Բաժիններ՝

Հարուստները հարստանում են, աղքատները` աղքատանում

Թոշակառուների բաց նամակը իշխանություններին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ կառավարությանը

Հարգելի պարոնայք
Բոլորիդ քաջ հայտնի է, որ տարեցտարի մեծ տոկոսներով բարձրանում են բոլոր տեսակի սննդամթերքների գները և կոմունալ ծառայությունների սակագները։ Դրա հետ մեկտեղ` մեզ զարմացնում է վերադաս պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքը հանրապետության կես միլիոնից ավելի թոշակառուների նկատմամբ։ Այն դեպքում, երբ նրանց հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ։

Եթե չեք ուզում որոշ չափով ապահովել այդ վաստակաշատ մարդկանց վիճակը, գոնե ամեն տարի փոխհատուցեք գնաճը։

Զարմանալի է նաև այն, որ «Իրավունք» թերթում 2013թ. բյուջեի մասին իր հարցազրույցում խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշում է. «Սոցիալական ապահովության բնագավառում նույնիսկ հատկացումների նվազում կա, այն պարագայում, երբ, ասենք, թոշակների որևէ նվազում չկա»։

Հարգելի թոշակառուներ, մնում է շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը և Ազգային ժողովին, որ ֆիզիոլոգիական մինիմալ նորմայով նախատեսված 53.000 դրամից նույնիսկ 25-30 տոկոս պակաս նշանակված թոշակները չեն պակասեցնում։
Լավ է, որ վերջին ժամանակներս, բյուջետային միջոցներով չարաշահումների, թալանի մասին խոսվում է պետական ամենաբարձր ատյաններից, մատնանշելով մի շարք կոնկրետ ոլորտներ` առողջապահություն, շինարարություն, պետգնումներին հատկացվող այլ գումարներ, և այլն։

Վատ է, երբ բյուջետային համատարած թալանին մասնակցած նախարարությունները և տարբեր կազմակերպությունները 2013թ. բյուջեով ստանալու են ոչ թե պակաս, այլ ավելի գումարներ, իսկ սոցիալական ապահովության համար հատկացվող գումարները պակասել են։

Եթե չընդունենք հեղինակավոր միջազգային կառույցների տվյալները, որ Հայաստանի տնտեսության 51.7 տոկոսն է գտնվում ստվերում, այլ ընդունենք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած 30-35 տոկոսը, նույնիսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կորցնում է հարյուրավոր միլիարդ դրամներ։

Համատարած թալանի, կաշառակերության, կոռուպցիայի վերացման, ինչպես նաև` տարբեր հանցագործությունների դեմ գործադիր և օրենսդիր օրգանների օբյեկտիվ պայքարի պայմաններում միայն կարելի է ունենալ զարգացած, ժողովրդավարական հասարակություն։ Ցավոք սրտի, պետք է նշել, որ մեր բնակչության 50 տոկոսից ավելին գտնվում է աղքատության մեջ, բայց հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատներն` ավելի աղքատանում։

Թոշակառուների հայկական միավորման վարչության նախագահ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գործադիր տնօրեն ` Վ.ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս