, գաղութ գնալուց առաջ՝ կտակելու եմ Հայաստանի իշխանություններին»: