Բաժիններ՝

Եզդիները նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

«Սինջար» եզդիական հասարակական կազմակերպությունը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Օրեր առաջ եզդիական հասարակական կազմակերպությունները համախմբվել էին հայկական դպրոցներում՝ եզդի երեխաներին քրդերենի փոխարեն եզդիերեն դասավանդելու գաղափարի շուրջ:

Նույնիսկ «Սինջար» հ/կ-ն՝ Բորիս Մուրազիի  ղեկավարությամբ, և Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը մի կողմ էին դրել իրենց՝ եզդի համայնքի ներսում ունեցած տարակարծությունները և բողոքում էին կատարվելիքի դեմ:

Հիշեցնենք, որ Ազիզ Թամոյանը գրել էր 1-4-րդ դասարանի եզդիերեն դասագրքեր եզդի երեխաների համար, որոնք, սակայն, ուսումնական ծրագրում տեղ չէին գտել: Փոխարենը՝ դասավանդվում էր քրդերեն լեզուն, որն, ըստ  եզդիական հասարակական կազմակերպությունների՝ ոչ մի առնչություն չունի քրդերենի հետ:

Եզդի առաջնորդները կարծում են, որ այս քայլը քրդական ձեռագիր ունի և միտված է եզդիներին քրդացնելուն: Այս իրավիճակը հաշվի առնելով՝ «Սինջար» հ/կ-ն և իր համախոհները համախմբվել և դիմում-նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում նշվում է.

«Մենք անհանգստությամբ տեղեկացանք, որ այն դպրոցներում, որտեղ ժամանակին դասավանդվում էր եզդիերեն, այժմ փորձ է արվում կամ արդեն դասավանդվում է քրդերեն: Այն, որ եզդիերենն ու քրդերի մի մասի խոսակցական լեզուն նման են, կարծում ենք, առիթ չէ դպրոցներից դուրս թողնել եզդիերեն լեզուն և դասագրքերը, որտեղ նաև պատմվում է եզդի հերոսների մասին: Հայաստանի Հանրապետությունը մենք միշտ դիտարկել ենք որպես մեր երկրորդ հայրենիք, և այս երկրի համար մեռնելն անգամ մեզ համար պատիվ է համարվում:

Եզդիների գոյության համար աշխարհում միակ անվտանգ տեղն է Հայաստանը, իսկ այլ երկրներում, մասնավորապես մեր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսում, մենք ֆիզիկապես ենք ոչնչացվում: Եզդի երեխաներին քրդերենով (կորմանջի) դասավանդելը կլինի արդեն ոչ ֆիզիկական ոչնչացում (քրդացում), և այս դեպքում Հայաստանն էլ անվտանգ չի լինի եզդի ժողովրդի համար: Ոզում ենք հիշեցնել, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում է 1500 քուրդ և մոտ 50 000 եզդի:

Իրադարձություններից առաջ չընկնելով՝ գնահատական չենք տալիս Կրթության նախարարության նման նախաձեռնությանը: Սակայն, խնդրում ենք, մի պահ պատկերացրեք, թե ինչ քայլերի կգնային, օրինակ, ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները, եթե հայ մանուկներին դասավանդեին ադրբեջաներեն: Կարծում ենք՝ մեր մտահոգությունը Ձեզ ընկալելի կլինի, և դուք համապատասխան քայլեր կձեռնարկեք խնդիրը կարգավորելու համար»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս