«Ընդդիմությունն, ըստ իս, պետք է ներկայանա մինիմում հինգից տասը գլխով»

Միասնական թեկնածուի գաղափարը կատարյալ ապուշություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Ընտրությունը պետք է կատարվի բնական ճանապարհով: Մեկ անձի շուրջը տապալել ընդդիմադիր ճամբարի միաբանությունը` կատարյալ քաղաքական ապուշություն է: Ընդդիմությունն, ըստ իս, պետք է ներկայանա մինիմում հինգից տասը գլխով, որպեսզի ամեն դեպքում կարողանանք պոկել, կորզել երկրորդ փուլը: Հակառակ դեպքում՝ առաջին իսկ փուլից նախագահը կվերընտրվի»,- նշեց նա՝ հավելով, որ չի տեսնում նաև քաղաքական այն գործչին, որ կմիավորի ընդդիմադիր դաշտը:

Ընդդիմության համար Դավիթ Հակոբյանն առաջարկում է հետևյալ կարգախոս՝ «единство нации превыше всего, нация одна, неразделима, как историко-биологическая категория», որի շուրջ էլ, ըստ նրա, կհամախմբվի ժողովուրդը:

Դավիթ Հակոբյանն առաջարկում է նաև կազմել ընդդիմադիր միասնական շտաբ, ճամբար, քաղաքական նոր մշակույթ, որտեղ բոլորը հանդես են գալիս մեկ հանրահավաքով:

«Իշխանափոխությունը պատմական անհրաժեշտություն է՝ նոր տնտեսական քաղաքականության և տենտեսական մեքենայի ձևավորման համար: Բայց իշխանափոխության կայացման համար առաջին հերթին պետք է, որ վերևներում՝ բարձր դռների հետևում թաքնված պարոնայք, այլևս չկառավարեն երկիրը նույն ձևով, քանի որ ներքևներում այլևս հին եղանակով կառավարվել չեն ուզում»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին ԲՀԿ առաջարկին,  ապա Դավիթ Հակոբյանի խոսքով, դա ամենահանցավոր համակարգն է, որի արդյունքում «անհայտությունից քաղաքական թատերաբեմ են հայտնվում անդրշիրիմյան պատգամավորները՝ առանց անգամ ժողովրդին բարևելու»:

Նաև հավելեց. «Առաջարկում եմ 21-րդ դարի սկզբունքորեն նոր ընտրական իրավունքը, որն անվանում եմ մարքսիստական տարբերակ.  համամասնական ցուցակներով մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգին կարելի է անցնել միայն նոր կուսակցական ռեֆորմ ստեղծելուց հետո: Իսկ այսօր յուրաքանչյուր կուսակցապետ առուծախի մեջ է իր պատգամավորի հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս