Դժվար է գտնել միասնական թեկնածու, երբ ուժերի օրակարգերը տարբեր են
Դժվար է գտնել ընդդիմության միասնական թեկնածու, երբ օրակարգերը տարբեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Չեմ կարծում, որ մեր ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնանա միասնական թեկնածուի վրա: Դժվար է գտնել միասնական թեկնածու, երբ ուժերի օրակարգերը տարբեր են: Սա բավականին բարդացնում է տվյալ թեկնածուի ի հայտ գալու գործընթացին: Չգիտեմ՝ ինչպիսի՞ պահանջներ, հրապարակային պայմանավորվածություններ պետք է իրականացվեն, որ հնարավոր լինի հանդես գալ միասնական թեկնածուի շուրջ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Սակայն, ըստ նրա, քաղաքացիների համար հեշտ կլինի կողմնորոշվել հենց միասնական թեկնածուի պարագայում՝ միաժամանակ նվազեցնելով ընտրողի այլընտրանքը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ որևէ փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը հանի իր թեկնածությունը՝ հօգուտ միասնական թեկնածուի, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե ինքը չի կարող ավելացնել ավելին, քան ասել է հենց ինքը՝ Րաֆֆի Հովհաննսիյանը:
«Նա արդեն հայտարարել է, որ ունի առաջադրվելու ցանկություն, կուսակցականները մեծ ցանկություն ունեն՝ տեսնելու պարոն Հովհաննիսյանին որպես նախագահի թեկնածու, մնացած ֆորսմաժորների պարագայում պարզ կլինի նրա քայլերի արդյունքում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի հավանական առաջադրմանը, ապա Արմեն Մարտիորսյանն ասաց, թե այս հարցին ավելի ճիշտ կպատասխանեն հենց ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:
«Որքան տեղեկացա մամուլից, ՀԱԿ համակարգողը չէր բացառում, որ կարող են ունենալ միասնական թեկնածու, ուստի ես ինքս, կարծում եմ, որ իրավուքն չունեմ բացառելու»,- մասնավորեցրեց նա: