Հայտարարություն՝ նախախորհրդարանի ստեղծման մասին (տեսանյութ)

Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման համակարգային ճգնաժամ, փաստելով, որ օրեցօր խորացող այդ ճգնաժամը մասնավորապես արտահայտվում է.

ա. հասարակությանը` իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի  պարտադրմամբ,

բ. կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բևեռացմամբ,

գ. դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ,

դ. բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգերի և կենսաբազմազանու-թյան  ոչնչացմամբ,

ե. մշակութային ժառանգության փոշիացմամբ,

զ. օտար ուժերից օրեցօր ավելացող կախյալությամբ,

գիտակցելով, որ նշված համակարգային ճգնաժամը հանգեցնում է ապագայի նկատմամբ համատարած հուսահատության, որի հետևանքով սպառնալի չափերի հասնող արտագաղթը ռեալ վտանգ է առաջացնում ոչ միայն պետականության, այլև հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար,

գտնելով, որ համակարգային ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն առկա քաղաքական և կառավարման համակարգերի արմատական վերաիմաստավորման և վերափոխման պարագայում,

համոզված լինելով, որ նման իրավիճակում անթույլատրելի է հասարակության առավել կենսունակ և կարող ուժերը ներկայացնող դիմադրական քաղաքացիական շարժումների համախմբման ուշացումը,

հիմք ընդունելով մարդկային և ազգային արժանապատվությանը, ազատությանն ու արդարությանը տեր կանգնելու բնական իրավունքը և նրա իրացմանն ուղղված քայլերի օրինականությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու՝ համընդհանուր ճանաչում ստացած և սահմանադրորեն ամրագրված իրավական պահանջը,

կարևորելով  հայ ժողովրդի պատմական ընթացքի ճակատագրական պահերին նրան զորաշարժի վիճակի բերելու գործում առաջամարտիկ կամավորության վճռորոշ դերը,

հանձն ենք առնում նախաձեռնել Ազհային նպատակների և խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց:

Այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային ժողով, իրեն հռչակում է Նախախորհրդարան:

Նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով Հիմնադիր խորհրդարանի ձևավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը և, որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը:

Նախախորհրդարանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և արտերկրի հայությանը՝ պահի կարևորության գիտակցությամբ տեր կանգնելու իրենց մարդկային, ազգային ու պետական արժանապատվությանը, ազատությանը և արդարությանը, մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների ու հայ ժողովրդի շահերին ծառայեցնելու գործին և զորավիգ լինելու նշված քաղաքական գործընթացին:

Աբրահամյան Էմիլ, նկարիչ
Ալավերդյան Լարիսա, իրավապաշտպան
Ալեքսանյան Ժաննա, լրագրող, իրավապաշտպան
Ավագյան Մարիամ, կենսաֆիզիկոս
Արշակյան Մհեր, իրավաբան
Բալյան Վարդան, երաժիշտ, գործարար
Բոյաջյան Արտաշես, ազգագրագետ, Գյումրու «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ
Գիլանց Գևորգ, բանաստեղծ, թարգմանիչ
Դռնոյան Լևոն, բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս
Եղնուկյան Կարո, իրավաբան, գործարար
Զարոբյան Նիկիտա, սիստեմային վերլուծաբան
Զոհրաբյան Ապրես, հասարակական ակտիվիստ
Էվոյան Հասմիկ, տնտեսագետ, բնապահպան ակտիվիստ
Խառատյան Հրանուշ, ազգագրագետ
Խզմալյան Տիգրան, կինոռեժիսոր
Կարապետյան Հարություն, ֆիզիկոս
Հակոբյան Վարդան, դիրիժոր
Ղազարյան Արթուր, ծրագրավորող, մաթեմատիկոս
Ղափլանյան Իրինա, քաղաքագետ
Մելքոնյան Սուսաննա, բնաբույժ, գործարար
Մկրտչյան Բաբկեն, գործարար կառավարման խորհրդատու
Մնեյան Լալա, ՀՀ ժողովրդական վարպետ
Ներսիսյան Արմեն, աշխարհագրագետ, Գյումրու «Ազգային Արժեք» ակումբ
Ներսիսյան Եղիա, լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ
Չիլինգարյան Խաչիկ, ճարտարագետ
Չուգասզյան Գարեգին, սիստեմային վերլուծաբան
Պետրոսյան Վարդգես, մաթեմատիկոս, դիզայներ, բնապահպան ակտիվիստ
Սիմոնյան Սյուզան, թարգմանիչ-խմբագիր
Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս
15.11.2012 թ.

 

Տեսանյութեր

Լրահոս