Մարդատյացության դեմ պայքարին նվիրված համաժողով Բուդապեշտում
Նոյեմբերի 27-ին Բուդապեշտում կմեկնարկի մարդատյացության դեմ պայքարին նվիրված երկօրյա համաժողովը: Հիմնական զեկուցողը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն է: Այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքէջը:
Համաժողովի նպատակն է ուսումնասիրել ժամանակակից Եվրոպայում, հատկապես` համացանցում, մարդատյացության բնույթն ու մասշտաբները, քննարկել անհանդուրժողականության դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության տարբեր ուղիներ:
Իրենց տեսակետները կներկայացնեն մասնագետներ, համացանցում մարդատյացության դեմ պայքարող ակտիվիստների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, այդ թվում` «Amnesty International»-ի, «Human Rights Watch»-ի և Կիբեռատելության դեմ միջազգային ցանցի ներկայացուցիչներ: Ելույթ կունենան նաև «Facebook»-ի եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավարը, ՄԱԿ-ի, Հիմնական իրավունքների գծով Եվրամիության գործակալության, ԶԼՄ-ների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին կնախորդի մարդատյացության դեմ պայքարին նվիրված սեմինար` երիտասարդ բլոգերների մասնակցությամբ: