Բաժիններ՝

Նամակ Հրաչօյին

Սիրելի ու սիրելի Հրաչօ ջան (այսօր կարող եմ քեզ այսպես դիմել).
Դու մեր օրերի պատմիչն ես, աշխարհի չորս ծագերում ապրող հայության, հայի պաշտպանն ու ընկերը։ Հերոսներիցդ մեկի դիպուկ բնորոշմամբ՝ խելքագիր կոչվող ճակատագիրը քեզ՝ Հային, լոռեցի Հային բաժին է հանել մեր պատմության ամենահակասական շրջաններից մեկում ապրելու, արարելու բացառիկ բախտ, որ դառնաս անցյալ ու նոր հազարամյակների հոգևոր կապը։ Սա չափ ու չափանիշ, սրանց հետ շատ լավ բաներ կորցրած մեր օրերում մարդու և մարդկայինի փրկության ձևերից է։

Դու մեր խառն ու խառնակ ժամանակների կենդանի խիղճն ես, քաղաքացիական զգոնությունը, մեր՝ տուն, որը քեզ համար առաջին հերթին Հող ու Հայրենիք է, ունենալու անթաքույց հրճվանքն ամեն առիթով վերահաստատողը։ Երբեմն-երբեմն խռովում ես, կասկածում, կարճ մի հատված լռում, բայց երբեք չես դավաճանում ինքդ քեզ, չես հարմարվում ժամանակին ու մարդկանց, որովհետև ապրում ու արարում ես` հանուն Վաղվա։

Հրաչօ ջան, դու երջանիկ մարդ ես. ինչպես դու ես գրում, ոտնիծոց մեծացել ես եղբայրներիդ հետ, ապրել հողից ազնվական շունչ ու ոգի ստացած ծնողներիդ շուքի տակ, և այս հեքիաթային մանկությունը հեռու հեռվից իմաստավորվում է քեզ տարեկից շաքարկենի խնձորենու շքեղ տեսքով, առատ բերքով։ Դու գտել ես Լոռու սար ու ձորում երկինք, բարբառ կարդալու հրաշքի գաղտնիքը և պարբերաբար լիցքավորվում ես մանկության շնչով ապրող լեռնաշխարհով։

«Հայրենի հողից ոչ թե հագենալ, այլ հենց կշտանալ չկա»,- սա է քո դավանանքը։ Ամեն մեկս հայրենի հողին ծառայելու իր ձևն ունի, բայց բոլորիս համար ընդհանուրը մեկն է՝ տնից չպիտի կտրվենք, որպեսզի չկորցնենք Հայրենիք ու Հող։

«Էս երկիրը մերն է, բայց մենք մեր երկրի՞նն ենք»,- հարցնում ես և պատասխանը փնտրում հողից խռով մեր կեցվածքի մեջ։ Առողջ միտք, հող, տուն, ժողովուրդ, երկիր ունենալու համար կոչ ես անում վերադառնալ ակունքների ակունքին՝ մեծատառով գրվող Սիրուն, մենակ ու լքված անհատներից դառնալ համախումբ, արու հիշողություն ունեցող ժողովուրդ։ Երկիրը, Հողը չեն սիրում կասկածողներին, ուրեմն՝ ամեն ինչ տանող ու ներող հանրությունից պիտի դառնանք Հողի տեր։

Դրա համար «հազար տարափոխիկ հիվանդություններից» հետո պիտի հաղթահարենք «կուսակցականության անբուժելի հիվանդությունը, որ փոխարինում է ամեն մի թաթարի, մոնղոլի, թուրքի»։
Հանուն ապագայի՝ լավ պիտի սերտենք քո սահմանած ճշմարտությունը՝ սա մեր անուշ աշխարհն է, որն ապրում է Աստվածային Սիրո օրենքներով։ Այդ Սերը դրված է «մեր հողի ու մեր սրտի շուրթերին։ Մենք մեր սերն ենք»։

Հրաչօ ջան, քո երազանքն է, որ մեր երկիրը կոչվի Սիրո երկիր, որտեղ գրողն անպայման կգտնի իր անդավաճան ընթերցողին, և Հող-Երկինք-Լեզու-Գիրք շղթան կլինի անբաժան։ Մաղթում եմ, որ Հայի, գրողի, քաղաքացու այս երազանքդ շուտով իրագործված տեսնես, ու մեր կյանքը դառնանալու ոչ մի առիթ չտա քեզ։ Հավատա՝ սքանչելի է քեզ պես բարեկամ, ընկեր ունենալը. բառը, տողը, հեռախոսազանգը (մանավանդ՝ նոր տարվա առաջին վայրկյաններին), պատահական հանդիպումն իմաստավորում են օրս, գոյությունս։ Տոհմիկ ասպետական կեցվածքով հաճախ ես համբուրել ձեռքս։ Միշտ հուզվել եմ ու ամաչել։ Հրաչօ ջան, թույլ տուր այսօր խոնարհվել ու համբուրել նախ՝ արարող ձեռքդ, հետո՝ թուշիկդ։

Քեզ միշտ սիրող ու հարգող՝ ՄԱՐԳԱՐԻՏ
(ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
բանասիրական գիտությունների դոկտոր)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս