Գաղափարը՝ ԲՀԿ-ից, տեխնիկական սպասարկումը՝ ՀԱԿ-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի համագործակցությունն ամեն օր նորանոր դրսևորումներ է ստանում և տեսական հարթությունից անցնում է գորնծնականի:

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 11:15-ին ՀԱԿ խմբակցությունն ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար համապատասխան ձևաթուղթ է վերցրել:

Նա ասել է, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կոնսուլտացիաների արդյունքում իրենք եկել են այն որոշման, որ անհրաժեշտ է մինչև ընտրությունները մի շարք փոփոխություններ կատարել Ընտրական և Քրեական օրենսգրքերում, որոնք ավելի խիստ պատիժ կսահմանեն ընտրակեղծարարների համար: Թե ինչ կլինի այս նախաձեռնության հետ, պարզ կլինի վաղը. եթե մինչև ժամը 11:15 հավաքվեն անհրաժեշտ` թվով 44 ստորագրությունները, ապա, ինչպես տեղեկացրել է Լ. Զուրաբյանը, արտահերթ նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Սակայն տվյալ դեպքում՝ կարևոր են ոչ այնքան տեխնիկական դետալները (ի վերջո, 4 խմբակցություններով հեշտությամբ կարող են այդքան ստորագրություններ հավաքել, սակայն ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ կարող է տապալել նստաշրջանը), որքան բուն փաստը: Ի՞նչ տեղի ունեցավ վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

ԲՀԿ-ն հանդես եկավ հայտնի նախաձեռնությամբ, դրան գրեթե անմիջապես արձագանքեց ՀԱԿ-ը, վերջիններիս ներկայացուցիչները հանդիպեցին և անասելի գոհունակություն արտահայտեցին հանդիպման վերաբերյալ, ինչին հետևեց այսօրվա` արդեն ՀԱԿ-ի նախաձեռնությունը: Այսինքն` առնվազն այս փուլում, ԲՀԿ-ն հանդես է գալիս՝ որպես «գաղափարական առաջամարտիկ», ՀԱԿ-ը` որպես իրագործող: Այսինքն` ՀԱԿ-ը, կամա թե ակամա, դառնում է ԲՀԿ-ի նախաձեռնությունների նաև տեխնիկական սպասարկողներից մեկը:

Ընդ որում, տվյալ դեպքում այնքան էլ էական չէ` Ընտրական ու Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կկատարվե՞ն, թե՞ ոչ: Կրկնում ենք, էականը բուն փաստն է, այն, որ ԲՀԿ-ի «համախմբումը» շարունակվում է նաև ՀԱԿ-ի ջանքերով: Այսինքն` տվյալ դեպքում կարևոր է հարցը` թե հատկապես ո՞ւմ համար են տեղի ունենում այդ նախաձեռնությունները, ի վերջո, այսօր «խորհրդակցող» ուժերից ո՞ր մեկին են ծառայելու դրանք:

ԲՀԿ-ական լրատվամիջոցներով, օրինակ, երեկ հրապարակվեցին հերթական սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝  որպես նախագահի թեկնածու՝ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է` մոտ 40 տոկոս վարկանիշով, նրան հաջորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը` ավելի քան երկու անգամ պակաս ձայներով, իսկ երրորդ տեղում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այսինքն` ԲՀԿ-ն չի թաքցնում, որ անկախ  «խորհրդակցությունների» արդյունքից՝ իրենք որևէ այլ ուժի չեն սատարելու:

ՀԱԿ-ը և մյուս ուժերը որևէ կերպ չեն արձագանքում նման հրապարակումներին և շարունակում են խորհրդակցել ու հանդես գալ նախաձեռնություններով:

Անկախ նրանից, թե ինչ շարունակություն կունենան այս «խորհրդակցությունները», ԲՀԿ-ին հաջողվել է ընդդիմադիր համարվող բոլոր ուժերին ներառել իր ուղեծրում: Իհարկե, այդ ուժերի մի մասն ինչ-որ պահից կարող են հակառակ դիրքորոշում որդեգրել (բացառված չէ` իշխանության հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում նաև), հեռանալ ԲՀԿ-ական պլատֆորմից: Սակայն այդ դեպքում նրանք որակվելու են՝ որպես իշխանության սպասարկուներ:

ԲՀԿ-ին գրեթե հաջողվել է ստեղծել պլատֆորմ, որից հեռացողը կարող է որակվել՝ որպես դավաճան: Այդ, ինչպես և շատ այլ հարցերում նրան կօգնի ՀԱԿ-ը, ով մասնագիտացել է մարդկանց դավաճան որակելու հարցում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս